ԱՆԿԱՐԱՆ` ՎԵՐԱՀՍԿՎԱԾ ՔԱՈՍՈՒՄ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Պարզ է, թե ինչու չպետք է կատարել լուրի պատճենահանումն առանց մեկնաբանության: Անկարան այս ձեւով ցուցադրում է իբրեւ թե մասնակցություն հակաահաբեկչական պայքարին: Եվ ներկայացված թվի աստեղային քանակով բազմապատկված ահաբեկիչներ են սնվել Թուրքիայից, Թուրքիայում տեղակայվել, Թուրքիայից ֆինանսավորվել եւ Թուրքիայից անարգել անցել դեպի Սիրիա եւ Իրաք: Այս ցուցադրությունը մատնում է Անկարայի անհանգստությունը: Քաղաքական լրջագույն անհանգստություն, որ ԻՊ-ին սատար կանգնելու մեջ էր տեսնում քրդերի միավորման արգելակումը: Սիրիա ներխուժել-չներխուժելու պարանաձգությունը, անվտանգության գոտու ստեղծման հանկերգումը բաղադրիչներ են անհանգստության համապատկերին: Մեծ յոթնյակի հանդիպման ավարտին ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքն ուղղված Անկարային` սահմանից թափանցումները արտոնելու դիմաց, բնականաբար անտարբեր չէին կարող թողնել Անկարային: Խաղը վերահսկված է. ԱՄՆ-ի օդային հարվածներով սահմանափակում են ԻՊ-ի դեմ պատերազմը եւ հակազդում են միայն այն դեպքում, երբ արտոնյալ սահմաններից դուրս են գալիս ԻՊ-ի զինյալները, մյուս կողմից աջակցում են ԻՊ-ի դեմ համախմբվող քուրդ զինյալ դիմադրությանը եւ ինքնապաշտպանությանը` արգելակելով Անկարայի կողմից նախաձեռնվելիք ենթադրյալ ներխուժումը Սիրիա: Ավելի պարզեցնենք. ԻՊ-ին արտոնվել է շարունակել կառավարական բանակի թուլացման ռազմարշավը` առանց դուրս գալու ճշտված սահմաններից: Օգնել իրողապես ինքնավար Քուրդիստանի կայացմանը եւ հարկ եղած ձևով սանձել ԻՊ-ի զինյալների մուտքը թուրքական տարածքներից: Վերահսկելի քաոսի այս բանաձեւը մինչ այժմ աշխատում է` դժվարացնելով քաղաքական գնահատականի եզրահանգումների ձեւակերպումը: Թուրքիայի կողմից միջազգային ահաբեկչությանը տեր կանգնելու փաստի գեթ քարոզչական մակարդակի միջազգայնացմանը գալիս է ավելանալու նաեւ Միջին Արեւելքի քրիստոնյաների ցեղասպանության հովանավորչությունը կատարելու հռչակը: Ֆրանցիսկոս պապը, Վատիկանում Միջին Արեւելքի քրիստոնյաների կրած տառապանքները համեմատելուց հետո Հայոց ցեղասպանության հետեւանքները կրողների հետ, այս անգամ Հարավային Ամերիկայում ուղղակի ցեղասպանություն որակեց նույն տարածաշրջանի քրիստոնյաների կրած արհավիրքները: Պարզ էր ուղերձը. համեմատությունը առաջինի դեպքում միայն տառապանքներին չէր վերաբերում, այլ գործադրողներին եւ գործադրել տվողներին: Եթե Հայոց ցեղասպանությունը իրականացվել էր ուղղակի Օսմանյան կայսրության կողմից, ապա 21-րդ դարում Միջին Արեւելքի քրիստոնյաները տեղահանվում եւ ջարդվում էին դարձյալ թուրքերի կողմից միջնորդավորված կամ լիազորված կերպով: Միջին Արեւելքի քրիստոնյաների ապրած ցեղասպանության առաջին ճանաչումն էր, որ կատարվեց Ֆրանցիսկոս պապի կողմից: Ուրեմն, Անկարան ոչ միայն միջազգային ահաբեկչություն սերմանելու մեղադրանքի տակ էր, այլ նաեւ լիազորված ցեղասպանություն իրականացնելու: Քարոզչաքաղաքական այս ճնշմանն դիմաց ԻՊ-ի մի քանի տասնյակ զինյալ ձերբակալելը թատերական ներկայացման մեկ արար է պարզապես: Նման բեմականացումները, թվում է, որ ուշացած են եւ դժվար թե կարողանան փոխել Անկարայի վաստակած հռչակը այս առումներով: | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
1620 reads | 15.07.2015
| |