ԻՐԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
![]() Ներքին և արտաքին նախադրյալներ Առկա վարկածներից առավել քիչ հավանականը հոգևոր դասի հետ խնդիրներ ունեցող Մահմուդ Ահմադինեժադի տարբերակն է, ով պարտվել էր 2009թ. նախագահական ընտրություններում և այնքան էլ մեծ հեղինակություն չէր վայելում նման մասշտաբային ցույցեր սկսելու համար: Առաջ է քաշվում նաև պահպանողական ճամբարի կողմից ցույցերի հրահրման տարբերակը: Պահպանողական ճամբարի շատ ներկայացուցիչներ սեփական տնօրինության տակ ունեն միլիարդավոր եկամուտներ ապահովող մի շարք կառույցներ, որոնք պետական բյուջեին հարկ չեն վճարում: Եվ ահա դեկտեմբերին բյուջեի քննարկման և կառույցի հարկատվության մասին խոսակցությունների ֆոնին Մաշհադում սկսվում են ցույցերը: Երկրի ներսում ուժերի նման պատկերին զուգահեռ պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին` մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Իրանի` տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդումը հանգեցրել է մի շարք ուժերի համագործակցությանն ընդդեմ Իրանի: ![]() Նախ պետք է նշել, որ ԱՄՆ նախագահի Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ բացվեց «Ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարի գլոբալ կենտրոնը», որի նպատակն է նպաստել չափավորությանը և հակազդել ծայրահեղականության տարածմանը (պարզ է, որ այս երկրների համար գլխավոր մեկ ահաբեկչական երկիրն Իրանն է): Կենտրոնը հիմնված է երեք սյուների վրա` գաղափարախոսական, թվային և տեղեկատվական: Չի բացառվում, որ հենց կենտրոնի ակտիվ աշխատանքի արդյունքն էր այն, որ 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանում 50.000-անց ցույցերն աշխարհին ներկայացվեցին շատ ավելի գունեղ երանգավորումներով, քան այն եղել է իրականում: Միջազգային հանրության արձագանքը ![]() Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանոմ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքություններ դրսևորող Չինաստանը ևս ՄԱԿ-ում իր ներկայացուցչի միջոցով արտահայտեց Իրանին աջակցելու սեփական դիրքորոշման մասին: Չնայած Ադրբեջանում արմատականների, վերլուծաբանների մի մասի կողմից Իրանում թուրքախոս բնակչությանը ոտքի հանելու վերաբերյալ ենթադրություններին ու կոչերին` Ադրբեջանի պաշտոնական արձագանքը ևս բավական զուսպ էր: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հարցերը պետք է լուծվեն Իրանում առկա օրենքների համաձայն: Սա կարող է պայմանավորված լինել ոչ միայն Թուրքիաի և Ռուսաստանի` այս հարցում ունեցած դիրքորոշմամբ, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափի վերակենդանացմամբ, այլ նաև իսլամական աշխարհում սեփական դերի ամրապնդման համար Իրանի հետ հնարավոր խնդիրներից խուսափելու հանգամանքով: Տարածաշրջանում և դրանց շատ հեռու գտնվող պետությունների` Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունների ֆոնին չէր կարելի չնկատել Իրանի հետ բավական ջերմ հարաբերություններ ունեցող Հայաստանի լռությունը: Այս ամենը չվրիպեց նաև հարևան Ադրբեջանի աչքից, և սա դիտարկվեց Հայաստանի կողմից դավաճանություն Իրանի նկատմամբ: ԱՄՆ-ն և Իսրայելը բավական կոշտ դիրքորոշում ընդունեցին և իրենց աջակցությունը հայտնեցին ցուցարարներին, ինչը շատ տրամաբանական էր: Ավելին, ԱՄՆ-ն փորձեց իրավիճակն օգտագործել և խաթարել Իրանի հետ 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագիրը: Սակայն Թրամփի կողմից Իրանին միջուկային գործարքը խախտելու մեջ մեղադրելը, այնուհետև Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը 4 ամսով երկարացնելը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փորձում է ժամանակ շահել: Եթե ԱՄՆ-ն դուրս գա պայմանագրից, կստացվի, որ ինքն է առաջինը խախտել համաձայնագիրը, իսկ այդ դեպքում Իրանը կարող է շարունակել զարգացնել իր միջուկային ծրագիրը առանց վերահսկողության: Բացի այդ, Թրամփը ցանկանում է եվրոպացիների հետ կնքել համաձայնագիր, որը կներառի նաև Իրանի երկարաժամկետ հակահրթիռային ծրագիրը: Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացրած ծրագրերում ամեն կերպ փորձում է ներառել նաև եվրոպական կողմին, որպեսզի հետագայում ինչ-որ բան չհաջողելու դեպքում մեղադրի վերջիններիս: Եզրակացություն 1. Չնայած Իրանի կառավարման համակարգը բավական ամուր է և դեռևս ունակ է լուծելու իր առջև ծառացած խնդիրները, երկրի ղեկավարությունը ստիպված կլինի երկրում որոշակի բարեփոխումների գնալ` մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին իրադարձությունները բացասական կանդրադառնան երկրում ներդրումների և տնտեսական այլ ուղղությունների վրա: 2. Տարածաշրջանում վերջին շրջանում Իրանի` բավական մեծացրած դերն ու ազդեցությունը որոշակիորեն կնվազի: 3. ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռանկյունու ֆոնին հնարավոր է Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության ակտիվացում, ինչպես նաև Չինաստանի և Իրանի հարաբերությունների սերտացում (ԱՄՆ-ն իր ազգային անվտանգության ռազմավարությունում Ռուսաստանին և Չինաստանին համարել է երկրի թիվ մեկ թշնամի): 4. Իրանն արդեն ստիպված կլինի միջազգային հարթակում պայքարել մի քանի ուղղությամբ. մարդու իրավունքներ, միջուկային գործարք, հրթիռային ծրագրեր: | |
ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ | |
2431 reads | 18.01.2018
| |