ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՀԵՐԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆՆ Է
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Հունվարի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ հայանպաստ բանաձեւերի առնչությամբ հանդես էին եկել հայտարարությամբ` ԵԽԽՎ-ին հիշեցնելով, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար միակ ընդունելի ձեւաչափը: Այս վերջին հայտարարությունը, որը վերահաստատում էր բանակցային գործընթացի ձեւաչափի պահպանումը, խորքում ընդգծում էր ԵԽԽՎ-ի կողմից այս զեկույցների քննարկման անիմաստ լինելը եւ հակասելը նախապես կայացած միջազգային համաձայնությանը` միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ-ին հանձնելու սկզբունքի շուրջ: Հիմա փորձ է արվում տպավորություն թողնել, որ երկու հակահայ բանաձեւերից մեկը մերժելով եւ մյուսը անցկացնելով, հավասարակշռության խաղն է, որը իբրեւ թե պահպանվում է ԵԽԽՎ-ի կողմից: Այդքան էլ պարզ չէ անշուշտ հակակշիռ խաղ թելադրելը: Հայկական կողմը Արցախի հարցի առնչությամբ հակաադրբեջանական բանաձեւեր ներկայացնելու խաղին չպետք է մասնակից դառնա. նման քայլը ինքնահակասական, բայց նաեւ ԵԱՀԿ-ի դեմ արված քայլ կմեկնաբանվի: Մանավանդ որ այստեղ հայկական կողմն ու ԵԱՀԿ-ը նույն դիրքորոշման վրա են ձեւաչափը պահպանելու տեսակետից։ Մի քիչ հետ գնանք եւ այս անգամ նկատենք, որ 2015-ի սեպտեմբերին Եվրախորհրդարանը քվեարկում էր Ադրբեջանին քննադատող աննախադեպ բանաձեւ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանում արձանագրվել է բռնաճնշումների եւ ձերբակալությունների ենթարկված իրավապաշտպանների եւ լրագրողների երեւույթների աճ: Եվրախորհրդարանը պետք է քննարկեր պաշտոնատար անձանց դեմ հասցեական պատժամիջոցներ կիրառելու (ընդ որում` Եվրոպա մուտքի արգելք) հարցը: Բանաձեւը կոչ էր անում Եվրամիության անդամ երկրներին եւ ԵՄ-ի արտաքին գործերի ծառայությանը, դիտորդներ չուղարկել ընտրություններին: Հիմնավորվում էր, որ ներկա պայմաններում դիտորդներ ուղարկելը կօրինականացնի Ադրբեջանի ընտրությունները: Ուրեմն, եվրոպական արժեհամակարգային սկզբունքների նկատառումով մեր նախագծերը պետք է առանցքային բաժին ունենան Ադրբեջանի թույլ կետերը` հալածանք, մարդու իրավունքների ոտնահարում, ընտանեկան օլիգարխիկ բռնատիրություն, որոնց հիման վրա նաև հղում Եվրախորհրդարանի կոչին` հասցեական պատժամիջոցներ որդեգրելու: Այստեղ կա առավելություն. պատժամիջոցը իրավական ընթացակարգ է, ի տարբերություն ԵԽԽՎ-ի ոչ պարտադիր բնույթի բանաձեւերի: Հայկական կողմը ժամանակի ընտրության ճիշտ գնահատումով և մնալով հակակշռման եվրոպական քաղաքականության տրամաբանությունում, նույնքան եւ ավելի հակահարվածային բանաձեւեր կարող է որդեգրել տալ ԵԽԽՎ-ին կամ նույնիսկ Եվրոպական խորհրդարանին: Թվում է, որ հավասարակշռման քաղաքական խաղում հերթը հայկական կողմինն է: Իսկ Բաքուն եվրոպական արժեքների օրինաչափություններում հարվածների առիթներ հրամցնելու շռայլություն ունի, մանավանդ հիմա, երբ նավթի հաշիվը շատ նկատի չի առնվում: | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
1660 reads | 05.02.2016
| |