ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
Հայոց Ցեղասպանության 100-րդ  տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 29-ին, ժամը 12-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանի պաշտոնական ներկայացումը (armeniens-14-18.fr): Մասնավորապես, կներկայացվեն Ցեղասպանությանը նվիրված ցուցասրահները:
 
Թանգարանը, որի ստեղծման գաղափարն առաջացել է 2014 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի առիթով և 2015 թվականին հարստացվել Ցեղասպանության մասին փաստաթղթերով, արդյունքն է Հայաստանի Ազգային արխիվի և Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության Արխիվի գործընկերության:
 
Վիրտուալ թանգարանը նպատակ ունի  ինչպես հանրության լայն շրջանակներին՝ Հայաստանում և սփյուռքում, այնպես էլ գիտնականներին առավել հանգամանորեն ծանոթացնել Առաջին համաշխարհային պատերազմում Հայաստանի տեղին, պատմական, դիվանագիտական ասպեկտներին, ցեղասպանության հետևանքով մարդկային ողբերգությանը և թե ինչպես Հայաստանը կարողացավ դիմակայել, ոտքի կանգնել և իր փորձությունը դարձնել ուժ՝ իր ապագան կերտելու համար:  
 
Վիրտուալ թանգարանն այսօր ունի 4 գործող ցուցասրահ.
 
  • «Ֆրանսիան և Հայաստանը» սրահը, որը ներկայացնում է ֆրանս-հայկական հարաբերությունների ընդհանուր համայնապատկերը,
  • «Կովկասի մուտքը պատերազմ» սրահը, որը ներկայացնում է հայկական հարցը միջազգային և ռազմական գործողությունների ֆոնի վրա,
  • «Հայ ռազմիկները  բոլոր ճակատներում» . Կովկասում, Ֆրանսիայում, Արևելքում և Կիլիկիայում,
  • «Ցեղասպանությունը՝ հանցանք մարդկության և քաղաքակրթության դեմ», որտեղ ներկայացված են պատմական շրջանակներ, վկայություններ ջարդերի մասին, հզոր տերությունների արձագանքը, տուժածներին ցուցաբերված օգնությունը:
 
Համալրվելով նորանոր բացահայտումներով՝ այս ցուցասրահները ներառում են Հայաստանի և Ֆրանսիայի արխիվներից ստացված փաստաթղթերի, տեքստերի, լուսանկարների, ֆիլմերի մի ընդարձակ շտեմարան՝ տարբեր լեզուներով:
 
Մյուս երկու ցուցասրահները աստիճանաբար կհամալրվեն, հնարավորություն տալով թանգարանին ներկայացնել նաև նորագույն պատմությունը: Դրանք են՝
  • Պատերազմի ավարտը,
  • Խորհրդային շրջանից մինչև մեր օրերը:
Ցուցասրահներում զետեղված մեկնաբանությունները շուտով կթարգմանվեն հայերեն և անգլերեն: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա, ըստ ցանկության, կառաջարկվեն թվային ցուցահանդեսներ ասոցիացիաների, դպրոցների և այլն, համար:
 
Հունիսի 29-ին, ծրագրի գիտական պատասխանատուները՝ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) տնօրեն, տիկին Կլեր Մուրադյանը և Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն, պարոն Ամատունի Վիրաբյանը կներկայացնեն կայքը լրատվամիջոցներին, ինչպես նաև որոշ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք ստացվել են Արխիվների ֆոնդից և լույս են սփռում հայոց պատմության էջերի վրա: Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
2760 reads | 25.06.2015
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com