Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ Ուկրաինայի հայերի միության տարեկան ամփոփիչ համաժողովը։ Սա միակ համաուկրաինական հասարակական կազմակերպությունն է, որը միավորում է երկրի բոլոր մարզերի հայկական համայնքները և երիտասարդական կազմակերպությունները։ Համագումարն ամփոփել է կառույցի պատմամշակութային, կրթական, սպորտի, կանանց հանձնաժողովների, մարզային համայնքների աշխատանքը։
Համաժողովին մասնակցել են շրջանային համայնքների բոլոր ղեկավարները, դիվանագետներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, հոգևորականներ, հասարակական և մշակութային գործիչներ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Ուկրաինայի Վերին Ռադայի ու Հայաստանի ԱԺ պատգամավորները, Հայաստանի հետ Ուկրաինայի խորհրդարանի միջկառավարական կապերի հարցերով պատգամավորական խմբի անդամները՝ Արտեմ Դմիրտրուկի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Համագումարի ընթացքում կայացել է նաև Երևանում կառուցվող այգու շնորհանդեսը։ Դա Ուկրաինայի հայերի միության նվերն է Հայաստանի մայրաքաղաքին։ Հայաստանում սքեյթի համար այգու կառուցման նախագծի հեղինակը ճարտարապետ Արմեն Շատվորյանը:
Համաժողովի հատուկ հյուրերն էին նաև Հայաստանից մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանը, Մարիա Ասատրյանը և Նաիրի Հոխիկյանը, Լրագրողների անկախ արհմիության նախագահ Լևոն Սարդարյանը, քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, մշակույթի, գիտության առաջատար գործիչներ և այլ հյուրեր՝ Ուկրաինայից ու Հայաստանից: Նիստի շրջանակում կայացել է ՈՒՀՄ կրթաթոշակային ծրագրի մրցանակակիրների չորրորդ պարգևատրման արարողությունը: Գործնական մասին հաջորդել է գալա համերգը, որին մասնակցել են ուկրաինացի և հայ շոու բիզնեսի աստղերը: Կայացել է նաև պարգևատրում՝ հայ-ուկրաինական հարաբերություններում ներդրում ունենալու համար: Մրցանակի են արժանացել հայտնի փորձագետներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ և գիտնականներ:
Հայ-ուկրաինական հարաբերություններում ունեցած ավանդի, նաև Ուկրաինայի հայկական համայնքի հետ արդյունավտ աշխատանքի համար պարգևատրվել է նաև Diplomat.am նախագծի խմբագիր Նաիրի Հոխիկյանը:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հայտարարել է 2020-ը կլինի Ուկրաինա-Հայաստան բարեկամության, կապերի ամրապնդման տարի։
Վիլեն Շատվորյանն ընդհանրապես, համաժողովի շրջանակում և դրանից դուրս աչքի է ընկնում կազմակերպչական բարձր հատկանիշներով: Diplomat.am-ի հետ զրույցում Վիլեն Շատվորյանը շեշտեց, որ իր համար կարևորը համայնքի միասնականությունն է, և այդ գործում հաջողության հասնելու համար ինքը կատարել ու կատարում է ոչ միայն ֆինանսական ներդրումներ, այլև մշտական հանդիպումներ է ունենում Ուկրաինայի տարբեր համայքներում բնակվող հայերի և հայկական կազմակերպությունների, ինչպես նաև ուկրաինական իշխանությունների հետ:
Ուկրաինայում տեղեկատվական դաշտում ընդհանրապես, և մասնավորապես, հայկական համայնքի կյանքը լուսաբանելու առումով, մեծ աշխատանք է կատարում www.AnalitikaUA.net կայքը, որի հիմնադիր Մարատ Հակոբյանը Diplomat.am-ի հետ զրույցում ասաց՝ համայնքը ուժեղ է միասնականության և հայկական պետության հետ ամուր կապերի շնորհիվ: Մարատ Հակոբյանը սերտ կապեր ունի Ուկրաինայի քաղաքական ու հանրային տարբեր գործիչների հետ, ինչը հնարավորություն է տալիս ինչպես առաջին ձեռքից և հավաստիորեն ստանալ անհրաժեշտ տեղեկությունը, այլև հրապարակումները հասցնել ճիշտ հասցեատիրոջը՝ խնդիրները ժամանակին և արդյունավետ լուծելու համար:
Կիևում գործում է առաջատար 10-յակի մեջ մտնող НАШ լրատվական հեռուստաընկերությունը, որի տնօրենը հայազգի Տիգրան Մարտիրոսյանն է: Նրա հեղինակած հաղորդումները Ուկրաինայում ունեն բարձր դիտողականություն, իսկ հարցազրույցների ժամանակ բարձրացված հարցերը դառնում են քննարկումների առարկա տևական ժամանակ: Այս հեռուստաընկերության ակտիվ ներկայացուցիչներից է նաև Նելլի Ղարիբյանը:
Երիտասարդ հայուհու ակտիվությանը ծանոթ են նաև ուկրաինացի պատգամավորներն ու պետական պաշտոնյաները: Նա ոչ միայն լրագրող է, այլև ակտիվիստ, ում վստահվում է ինչպես հայկական համայնքի, այնպես էլ հեռուստաընկերության հետ կապված հարցերի տեխնիկական կազմակերպումը:
Այսպիսին է ուկրաինահայ մոտ 500.000-ոց համայնքը: Մեծ երկրի բազմաթիվ հատվածներում բնակվող, տարբեր քաղաքական հայացքներ կրող, սակայն մեկ հարցում միասնական՝ հայկական ինքնությունը, հայոց լեզուն, հայ առաքելական եկեղեցին, հայոց պետականությունը բարձրագույն արժեքներ են: Այդ միասնականությամբ հանդերձ ուկրաինահայերը եղել և մնում են Ուկրաինայի հավատարիմ ու նվիրյալ քաղաքացիներ:
|