ԻՐԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ
Հունիսի 14-ին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Երկրի պատմության ընթացքում սա 12-րդ նախագահական ընտրությունն է: 1979 թվականին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Իրանում տապալվեց միապետական վարչակարգը, երկրում հաստատվեց վելայաթ-է-ֆակիհի համակարգը, որով երկրում գերագույն իշխանությունը պատկանում է հոգեւոր առաջնորդին: Բարձրագույն պաշտոնում հաստատվելուց հետո Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնին ի վերջո համաձայնվեց նախագահի պաշտոնի ստեղծմանը՝ նշելով, որ դա չի հակասում շիականության սկզբունքներին: ![]() Առհասարակ, Իրանում քաղաքական կուսակցությունները գործունեության համար պետք է ստանան բարձրագույն իշխանության հավանությունը: Իսլամական Հանրապետությունում կուսակցությունները բաժանված են երկու խմբի՝ ռեֆորմիստներ եւ պահպանողականներ: Իրանում նախագահական առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1980թ հունվարի 25-ին. հաղթել է իմամ Խոմեյնիի հոգեզավակ Աբուլհասան Բանիսադրը: Սակայն հետագայում հոգեւորականության դեմ գնալու պատճառով նա ճնշումների է ենթարկվել, որի պատճառով ստիպված է եղել փախչել երկրից եւ հաստատվել Փարիզում: 1981թ հուլիսի 24-ին կայացան 2-րդ ընտրությունները, որտեղ հաղթանակ տարավ վարչապետ Մուհամմադ Ալի Ռաջաին: Սակայն նրան էլ բախտ չէր վիճակված նախագահելու մինչեւ ժամկետի ավարտը: Օգոստոսի 30-ին նա զոհվեց Մոջահեդին-է-Իսլամ խմբավորման իրականացրած ահաբեկչության հետեւանքով: Նույն թվականի հոկտեմբերի 2-ին կայացան 3-րդ ընտրությունները, որտեղ հաղթեց հոգեւորական Ալի Խամենեին: Վերջինս նախագահեց 2 ժամկետ (1981-1985, 1985-1989)՝ մինչեւ 1989 թվականը: 80-ականներն Իրանի կյանքում աչքի ընկան Իրաքի դեմ 8-ամյա պատերազմով, իսլամական հեղափոխությունը հարեւան երկրներ արտահանելու փորձերով, Արեւմուտքի հետ կոշտ առճակատմամբ: 1989թ մահացավ առաջնորդը՝ Խոմեյնին, ավարտվեց նաեւ Խամենեիի նախագահության ժամկետը: Խամենեին ընտրվեց երկրի գերագույն առաջնորդ, իսկ 1989թ հուլիսի 28-ին նախագահ ընտրվեց հոգեւորականության ներկայացուցիչ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: ![]() Ռաֆսանջանին նույնպես 2 ժամկետ նախագահեց: 1997 թվականի մայիսի 23-ին կայացած ընտրություններում հաղթեց հոգեւորականության ներկայացուցիչ Մուհամմադ Խաթամին: Նա զգալի առաջընթաց արձանագրեց Արեւմուտքի հետ հարաբերություններում: Խաթամին շրջագայություն կատարեց Եվրոպայում, եղավ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում, համաձայնվեց երկխոսության առարկա դարձնել Իրանում մարդու իրավունքների հարցը, Մեծ Բրիտանիան վերականգեց դիվանագիտական հարաբերությունները, աշխուժացան տնտեսական կապերը, առեւտուրը: Խաթամին նույնպես նախագահեց 2 ժամկետ: ![]() 2005 թվականի նախագահական ընտրությունները կայացան երկու փուլով՝ հունիսի 17-ին եւ 25-ին: 1981թ հետո Իրանն ունեցավ առաջին աշխարհիկ նախագահը: Մահմուդ Ահմադինեջադը հաղթանակ տարավ նախկին նախագահ Ռաֆսանջանիի նկատմամբ: Պահպանողական թեւի ներկայացուցիչ Ահմադինեջադը իր նախագահության ընթացքում բազմիցս հակասությունների մեջ էր հոգեւոր իշխանության հետ: Բացի այդ, նրա նախագահության 2-րդ ժամկետը արյունով սկսվեց: Ընտրություններից հետո կայացած ցույցերի ու բախումների ընթացքում տասնյակ մարդիկ զոհվեցին: Ահմադինեջադի օրոք Իրան-Արեւմուտքի հարաբերությունների գլխավոր թեման դարձավ Իրանի միջուկային ծրագիրը: Չնայած բազմաթիվ հանդիպումներին, կողմերին դեռեւս չի հաջողվում համաձայնության գալ, ինչի արդյունքում Իրանը հայտնվել է լրիվ տնտեսական շրջափակման մեջ: ԱՄՆ ու Եվրամիության ֆինանսական ու նավթային պատժամիջոցների պատճառով Իրանը տնտեսական ծանր վիճակի մեջ է հայտնվել: ![]() Lragir.am | |
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ | |
2989 reads | 14.06.2013
| |