Ո՞Վ Է «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ» ՀԱՐՎԱԾՈՂԸ
![]() «Իսլամական պետությունն» ընդդեմ քրդական ուժերի պատերազմը տարվում էր թուրքական սահմաններից դուրս, հատկապես Իրաքում եւ Սիրիայում: ԻՊ-ի կողմից քրդական կենտրոնի դեմ իրականացված հարձակումը Սուրուչում` պատերազմի տեղափոխության լուրջ նախադրյալ կարող է նկատվել: Եւ այստեղ անտեղի չեն այն բոլոր վարկածները, որոնք կենտրոնանում են Թուրքիայի կողմից ստեղծված ԻՊ-ի վերահսկողությունից դուրս գալուն եւ թեկուզ քրդական ուժերին հարվածելու նպատակով նույնինքն թուրքական շահերին հարվածելու իրողության վրա: Քաղաքական տրամաբանությամբ անհավանական չպետք է նկատել նաեւ այն, որ մահապարտի՝ Սիրիայից Թուրքիա թափանցած լինելու հավանականությունը սահմանային գոտիների անվտանգության նպատակով կարող է նպաստել Անկարայի ծրագրերին կամ նույնիսկ արդարացնել թուրքական ներխուժումը Սիրիա` ահաբեկիչների Թուրքիա անցումը կանխարգելելու հայտարարությամբ: ![]() Ամերիկյան զգուշացումները Անկարային սկսել են ձեւ ու մարմին ստանալ. ԻՊ-ը այն գործիքն է, որ իրեն սնողի դեմ կարող է աշխատել, երբ ավելի մեծ կենտրոններից հղվեն համապատասխան ազդանշանները: Դժվար կացությունների առաջ կանգնած պաշտոնական Անկարայի համար դեմքը փրկելու հատկանիշով բնութագրվող հայտարարությունն այն է, որ Սուրուչի հարձակման թիրախը Թուրքիայի ազգային միասնությունն էր: Թուրքիայի վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունը քուրդերին բացառապես Թուրքիայի քաղաքացիներ է նկատում, ովքեր այս տրամաբանությամբ թուրք ազգի կարեւոր բաղադրատարրերն են: Միեւնույն հանկերգն է, որը օգտագործվում է նաեւ այս դեպքում. Օսմանյան կայսրության ժողովուրդները, այսօրվա Թուրքիայի քաղաքացիները, համատեղ բնօրրանում ապրողները: Միեւնույն ազգ նկատելով քրդերին, վարչապետի պաշտոնակատարը, սակայն կատարել է երկրորդ հայտարարությունը. ընդունել է, որ Թուրքիայի ազգային միասնությունը (թեկուզ իրենց պատկերացմամբ) այսօր վտանգվել է: Սա հար եւ նման է նախագահ Էրդողանի նախընտրական ճառին, որտեղ ընդգծվել էր Թուրքիայի մասնատման վտանգի առկայությունը` դարձյալ շեշտելով, որ արեւմտյան լրատվամիջոցներն ու հակաիշխանական որոշ ուժեր սպառնում են Թուրքիայի տարածքային ամբողջականությանը: ![]() Անկախ այն իրողությունից, որ Քրդական աշխատավորական կուսակցության զինվորական գործողությունների վերաձեռնարկելու որոշակի տվյալներ առարկայանում են, պետք է ասել, որ ԻՊ - քրդական ուժեր պատերազմը, որ խորքում Թուրքիա-Քուրդիստանի պատերազմ է, ըստ էության կարող է որոշ դիմափոխություն ապրել ոչ միայն աշխարհագրական վայրի փոփոխությամբ: Սուրուչը եթե իրոք նախաբան է, սա նշանակում է, որ Թուրքիայի տարածքում ԻՊ-ը փորձելու է հարվածել քրդական կենտրոններին: Իսկ քրդաբնակ շրջաններից մի կարեւոր մաս պատմական առումով հստակ պատկանելիություն ունեն: | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
9666 reads | 24.07.2015
| |