ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՀԱԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՈՒԹ ՆԵՐՍԵՍՍՅԱՆԻ ՀԵՏ
Սփյուռքի բոլոր համայնքներում գործող ազգային հաստատությունների շարքում հատկապես կարևոր է այն հաստատությունների դերը, որոնց հիմնական ծրագրերը միտված են հայ կրթությանն ու քրիստոնեական արժեքների պահպանմանը։ Հայ Ավետարանչական Ընկերակցությունը այդ կարևոր կազմակերպություններց մեկն է սփյուռքում, իրականացնում է նաև բազմաթիվ սոցիալական ծրագրեր։

Diplomat.am-ն այս թեմայով ներկայացնում է ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի հետ հարցազրույցը։

Հարց. Պարոն Ներսեսսյան, խնդրեմ ներկայացրեք հայ ավետարանչական ընկերակցության պատմությունը, նպատակը և ներդրումը հայ ժողովրդի պատմության մեջ։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) ստեղծվեց Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից 1918թ. հունիսի 7-ին, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: ԱՀԱԸ-ի նպատակն էր տարածել քրիստոնեական արժեքներ, օգնել հայ ժողովրդին՝ պահպանելու հավատքը, մշակույթը և ազգային ինքնությունը:

Սփյուռքում կան բազմաթիվ կառույցներ՝ կրթական, մշակութային, որոնք մինչ այսօր էլ իրականացնում են նմանօրինակ հայանպաստ ծրագրեր։ Մեր բոլոր կրթօջախները ակտիվ են, գործող, իսկ հայ ավետարանակաների կրթական մասի մեջ կարևոր ձեռքբերումը Հայկազյան համալսարանն է, որը սփյուռքի միակ հայալեզու համալսարան էր, արդեն գործում է 63 տարի։

Հարց. Հայաստանի անկախացումից հետո առաջացած սոցիալ-տնտեսական անկումը առաջ բերեց բազմաթիվ խնդիրներ, այդ խոչնդոտները լուծելու համար հայ ավետարանականները հատուկ առաքելությամբ հանդես եկան հայրենիքում: Ներկայացրեք, խնդրեմ, ԱՀԱԸ իրականացրած մեծամաշտաբ ծրագրերը այս տարիների ընթացքում

1988թ. երկրաշարժից անմիջապես հետո, ինչպես ամբողջ աշխարհը, ԱՀԱԸ-ն նույնպես եղավ հայրենիքի կողքին՝ երկրաշարժից տուժած մեր հայրենակիցների համար ցուցաբերեց օգնություն՝ սննդի, հագուստի, դեղորայքի, բժշկական սարքավորումների տեսքով: 1991թ. Հայաստանի անկախացումից և ԱՀԱԸ-ի Հայաստանի մասնաճյուղի պաշտոնական գրանցում ստանալուց հետո Երևանում բացվեց ընկերակցության կենտրոնական գրասենյակը:

Որոշ ժամանակ անց ՀՀ-ում և Արցախում ձևավորվեցին ԱՀԱԸ-ի գործունեության հիմնական ուղղությունները: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Արցախում գործում են ԱՀԱԸ-ի տասնյակ գրասենյակներ:
Այսօր ընկերակցությունը ունի հստակ ուղղություներ և աջակցման ոլորտներ, որոնք կարևոր են քրիստոնյա կիրթ անհատ դաստիարակելու համար։ Կրթական ոլորտում այսօր մենք հայրենիքում հաջողեցինք. լավագույն օրինակը՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրն է: Այն ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որի հիմնական առաքելությունն է՝ հիմնվելով ուսուցման արդիական միջոցների վրա` իրականացնել բարձրորակ նախակրթական և լրիվ միջնակարգ կրթության ծրագրեր Երևանի հարավ-արևմտյան թաղամասում բնակվող երեխաների համար` հատուկ արտոնություններ սահմանելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Մանկապարտեզների ծրագրերն էլ շատ հաջող իրականացրինք: Մենք Արցախում 4 մանկապարտեզներ ենք ֆինանսավորում և ղեկավարում՝ 450 երեխայի համար ստեղծելով լավագույն կրթության և հանգստի պայմաններ։

Հարց. Ի՞նչ Սոցիալական ծրագրեր եք այսօր իրականացնում։

Սոցիալական ծրագրերը բազմաճյուղ են՝ բժշկականից մինչև ցերեկային խնամքի կենտրոններ, ճամբարներ ամենատարբեր միջոցառումներ։ Պետք է նշեմ, որ ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ԱՀԱԸՀՄ) բարեգործական ծրագրերի շարքում իր հաստատուն տեղն ունի բժշկական ծառայությունը, որում ընդգրկված են Երևանի, Վանաձորի և Սպիտակի բժշկական կենտրոնները: Բժշկական ծրագրերը հետևյալն են՝ ատամնաբուժական ծառայություն, մանկաբուժական ծառայություն, մանկական սննդի ծրագիրը: Անդրադառնալով «Շող» ցերեկային կենտրոնին, պետք է ասեմ, լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին, բազմակողմանի կրթությունն է, այն է՝ գիտելիքներ, կյանքի հմտություններ, անձնային աճ և առողջ արժեքային համակարգ:

Այս բոլորը կօգնեն երեխաներին հավատալ իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավել կյանքի դժվարին իրավիճակները, իրականացնել իրենց երազանքները և դառնալ հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:

«Շող» կենտրոններ հաճախող երեխաներին մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ Կրթություն և ուսուցում տարրական դպրոցի առարկաներ, ռուսերեն և անգլերեն լեզվի դասընթացներ, արտ-թերապիա, սոցիալական աշխատանք, խմբակային և անհատական հանդիպումներ, հոգեբանական թերապևտիկ խմբային և անհատական հանդիպումներ, Տաք սնունդ, Ժամանց, ամառային ճամբարներ, էքսկուրսիաներ, մշակութային իրադարձություններ, այլն։

Հարց. Ովքե՞ր են այդ ծրագրի շահառուները և ինչպե՞ս է գործում այն։

Մեր շահառուները 6-12 տարեկան երեխաներն են սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթական խնդիրներ: Կենտրոնները գործում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով: Կենտրոնների գոյությունը նաև ստեղծում է դրական մշակութային և կրթական միջավայր և ունի կարևոր ազդեցություն այն համայնքների վրա, որտեղ նրանք տեղակայված են:

ԱՀԱԸ Հայաստան ծրագրերին ծանոթանալու համար, կարելի է այցելել www.amaa.am/am/ պաշտոնական կայքէջ:

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
2014 reads | 01.03.2018
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com