ԱՄՆ ԲԱՆԱՁԵՎՆ ՈՒՆԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԲԱԺԻՆ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Քաղաքագիտական այբուբենը հիշեցնում է, որ երկկողմ ուղղությունների շահերի բախման կամ համընկնման կետերի հատման պահի օգտագործումը երրորդ կողմի համար ստեղծում է նպաստավոր պայման՝ առավելություն ձեռք բերելու համար։ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը փաստորեն քաղաքական արվեստի տիրապետման փաստ հրամցրեց և ճիշտ պահին խփեց թիրախին։ Արժե հիշել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 1975-ին և 1984-ին հանդես է եկել ճանաչման բանաձևերով․ 1982-ին նախագահ Ռեյգանը իր ապրիլքսանչորսյան ուղերձում հիշատակել է ցեղասպանություն եզրը։ 35 տարի անց ներկայացուցիչների պալատը ամրագրում է ցեղասպանության ճանաչումը և դրան զուգահեռ կարևոր դրույթներ արձանագրում, որոնք պատմաբարոյականից ավելի որոշակի կիրառական նշանակություն են նախանշում։ 1. Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը՝ պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու ճանապարհով. 2. Արգելել ԱՄՆ կառավարության՝ Հայոց Ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման գործընթացում ներգրավվելու, ներառվելոււ կամ որևէ ձևով առնչվելու փորձերը։ 3. Խրախուսել Հայոց Ցեղասպանության փաստերի, ներառյալ մարդասիրական օգնության գործում ԱՄՆ դերի և մարդկության դեմ ներկայիս իրականացվող հանցագործություններին և Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկությունը։ Առաջին կետը բավական ճանապարհ է անցել․ ԱՄՆ նահանգներից 49-ը արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և հերթականորեն ոգեկոչում զոհերի հիշատակը։ Երկրորդը դեպի ժխտողականության քրեականացում նախանշող ուղու որդեգրմանը նպաստող դրույթներ է պարփակում իր մեջ։ Մինչ երրորդը անկախ կրթական ծրագրերի Հայոց ցեղասպանության պատմականը ներառելու կոչից քաղաքական խիստ ուղերձ է պարփակում ուղղված Անկարային։ ![]() Նոր կարևոր հանգամանք ևս դիտարկվում է այս բանաձևի որոշման առիթով։ Դա Արցախի Հանրապետության արտգործնախարարի անձամբ ներկայությունն է ներկայացուցիչների պալատի նիստին։ Նախարարի արձագանքմամբ՝ Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Այստեղ արդեն հստակ է Անկարայի աջակցությունը ռազմական հանցագործություններով, ցեղասպանական ծրագրերով պետական ահաբեկչական միավոր՝ Ադրբեջանին։ Իսկ ԱՄՆ-ը համանախագահող միջնորդ է արցախյան բանակցություններին։ | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
1290 reads | 31.10.2019
| |