«ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ» ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրև արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է և անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել  են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։ Առաջին իսկ ընկալումով փաստորեն  գործնական տեսք  է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարած  «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը։

Հակադարձ այս գործողությունը սակայն ազատագրման իրագործմանն առընթեր նվաճել է ռազմավարական կարևորագոյւն կետեր։ Ադրբեջանական նկրտումների դիմաց՝ վերահսկողության տակ է հայտնվել Հայաստան-Վրաստան մայրուղին, հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից  ուղիղ նշանառության տակ՝ Ադրբեջան-Վրաստան մայրուղին։ Մայրուղիների վերահսկողության կամ նշանառության տակ հայտնվելու ուղղությամբ հայկական կողմը ձեռք է բերել ռազմավարական առավելություններ։

Ռազմավարական առավելությունները համալրվել են, երբ նկատի ունենանք նաև այն, որ թիրախային գոտում հայտնվել է  նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածությւններն ու արոտավայրերը: և կարևորագոյն հանգամանքը՝ որ եթե թշնամուն հաջողվեր իր հարձակողապաշտ մտահղացումը՝ ապա այդ դեպքում պիտի վտանգվեր Վրաստանի ճանապարհով ՀՀ մտնող գազատար խողովակաշարը։ Իսկ դա կենսական նշանակություն ունի ՀՀ-ի համար։

Բաքու-Թբիլիսի քաղաքական որոշակի լարվածության պատճառներից էր, ադրբեջանական սահմանապահ զորքերի դեպի վրացական տարածքներ տեղաշարժը, ինչը Բաքուն ներկայացնում էր իբրև հայկական տարածքների գրավում։ Այս ապատեղեկատվությունը խորքի մէջ չեզոքացվում էր նաև հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողությամբ ։ Վրաստանի հետ երկու ուղղությամբ մայրուղիներից ադրբեջանական վերհասկողության վտանգի չեզոքացումը քաղաքական ուղերձ է նաև Թբիլիսիին։ Զուտ քաղաքական տրամաբանության ընկալումով Բաքու-Թբիլիսի լարվածությունը ենթահող է հարթում Թբիլիսի-Երևան հավելյալ մերձեցման. իսկ այս գործողությունը համահարթեցնում է այդ ենթահողը դրական շեշտերով։

Բայց միայն Վրաստանի ուղղությամբ չէ իհարկե կատարված ազատագրական գործողության ձեռք բերած առավելությունները։ Թե՛ Տավուշի և թե՛ Նախիջևանի ուղղություններով ադրբեջանական զորքերի աշխուժացումը, սահմանին կատարված զորավարժական հանդեսների կազմակերպումները միտում են Արցախ-Ադրբեջան հակամարտության իրավաքաղաքական բնութագիրը փոխել և այն վերածել հայ-ադրբեջանականի։

Հերթական անգամ, երբ միջազգային մակարդակում արցախյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված դիվանագիտական եռուզեր է ստեղծվում, Բաքուն ՀՀ-ի հետ պետական սահմանային միջադեպեր է բեմադրում։ Ռազմական այս բեմագրությունը այս անգամ թանկ արժեցավ Բաքվին, որ ռազմավարական նշանակություն ունեցող զինվորական հենակետեր և տարածք զիջեց հայկական կողմին։ Նոր պատերազմ՝ նոր տարածքներ բանաձևը սկսել է լիարժեք աշխատել։ Իսկ այս բանաձևը իհարկե չի վերաբերում միայն Տավուշի սահամանային գոտուն. այլ ամբողջ պետական սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծին։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
1274 reads | 27.08.2019
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com