ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ ԿԱՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ
![]() Հետաքրքիր է, որ Հայաստանից այդքան հեռու գտնվող Չինաստանում, այնուամենայնիվ, կան սովորույթներ, որոնք նման են հայկականին: Օրինակ, մեծերին հարգելը, փոքրերի մասին հոգ տանելը, հյուրասեր լինելը և այլն: Այս հոդվածում կխոսեմ Չինական Նոր տարվա, կամ ինչպես իրենք են ասում, Գարնանային տոնախմբության մասին: Չինացիները տոնակատարությունները սկսում են փետրվարին, տոնում են մոտ 10 օր: Բացատրությունն այն է, որ ձմռան վերջին ամսին ճանապարհ են դնում հին տարին և դիմավորում նոր տարին, նոր գարունը, նոր կյանքը: Այս տոնը չինացիների համար ունի տարբեր խորհուրդներ: Չինացիներն այն անվանում են նաև ընտանեկան միասնության, միավորման տոն: Չինաստանի բոլոր ծայրերից մարդիկ վերադառնում են իրենց հայրենի քաղաքները, գյուղերը, միանում ընտանիքներին: Այդ ժամանակահատվածում օդանավակայանները, ճեպընթաց գնացքների կայարանները, հասարակական տրանսպորտն աշխատում են լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ: Սովորաբար մարդիկ համախմբվում են ընտանիքի՝ տարիքով ամենամեծ անդամի տանը: Հաշվի առնելով Չինաստանի՝ մեկ երեխա ունենալու քաղաքականությունը, վերջին տարիներին այս ավանդույթն ընտանիքներում իսկական վեճի առիթ է դարձել: Ամուսնանալուց հետո ամուսինները չեն կողմնորոշվում՝ ամուսնո՞ւ, թե՞ կնոջ ծնողների հետ նշել նոր տարին: Մեծամասամբ կողմնորոշումը ամուսնու ծնողների ընտանիքն է: Լի Յենը, որն ապրում է Չինաստանի արևելյան հատվածում, իր ամուսնության 10 տարիներից 9 անց է կացրել ամուսնու ծնողների հետ, նրա ծննդավայրում: Ինչպե՞ս են պատրաստվում չինացիները Նոր տարվա տոնին ![]() Չինացիները նախընտրում են մթերք նվիրել իրար՝ ի նշան այն բանի, որ հոգ են տանում միմյանց առողջության մասին: Չնայած կարծես տղամարդկանց նվերներն ավելի շատ «հաճույքների փաթեթից» են, քան առողջության պահպանման: Չինացիների համար տան զարդարանքներն ունեն հատուկ խորհուրդ: Դրանք պետք է լինեն վառ կարմիր գույնի: Չինաստանում կարևորում են կարմիրը, այն բարեկեցություն, առողջություն, հարստություն, հաջողութուն է խորհրդանշում, պաշտպանում է «չար հրեշից»: Ըստ լեգենդի՝ անցած տարվա հրեշն անպայման կցանկանա ներխուժել նոր տարի, դրա համար բոլորն իրենց տները զարդարում են կարմիր գույնով՝ որպեսզի քշեն հրեշին: Հրեշին քշում են նաև ճայթռտուկներով. Ընտանիքի բոլոր անդամներն անխտիր գիշերը ժամը 12:00-ին բակ են դուրս գալիս և պայթեցնում ճայթռտուկներ: Ուժեղ աղմուկից «հրեշը» վախենում է և հեռանում այդ տնից: Մուտքի դռան վրա փակցնում են կարմիր ժապավեններ, որոնց վրա գրված են բարեմաղթանքներ: Եթե ընտանիքի անդամներից մեկը մահացել է, ապա 3 տարի տան զարդարանքները մոխրագույն են լինում: Ի՞նչ սնունդ են պատրաստում, ի՞նչ են ուտում Կան մի քանի ավանդական ուտեստներ,որոնք առկա են լինում ամանորյա սեղաններին: Կցանկանայի նշել Ջաոձն (պելմենիի շատ նման մի ուտեստ), որը համարվում է ավանդական ճաշատեսակ: Ընտանիքի բոլոր անդամները, սովորաբար, մասնակցում են պատրաստման գործընթացին: Սեղանին դնում են նաև ձուկ: Ճաշկերույթին ձուկն ամբողջովին չի կարելի ուտել, մի փոքր մաս պետք է պահել հաջորդ օրվա՝ հաջորդ տարվա: Խմում են բայճյո: Չինուհիներն այնքան էլ չեն սիրում ոգելից խմիչքներ: Ներկայումս շատ ընտանիքներ բացի այս ավանդական երկու ճաշատեսակներից, էլի որոշ հետաքրքիր ու համեղ ուտեստներ են պատրաստում, սակայն այս երկուսը տոնական խորհուրդ ունեն: Քանի՞ օր է տևում Չինական նոր տարին, և ի՞նչ են անում այդ օրերին ![]() Նոր տարվա երկրորդ, երրորդ օրերը բարեկամներին և ընկերներին շնորհավորելու համար են նախատեսված: Այս տոնը շատ սիրված է, չինացիները մեծ շուքով են նշում այն: Ջանքայ Խուինը, ով ամեն տարի այս տոնակատարության համար վերադառնում է իր հայրենի գյուղ, կարծում է, որ հատկապես գյուղերում այս տոնը շատ ուրախ և բացառիկ ջերմությամբ է նշվում: Պեկինցի Ջեն Թանը, պատմելով քաղաքային տոնակատարությունների մասին, նշում է, որ քաղաքի լայնարձակ հրապարակներում բացվում են ամանորյա բացօթյա շուկաներ: Ամենուր տարատեսակ ներկայացումներ են կազմակերպվում: Մարդիկ զբոսնում են, կատարում գնումներ, համտեսում հետաքրքիր ուտելիքներ՝ տոֆու, խորտիկներ, խորոված միջատներ: Փողոցներում չինական ավանդական լամպեր են վառվում: Չինացիները բարի և ուրախ ժողովուրդ են, սիրում են ուրախանալ նույնիսկ փոքր բաներով: Այս ընտանեկան միավորման գարնանամուտը իսկապես հրաշալի է անցնում Չինաստանում: ԱՆԱՀԻՏ ՊԱՐԶՅԱՆ Նանջինգի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԻՆԱՍՏԱՆ | |
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ | |
6476 reads | 19.02.2015
| |