ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
![]() Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնական միջոցառումները տեղի ունեցան Նանջինգ քաղաքում: Նանջինգն ընտրված էր, որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300.000 չինացիների և այս առումով հայերին ու չինացիներին միավորող նմանատիպ վիշտ կար: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այպես էլ Նանջինգի կոտորածների դեպքում՝ կազմակերպիչները չեն ընդունում իրենց մեղավորությունը: Ապրիլի 25-ին Չինաստանում հայկական համայնքի անդամներն այցելեցին Նանջինգի Ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Նանջինգի կոտորածների զոհերի հիշատակի: ![]() Նանջինգի Արվեստի համալսարանի Մեծ համերգասրահում՝ Մոսկվայի արվեստի և մշակույթի համալսարանի ավագ դասախոս, դաշնակահար Միքայել Հայրապետյանը հանդիսատեսին ներկայացրեց «Հայաստանի գաղտնիքները» դաշնամուրային համերգային ծրագիրը, որը ներկայացնում է հայ կոմպոզիտորների դասական երաժշտության ստեղծագործությունները: Միքայել Հայրապետյանը նշեց. «Մեր համար մեծ պատիվ է չինացի ընկերներին ներկայացնել հայկական դասական երաժշտությունը»: Համերգից հետո ցուցադրվեց Միքայել Հակոբյանի հայոց ցեղասպանության մասին պատմող «Գետը հոսում է կարմիր» ֆիլմը: Կարևոր է նշել, որ ֆիլմն առաջին անգամ թարգմանվել է չինարեն: Համերգից հետո տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում Չինաստանի հայկական համայնքի անդամները ներկայացրեցին իրենց նախնիների՝ ցեղասպանության մասին պատմած տեղեկությունները՝ հաստատելով, որ հիշում են և պահանջում: ![]() Ապրիլի 24-ին Շանհայի կենտրոնում՝ Բունդում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո: Ներկաները ծանոթացան հայկական դասական երաժշտությանն ու պարարվեստին: Չինացի նկարիչ ուսանողները ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկարներ: Շանհայ քաղաքում ուսանող ջութակահարուհի Աստղիկ Պողոսյանը նշեց, որ նպատակ են ունեցել չինացի ընկերների հետ կիսվել մեր հարուստ մշակույթով: Երեկոն ավարտվեց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառությամբ: Ապրիլի 24-ին ՀՀ դեսպանատանը ցուցադրվեց Ռուբեն Գինեյի մրցանակակիր փաստագրական ֆիլմը, որը կոչվում է «Անդին. Հայոց ճանապարհորդության տարերգրությունը»: Ֆիլմը պատմում է Չինաստանում հայերի ներկայության պատմությունը, ինչպես նաև անդրադառնում է 2 հին քաղաքակրթությունները միավորող կապերին: «Չինաստանը հյուրընկալել է հայերին մոտ 400 տարի, հայերն ու չինացիները բազմաթիվ մշակութային նմանություններ ունեն: Մեր մշակույթը ներկայացնելու միջոցով շնորհակալություն ենք հայտնում չինացի ընկերներին մեզ հյուրընկալելու համար»: Վերջին տարիների ընթացքում գնալով աճում է Չինաստանի Հայկական համայնքը՝ Չինահայը: Չինահայի ներկայացուցիչներն ապրում են Գուանջոու, Հոնկոնգ, Շանհայ, Շենժեն, Նանջինգ, Հոնկոնգ քաղաքներում: Չինահայի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.chinahay.com կայքը: | |
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100 | |
3144 reads | 04.05.2015
| |