ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎՐԱ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() 2015 թ. ապրիլի 25-ին թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված հարցազրույցում թղթակիցը հարցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, թե արդյոք Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից: Ստորև ներկայացվում է «Հյուրիեթ»-ում նախագահ Սարգսյանի պատասխանի թուրքական տեքստի իմ թարգմանությունը. «Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիայից կամ որևէ այլ երկրից տարածքային պահանջներ չի ունեցել: Մեր կառավարության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա այսօր: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք: Որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները.... Եթե ուշադրություն դարձնեք, ապա Թուրքիայից Հայաստանի տարածքային պահանջների մասին հիմնականում խոսում են Թուրքիայում, ոչ թե Հայաստանում... Իսկ թե ինչու է այդպես, թողնում եմ յուրաքանչյուրիս հետևությանը»: ![]() Նախագահ Սարգսյանը որպես երկրի առաջին դեմք հստակորեն մատնանշում է, որ տարածքային պահանջը հզոր և սպառնացող հարևան Թուրքիայից, կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի ազգային անվտանգության համար, և որ նույնը չէ, երբ նման պահանջներ ներկայացվում են անհատների կամ կազմակերպությունների կողմից: Ավելի վաղ, նույն օրն առավոտյան մայիսի 7-ին, Վաշինգտոնում Ազգային մամուլի ակումբում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսի ժամանակ, մեկ այլ թուրք լրագրող ևս հարցրեց Թուրքիայից Հայաստանի տարածքային պահանջների մասին: Նալբանդյանը նույն կերպ պատասխանեց, ինչպես Նախագահը. «Հայաստանը Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել»: Նա նաև զարմացած հարցրեց, թե ինչու է այդ հարցն ավելի շատ բարձրացվում Անկարայում, քան Երևանում: Չորս տարի առաջ հուլիսի 23-ին, Սերժ Սարգսյանն ավելի հիմնավոր պատասխան տվեց, երբ մի հայ ուսանող իրեն հարցրեց Արարատ լեռան և Արևմտյան Հայաստանի հնարավոր վերադարձի մասին. «Ամեն ինչ կախված է ձեզանից և ձեր սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրված պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից: Մենք կարողացանք դա անել.... Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու լավ կատարել»: ![]() Հասկանալի է, թե ինչու են թուրք ղեկավարներն այդքան սարսափում, երբ բարձրացվում է Հայաստանի տարածքային պահանջների հարցը: Շատ լավ իմանալով, որ իրենց նախնիները բնաջնջել են հայ բնակչությանը իրենց հայապատկան հողերում, թուրքական իշխանությունները մտավախություն ունեն, որ հայերը կպահանջեն վերադարձնել Արևմտյան Հայաստանի իրենց պատմական հայրենիքը՝ ներկայիս Արևելյան Թուրքիան... ![]() Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100 | |
3404 reads | 14.05.2015
| |