ԵՎՐՈՊԱՅԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ Այս օրերին ԻՊ-ի դեմ ամենաբիրտ պատերազմը տարվում է սիրիական տարածքների վրա ռուս-ամերիկյան համաձայնությամբ, Եվրոպայի երկրորդական մասնակցությամբ, սակայն հարվածվողը առաջին հերթին և այս տարողությամբ Եվրոպան է։ Արդեն պարզ է, որ խնդիրը սոսկ Բելգիային չի վերաբերում, այլ պաշտոնական Բրյուսելին, որ միայն Բելգիայի մայրաքաղաքը չէ։ Մարդասիրական տագնապը դեռ իր լուծումը չգտած, ապահովական տագնապը վերադառնում է Եվրոպա փարիզյան դեպքերի հիշեցումը կատարելով, միաժամանակ ոճի կրկնություն և դեպքերի շարունակականությունն ընդգծելով։ Մարդասիրական տագնապին ավելանում է ապահովականը, առանց մոռանալու, այլ ընդհակառակը` շեշտելով նաև տնտեսականը։ Այս խճանկարում բռնկված տարածաշրջանում երևում է հրդեհի բոցերը չընդունող Իսրայելը, իսկ տնտեսության համաշխարհային ճգնաժամում տնտեսական դանդաղ վերելք արձանագրող ԱՄՆ-ը։ Այժմյան գնահատականով ԻՊ-ից ամենասուր կերպով տուժում են տարածաշրջանային երկրներն ու Եվրոպան։ Եվրոպան, փաստորեն ապրում է ահաբեկչական գարուն։ Բրյուսելը ցնցած ռմբահարումների նախօրեին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Բելգիային պաշտոնական բողոք էր հայտնել այն բանի առնչությամբ, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից Բրյուսել այցելության ժամանակ տեղական իշխանությունները թույլատրել են քաղաքի կենտրոնում կանգնեցնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) վրանը: Պայթյուններից անմիջապես հետո Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների մասին հանդես էր եկել հայտարարությամբ: «Բելգիան թույլ էր տվել, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության դրոշներն ծածանվեն իր երկրում», ինչն էլ վիրավորել էր իրենց: «Ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ-ին միշտ պետք է առանձնացնել, սակայն երկրներ կան, որ չեն պայքարում այնքան, ինչքան հարկավոր է»,-ասել է Բոզքըրը՝ մեղադրելով Բելգիայի կառավարությանը ՔԲԿ-ական «ահաբեկիչներին» քարոզչություն անելու թույլտվություն տալու համար: Ակնարկը թափանցիկ էր. Բրյուսելը ընդունելով քրդերին, առիթ էր տվել ահաբեկչության իրականացումը իր երկրում։ Այն ինչ Ակարային չհաջողվեց անել Սիրիայում՝ քրդական շարժումը ներկայացնել իբրեւ ահաբեկչական կազմակերպություն, հիմա Անկարան փորձում է անել Եվրոպայում: | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
1773 reads | 24.03.2016
| |