ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՄԵՆՈՑԻԴԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՃԻՇՏ ՈՒՂԻ

ՄԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ
Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան, ԵՐԵՎԱՆ






Ավելի քան մեկ դար հայ ժողովուրդը հիշատակում է խորհրդանշական ընտրված ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որի ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես ամբողջ աշխարհում անց են կացվում մի շարք միջոցառումներ: Սակայն հազարավոր նմանատիպ միջոցառումները, համաժողովները կամ պետական քաղաքական և հասարակական ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները չեն կարող բերել ցանկալի արդյունքի այն պայմաններում, երբ ցեղապանություն իրականացրած պետությունը պետական մակարդակով վարում է ժխտողական քաղաքականություն: Մերօրյա աշխարհում նման քաղաքականության հակազդեցությունը կարող է լինել իրավական հիմքերով պահանջատիրությունը:

Հայերիս համար կարևոր է վերանայել XX դարասկզբի ողբերգությունը, աստիճանաբար ազատվել ցեղասպանություն վերապրած ժողովրդի ազգային թերարժեքության բարդույթից, դառնալ պահանջներ ներկայացնող ազգ, վճռականորեն և հետևողականորեն պահանջել պատմական արդարության վերականգնում և ոճրագործների արդարացի պատժում: Իհարկե, դրա համար հարկավոր է հայեցակարգային մոտեցում խնդրին, այլ ոչ թե հույս ունենալ՝ լսել պետության ղեկավարների շուրթերից համապատասխան բառեր:

Ցեղասպանության որակումը որպես «հանցագործություն մարդկության դեմ» ունի իր միջազգային իրավական հիմքերը, որը բխում է խիստ անհրաժեշտությունից պայքարել ցեղասպանությունը հասարակության կյանքից արմատախիլ անելուն ուղղված ուղիների արդյունավետության բարձրացմանը: Սրան կարելի է հասնել ցեղասպանության բոլոր ձևերի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարման միջոցով, նման օրինակ կարող է ծառայել իր առջև նմանատիպ նպատակներ դրած ՄԱԿ-ի գործունեությունը: Պատժի անխուսափելիությունը և արարքի տույժերի համաչափությունը ցեղասպանությանը հակազդելու անբաժանելի տարրերն են: Առանց դրա հնարավոր չէ հատուցում, իսկ առանց հատուցման հնարավոր չէ նոր ոճրագործությունների կանխարգելում:

1960-ական թվականներից պատմագիտական գրականության մեջ «Հայոց ցեղասպանություն» դեֆինիցիային զուգահեռ սկսեց կիրառվել նաև «Արմենոցիդ» եզրը, որը շրջանառության մեջ դրեց լիբանանցի արաբ պատմաբան Մուսա Պրենսը: Այն օգտագործվում է «Հայասպանության» իմաստով, ձեռք բերում մի ամբողջ ժողովրդի` տվյալ դեպում հայերի, ֆիզիկական լիկվիդացման իմաստ:

Արմենոցիդի համար պատասխանատվությունը կրում է Օսմանյան կայսրությունը, և այսօր ծագում է Թուրքիայի Հանրապետության ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան կայսրության իրավահաջորդության հարցը:

Ինչպես գիտենք, միջազգային իրավահաջորդությունը դա որևէ պետության իրավունքների և պարտականությունների փոխանցումն է մեկ այլ պետության, ինչը նշանակում է արդեն գոյություն չունեցող պետության շարունակություն: Տեսականորեն իրավահաջորդության հարցի հստակեցումը կապված է նրա հետ, թե նոր առաջացած պետությունն արդյո՞ք պահպանում է նախորդ պետության գլխավոր հատականիշները` պատմական կապը, հիմնական բնակչությունը, նրա ազգային ծագումը, լեզուն, շարունակվում է արդյոք տիտղոսակիր ազգի կառավարումը և այլ բնութագրիչներ:

Ակնհայտ է, որ թուրքերը իշխել են Օսմանյան կայսրության ժամանակ և նրանց տիրապետումը փոխանցվել է նաև ժամանակակից Թուրքիային, ընդ որում ժողովուրդը պահպանել է Օսմանյան կայսրության ժամանակ ունեցած իր լեզուն և ավնդույթները: Փաստացի Թուրքիայի իրավահաջորդության հարցը առաջ է քաշվել Լոզանի համաժողովից հետո 1925 թվականին, երբ քննարկվում էր Օսմանյան կայսրության պարտքի հարցը: Թուրքիայի կողմից բերված փաստարկները առ այն, որ նա կայսրության անդամահատումից հետո առաջացած միակ պետությունը չէ, և պարտքը պետք է մարեն նաև անդամահատումից առաջացած այնպիսի պետություններ, ինչպիսիք են Սիրիան, Լիբանանը, Իրաքը, ոչ մի արդյունքի չբերեցին, քանզի միջազգային իրավարար նշանակված Բորելը վճռեց, որ ըստ միջազգային իրավունքի ` միայն Թուրքիան է հանդիսանում Օսմանյան կայսրության իրավահաջորդը: Թուրքիան կարողացավ փակել պարտքը միայն 1944 թվականին:

Բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հայտարարությունները միայն հաստատում են այս փաստը: Մասնավորապես 1999 թ. մարտի 1-ին Թուրքիայի մշակույթի նախարար Իստեմիհան Թալայը Օսմանյան կասրության հիմնադրման 700-ամյակի կապակցությամբ անցկացվող հանդիսությունների շրջանակում թուրք լրագրողին տված հարցազրույցում հրապարակորեն հայտարարել է, որ «Թուրքիայի Հանրապետությունն այն կայսրության շարունակությունն է, որի ժառանգությունը մեր պատվության մի մասն է… կայսրության ժառանգության կապակցությամբ ամաչելը հավասարազոր է սեփական գոյության ժխտմանը»: Հետևաբար Թուրքիայի Հանրապետությունը պետք է դիտվի որպես Օսմանյան կայսրության միջազգային ինքնության շարունակող և իրավահաջորդ, ուստի և պետք է պատասխանատվություն կրի Արմենոցիդի համար և համապատասխան հատուցում տրամադրի այդ հանցագործության զոհերին կամ նրանց իրավահաջորդներին:

    Այս առումով, հանցագործության անմիջական տուժածներ պետք է համարել արևմտահայերին, որոնք ցեղասպանության քաղաքականության հետևանքով տարածվեցին ամբողջ աշխարհում և ձևավորեցին հայկական Սփյուռքը: Սակայն, համաձայն գործող միջազգային իրավունքի նորմերի պահանջատեր կարող է հանդիսանալ ինքնիշխանությամբ օժտված միջազգայնորեն ճնաչված սուբյեկտը, ինչպիսին չի հանդիսանում հայկական սփյուռքը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա նա կարող է ներկայացնել և պաշտպանել միայն Հայոց ցեղասպանության այն զոհերի և նրանց իրավահաջորդների իրավունքները, որոնք իր քաղաքացիներն են հանդիսանում: Հայաստանի Հանրապետությունը կարող է ներկայացնել և պաշտպանել արևմտահայերի իրավունքներն ու շահերը միայն եթե արևմտահայերի լիազոր և լոգիտիմ մարմինը օժտի նրան նման իրավունքով:

     Նմանատիպ մարմին կարելի է համարել Արևմտահայերի Երկրորդ համագումարը, որը դեռ 1919 թ. Հայաստանի առաջին Հանրապետությանը օժտել է նման իրավունքով: Մասնավորապես, 1919 թ. փետրվարի 12-ին համագումարի ընդունած «Քաղաքական բանաձևի» 5-րդ կետի համաձայն, արևմտահայերի Գործադիր մարմինը Արարատյան Հանրապետության կառավարության և պառլամենտի հետ միասին պետք է ձեռնարկեր իրական քայլեր Միացյալ և Ազատ Հայաստանի հռչակման ուղղությամբ: Այս ձևակերպումով արևմտահայերի լիազոր և լեգիտիմ մարմինը փաստացի լիազորում էր Հայաստանի առաջին Հանրապետությանը հանդես գալ նաև իր անունից իբրև պահանջատեր, քանզի Միացյալ և Ազատ Հայաստանի հռչակումն անպայմանորեն ենթադրում էր Հայոց պահանջատիրությունը: Իր հերթին Ալ. Խատիսյանի կառավարությունը ընդունելով մայիսի 28-ին անզատ, անկախ ու միացյալ Հայաստանի հռչակագիրը ազդարարում է իրեն նաև Արևմտահայաստանի տերը: Իսկ Հայաստանի ներկայիս երրորդ Հանրապետությունը 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված անկախության հռչակագրում նշում է, որ զարգացնում է 1918 թ. մայիսի 28-ին ստեղծված Հայաստանի առաջին Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները:

Հետագայում Միացյալ և Ազատ Հայաստանի գաղափարը զարգացավ «Հայ դատի» հանձնախմբի համատեքստում: Կոմիտեն ստեղծվել է Երկրորդ համաշխարհակին պատերազմից հետո հայ ժողովրդի պահանջներն ու շահերը ներկայացնելու և պաշտպանլու նպատակով: Նրա նպատակն է ստեղծել մեր ժողովրդի համար այնպիսի պայմաններ, որոնք կվերացնեն ցեղասպանության կրկնությունը կամ դրա սպառնալիքը:

