ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԸ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ
![]() Ներկայացնում ենք հարցազրույց Հովհաննես Գասպարյանի անվան («Հովիկ ստուդիո») պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի հետ։ -Ինչպե՞ս ծնվեց հայրենանվեր այդ գաղափարը՝ ստեղծել Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կամ ինչպես ընդունված է ասել՝ Հովիկ Ստուդիոն: Մեր ընտանիքը 2000 թվականին հորս՝ Հովհաննես Գասպարյանի գլխավորութամբ, տեղափոխվեց Մոսկվա և հաստատվեցինք այստեղ։ Հայրս ստեղծագործական մեծ ծրագրեր ուներ: Դա հայկական պարի մեծ կենտրոնի բացումն էր, որի մասին նա հաճախ զրուցում էր ինձ հետ: Բայց դաժան ճակատագրի բերումով 2003թ. հայրս կյանքից հեռացավ, իսկ նրա գաղափարը պետք էր կյանքի կոչել, և մեզ հաջողվեց իրականացնել այն 2005-ին։ Պարային կենտրոնը ստացավ Հովհաննես Գասպարյանի անվան հայկական ազգային պարի ակադեմիա անվանումը («Հովիկ Ստուդիո»)՝ ի պատիվ գաղափարի հեղինակի: -Ազգային պարը ազգի, ժողովրդի բնավորության արտացոլումն է: Ինչպիսի՞ն է հայի կերպարը Ձեր բեմադրած պարերում։ Մեր բեմադրություններում ներկայացնում ենք հայոց պատմությունը , կերտում ենք հայի կերպարը խիզախ, խաղաղ և հայրենասեր։ Ներկայացնում ենք մեր ժողովրդի հզոր մշակույթը, որը մեզ համար նաև զենք է , վերջապես ազգին միայն զենքով չես ծառայի։ Պիտի պայքարել նաև հզոր մշակույթի լեզվով։ -Արդյո՞ք պարի լեզուն էլ նույնքան խոսուն է, որքան երգինը, և կարո՞ղ է այն հայապահպանության գործում որոշակի դեր խաղալ: Թող ինձ ներեն երգարվեստի ներկայացուցիչները, պարի լեզուն ամենաընկալելին է, այն իր մեսիջը ավելի արագ է հասցնում։ Յուրաքանչյուր պար կրում է իրեն բնորոշ էներգիա եւ բովանդակություն, պարը գայթակղիչ և կախարդական արվեստ է, ազգային դիմագիծ պահող արվեստ է, կրթող և դաստիարակող, որն էլ կարող է լինել ազգային ինքնության պահպանման գրավական։ -Ո՞րն է աշխարհին ուղղված Ձեր պարի մեյսիջը ի՞նչ եք փորձում փոխանցել այլազգի հանդիսատեսին։ Մեր պարով մենք աշխարհին ու մարդկությանը ուզում ենք ցույց տալ հայի հավաքական կերպարը, ներկայացնել հայկական պարը երեկ, այսօր և վաղը․ պոպուլյար դարձնել այն․ իհարկե, ներկայացնել նաև հայ պարողին, ավելացնել նոր անուներ հայ պարարվեստում և այդ ամենը անել միջազգային հարթակներում ։ -Ի՞նչ նոր պլաներ ունի «Հովիկ Ստուդիո»-ն։ Վերջերս կայացավ մեր 22-րդ համերգը, այս ամառ էլ Հայաստանում ավանդույթը չխախտելով հուլիսի վերջին հատվածում կներկայացնենք «Կորցրած երազանքի հետքերով» վերնագիրը կրող պարային ներկայացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ իմ հեղինակած նովելլը մեր հմուտ և տաղանդաշատ պարուսույց Գագիկ Հայրապետյանի բեմադրությամբ։ Ամառը թեժ է լինելու աշխատանքի առումով՝ մեր կողմից կազմակերպած «էվրիթմիա» փառատոնը այս տարի կմեկնարկի Հայաստանում՝ արդեն անվանափոխված «Դվին» մրցանակաբաշխություն։ -Ինչո՞ւ Դվին: Նախ այն մեկն է մեր հին մայրաքաղաքներից և հետո «Հովիկ Ստուդիո»-ի մեր գլխավոր աջակիցը ` «Դվին» արտադրական կազմակերպությունը, որն առաջատարներից մեկն է Ռուսաստանում իր արտադրանքի ոլորտում: Այն պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Գեղամ Առաքելյանին։ Այնպես որ, հուլիսը թեժ է լինելու համերգային ծրագրերին մասնակցելու են ոչ միայն հայաստանյան մասնաճյուղի սաները, նաև մոսկովյան մասնաճյուղի։ Ի դեպ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 25-ին տեղի կունենա մեր համերգը: Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը ![]() ![]() ![]() ![]() | |
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ | |
2790 reads | 09.05.2017
| |