ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ «ՑԱՎԱԿՑԱԳԻՐԸ»
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Էրդողանը «դեպքերը» ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվել Թուրքիայի գրադարաններից, որտեղ պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունը իրագործողները հայերն են և ոչ թե թուրքերը: Փորձենք տարբաղադրել Էրդողանի հայտարարությունում տեղ գտած մտքերը: Ա.- Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահը օգտագործել է «1915-ի դեպքեր» ձևը: Բ.- Քննադատել է իր նախորդների դասական ուրացման ռազմավարությունը: Գ.- Հստակ է դարձրել, որ իր պետությունը առանձնահատուկ եղանակով պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հարցերով: Դ.- Թուրք գիտնականներին կոչ է ուղղել ուսումնասիրել 1915-ի դեպքերը: Ե.- Կանխել է այդ ուսումնասիրությունների արդյունքը` հայերը գործադրել են թուրքերի «ցեղասպանությունը»: Հինգ կետերն էլ հիմնական նորություն չեն բերում Անկարայի ժխտողական քաղաքականության դրսևորումների ընդհանուր հոլովույթին: «1915-ի դեպքեր» ձևը վաղուց է օգտագործվում ժխտողականության բառապաշարում և առանց ուղղակի հայտարարելու, ուրացման դասական մոտեցումը արդեն իսկ ենթարկվել էր մարտավարական հիմնական փոփոխության: Չխոսելու փոխարեն ավելի համարձակ մարտահրավեր նետել ուսումնասիրողներին և մինչև իսկ պաշտոնական առաջարկներ կատարել հայ և թուրք պատմաբանների միացյալ հանձնախումբ ստեղծելու` քննարկումների անժամկետ գործընթաց սկսելու և այդպիսով ճանաչման արշավը խոչընդոտելու: Վերջին կետը ևս մինչև այժմ տարբեր մակարդակների վրա օգտագործված հակազդեցություն էր: Սակայն եթե պահենք իրադրությունների քաղաքական տրամաբանության հետևողականությունը, կարող ենք հանգիստ ընդգծել հիմնական հակասությունները: Դեռևս երեկ էր, որ իր վարչապետության վերջին շրջանում Էրդողանը խոսում էր ընդհանուր ցավի մասին, ընդհանուր զոհերին ցավակցություն էր հայտնում և նշում, որ իրենք գիտակցում էին, որ ապրիլի 24-ը հայության համար ամբողջ աշխարհում կարևորություն ներկայացնող օր է: Հիմա Թուրքիայի նախագահը ակունքների վերադարձ է կատարում: Հայերը գործադրել են թուրքերի «ցեղասպանություն»: Պետք է վերաշարադրել նշանավոր ցավակցագիրը և այն հասցեագրել միայն թուրքերին... որոնք զոհ գնացին հայերի կողմից գործադրված ցեղասպանությանը: Սա հակասում է միայն ցավակցագրով դրսևորված մարտավարությանը. կա ավելին: Անկարան երկար ժամանակից ի վեր միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ իբրև հարցի լուծման համար առաջարկ կատարող և հայկական կողմից համապատասխան ընդառաջում չստացող կողմ: Խոսքը վերաբերում է պատմաբանների միացյալ հանձնախմբի ստեղծման հանգերգին: ![]() Թավշյա ժխտողականության մոտեցումը այն է, որ փոխանակ ասելու, որ ցեղասպանություն եղել է, թե չի եղել, հարցը իրավական և քաղաքական դաշտից տեղափոխենք պատմագիտական դաշտ և սկսենք անվերջանալի ուսումնասիրությունների, փաստարկ-հակափաստարկ ունայն շրջագծի (vicious circle) մեջ դառնալու խաղին: Էրդողանը գուցե չի անդրադարձել, որ այս խաղը ի՛նքն է ավարտում այս ձևով: Կանխվել է եզրակացությունը: Ցեղասպանություն եղել է, այո՛, սակայն շրջված ձևով, ըստ իհարկե, Թուրքիայի նախագահի: Պետական բարձրագույն գործիչն իր ազգակից գիտնականներին պատվիրում է այդ եզրահանգումը: Հիմա հայկական կողմը հանգիստ կարող է շրջել միացյալ հանձնախմբի ծուղակը: Եթե կանխաեզրակացվել է հարցը, ի՞նչ պիտի քննարկել: Սրանով էլ դեռևս չի ավարտվում Էրդողանի առաջ քաշած թեզը: Անտեսանելի 7- կետ կա. Անկարան 100-ամյակի գործողությունները ուզում պահել 1915-ի դեպքերի բնութագրման ոլորապտույտում, հատուցման և պահանջատիրության դաշտից հեռացնելու համար աշխատանքները և նախաձեռնություն-հակազդեցություն պարանաձգության խաղի մեջ ներքաշել հայկական կողմը: Որը թվում է, թե այլևս չի ուզում մասնակցել այդ խաղին: Պետական և հասարակական մակարդակներով մենք անցել ենք արդեն հատուցման իրավական թղթածրարի պատրաստությանը: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1738 reads | 21.10.2014
| |