Բացի դրանից, Հայ Առաքելական եկեղեցին, ազգային կուսակցությունները, հասարակական բարեգործական կազմակերպությունները իրենց ուժերի ներածին չափով փորձում էին նպաստել Արմենոցիդի միջազգային ճանաչմանը և այժմ ել շարունակում են իրենց գործունեությունը այս ուղղությամբ, թողնելով բարձրացված հայկականը հարցը միջազգային մակարդակով: Այն պատմականորեն ձևավորված հանգամանքը, որ արևմտահայերը և արևելահայերը առանձին են գործում կարող է բերել դրական արդյունքի, եթե միավորել նրանց գործողությունները մեկ նպատակի հանսնելու ուղղությամբ Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության միջև աշխատանքի բաժանման միջոցով:

Հայկական հարցով կարող էր զբաղվել Պողոս Նուբար փաշայի ազգային պատվիրակությունը, որը, սակայն, Հայաստանի Հանրապետության և Սովետական Հայասստանի հետ ունեցած բարդ հարաբերությունների պատճառով դադարեցրեց իր գործունեությունը: Այսպիսով, չկար ոչևէ մարմին, որը կզբաղվեր արևմտահայության իրավունքների ներկայացմամբ և պաշտպանմամբ: Այդ նպատակով, 2003 թվականից Փարիզում գործում էր «Արևմտահայերի ազգային համագումարի միջազգային կազմակերպչական կեմիտեն», որը նպաստեց Արևմտահայերի երրորդ համագումարի գումարմանը: Վերջինս տեղի ունեցավ 2011 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզում (Սևր): Ամբողջ աշխարհից, որտեղ կան հայկական համայնքներ (Ռուսաստան, Ֆրանսիա, Արգենտինա, ԱՄՆ, Կանադա, Եգիպտոս, Լիբանան, Ավստրիա, Գերմանիա և այլն), հավաքվել էին ցեղասպանությունն վերապրած հայերի ժառանգները, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից: Համագումարը հաստատեց իր մտադրությունը միջազգային կազմակերպություններում արևմտահայերի ժառանգների իրավունքների պաշտպանությանն ուղղված, հասնել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը և նյութական, տարածքային և բարոյական վնասի հատուցմանը: Համագումարը միաձայն ընդունեց Արևմտահայերի ազգային խորհրդի կանոնադրությունը և 2012-2013 թթ. գործողությունների ծրագիրը:

Համագումարը ձեռք է բերել մեծ նշանակություն, քանզի գրեթե 90 տարի Սփյուռքում չէին ձեռնարկվել միավորման այդպիսի քայլեր:

Մի քանի տարի անց, 2015 թ. մարտի 28-29 Փարիզում կայացավ Արևմտահայերի չորրորդ համագումարը, որին մասնակցեցին շուրջ 120 պատվիրակներ ամբողջ աշխարհից: «Արևմտահայերի ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհուրդը և դրա հայեցակարգային և իրավական աշխատանքային խմբերը համագումարի հաստատմանը հանձնեցին «Արևմտահայերի պատմական, քաղաքական և իրավական պահանջների» փաթեթը: Հաստատումից հետո այն հանձնվեց Ֆրանսիայում Թուրքիայի Հանրապետության դեսպանատանը, սակայն ոչ մի պատասխան չհաջորդեց: Փաթեթը իրենից ներկայացնում է վերլուծական հարցերի և պահանջների ցանկ: Փաթեթը հայ իրականության մեջ չունի անալոգ, չնայած այն կարելի է համեմատել 1919 թ. Փարիզի խաղաղարար կոնֆերանսում հայ պատվիրակությունների կողմից ներկայացված հուշագրի հետ:

Մասնավորապես, երբ Ֆրանսիայի արտգործնախարար Ս. Պիշոնի խորհրդով, Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի պատվիրակությունները երկար քննարկումներից հետո 1919 թ. փետրվարի 12-ին ներկայացրին հայկական պահանջների ծրագիրը «Հայկական պահանջների հուշագիր» անվանումով: Բացի տարածքային և մանդատ ստանալու պահանջներից ներկայացվում էր նաև հետևյալը` Հայաստանը պետք է իր կրած վնասների համար ստանա ֆինանսական հատուցում, պատերազմի ժամանակ բռնի տեղահանված հայերը պետք է ստանան հայրենիք վերադառնալու իրավունք և պետք է պատժվեն հայերի զանգվածային ոչնչացման պատասխանատուներն ու մեղավորները:

Իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում համագումարի ժամանակ ներկայացված Թուրքիայի Հանրապետությանն ու ժողովրդին ուղղված Հուշագիրը: Հուշագրում չի օգտագործվում ցեղասպանություն բառը, իսկ  ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված գործողությունները սահմանվում են ինչպես «կոտորածներ, բռնի տեղահանություններ ու հայերի ձուլում»: Ցեղասպանության ճանաչման փոխարեն, հուշագրի հեղինակները պահանջում են Թուրքիայից ճանաչել հայերի սեփականության և հայրենիք վերադառնալու իրավունքները: Հեղինակների բացատրության համաձայն, ցեղասպանություն բառի չօգտագործումը չի նշանակում հրաժարում այդ փաստից, ընդհակառակը, ուղղված է նրա հետևանքների հաղթահարմանը: Հասկանալի է, որ այսօրվա Թուրքիան պատրաստ չէ ընդունել  Հայոց ցեղասպանության փաստը, իսկ անընդհատ այդ պահանջը դնել Թուրքիայի իշխանությունների առջև իրատեսական չէ և այդ գործընթացը կարող է շարունակվել ևս 100 տարի: Հաշվի առնելով այդ հանգամանքը, համագումարը մտադրվում է լուծել այնպիսի խնդիրներ, որոնց լուծմանը պատրաստ է նաև Թուրքիան: Մասնավորապես, ճանաչել Թուրքիայում բնակվող մոտավորապես 5 միլիոն հայերի հայ անվանվելու իրավունքը, ճանաչել արևմտահայերի ժառանգների իրավունքը վերադառնալ իրենց պատմական հայրենիք, իհարկե նման ցանկության արտահայտման դեպքում:

Մի կողմից, հուշագրի հեղինակները ճիշտ են այն իմաստով, որ այդպիսի աստիճանական քայլերը կարող են վերջ ի վերջո հանգեցնել լիարժեք ճանաչման, հարաբերությունների աստիճանական զարգացման տարբեր ոլորտներում, մինչև իսկ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման: Սակայն, արդյո՞ք դա ընդունելի կլինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի համար: Կբերի՞ զգալի փոփոխությունների: Վերջին հարցը հազվագյուտ բարդության է, քանի որ կախված է ինչպես  Հայաստանի, այնպես էլ  ռեգիոնալ ու գլոբալ ուժերի աշխարհաքաղաքական շահերից: Այնուամենայնիվ, դա որոշակի քայլ է հայ ժողովրդի կողմից, այսպես ասած բարի կամքի դրսևորում Թուրքիայի Հանրապետության նկատմամբ, որն, սակայն,  դեռևս պատշաճ կերպով գնահատված չէ:

Այսպիսով, Թուրքիայի Հանրապետությանը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, Հայաստանի Հանրապետության կողմից, հանդիսացող ցեղասպանությությունից տուժածների և նրանց ժառանգների օրինական ներկայացուցիչ և իրավունքների պաշտպան, կարող են ներկայացվել որոշակի պահանջներ, որոնք կօգնեն այդ հանցագործության հետևանքների հաղթահարման հարցում:

Թուրքիայի կողմից ցեղասպանության իրականացման համար պատասխանատվության ընդունումը, անկասկած, երկու պետությունների հարաբերությունների կարգավորման միակ ճանապարհն է: Բայց նա ոչ միայն հերքում է, ավելին ձեռնարկում է տարբեր տեսակի քայլեր նոր պետությունների կողնից  ցեղասպանության փաստի ճանաչումը կանխելու համար: Այդ փաստի ճանաչումը որևէ երկրի կողմից բերում է Թուրքիայի հետ հարաբերությունների վայրկյանական վատթարացման: Այսօր ճանաչման գործընթացը շատ քաղաքականացված է, քանզի ոմանց կարծիքով ցեղասպանության փաստն ընդունած պետությունները դա արել են հայկական լոբբիստական խմբերի ազդեցության տակ, իսկ փաստը չնդունող երկրները նպատակ են հետապնդուն սոսկ պահպանել իրենց բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն միշտ չէ, որ ասվածը հաստատվում է գործնականում, և դրա օրինակներ մենք լավ գիտենք:

Մենք բավական հստակ նշում ենք, որ հակառակ ճանապարհը, որը ենթադրում է հարաբերությունների հաստատում Արմենոցիդի փաստի դատապարտումից հրաժարվելու պայմանով, Հայաստանի Հանրապետության համար ուղղակի անընդունելի է: Անհնար է կառուցել նոր հարաբերություններ, չդատապարտելով անցյալը:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
6779 reads | 03.05.2017
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com