WHATSAPP-Ի ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ. ԻՐԱՆԱԿԱՆ ՇՂԹԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՆԱԿԵՏԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ
![]() Հեռուստամեկնաբան, լրագրող Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՐԵՎԱՆ 2019թ. հոկտեմբերի 17-ից Լիբանանում անսպասելի բռնկված սոցիալական բողոքի ցույցերը մի քանի օր անց վերածվեցին կառավարության հրաժարականի պահանջի, իսկ արդեն նոյեմբերի կեսին հստակ երևացին միջազգային դերակատարներն ու տարածաշրջանային լարվածության նոր օջախի հիմքերը: Լիբանանի ներքին խնդիրների վերաբերյալ հայտարարություններ և իշխանության հասցեին խիստ կոչեր են հնչեցնում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և շատ այլ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ, մինչդեռ այն, ինչ առաջին հայացքից անակնկալ սկսվեց ու օրերի ընթացքում թափ հավաքեց Մերձավոր Արևելքի՝ մինչև այժմ կայուն այդ երկրում, նախևառաջ պայմանավորված է Լիբանանի հարևանների կոնկրետ ծրագրերով: Լիբանանն ընդամենը վերջին տասնամյակում է հասցրել ուշքի գալ մոտ 15 տարի տևած (1975-1990) քաղաքացիական պատերազմից, որին զոհ գնաց 144.000 մարդ: 2005թ.-ին Բեյրութի կենտրոնում Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո երկիրը կրկին հայտնվեց ներքաղաքական ճգնաժամի մեջ, ինչից 2006-ին օգտվեց Իսրայելը և հարձակվեց՝ «Հզբոլլահ» կուսակցության դեմ հակաահաբեկչական պայքար ծավալելու պատճառաբանությամբ: ![]() «Հզբոլլահ»-ը Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորում է, որը 1970-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ ազդեցիկ ուժ դարձավ Լիբանանում և հետագա տարիներին Իսրայելի դեմ մարտնչող հիմնական ռազմական կառույցն էր: Մտնելով Լիբանանի քաղաքական դաշտ՝ «Հզբոլլահ»-ը շարունակեց հակաիսրայելական գործունեությունը՝ ստանալով ռազմական և ֆինանսական աջակցություն Իրանից: 34 օր տևած պատերազմում մարդկային ու ռազմական զգալի կորուստ կրելով և ենթարկվելով միջազգային ճնշումներին՝ 2006-ին Իսրայելը ստիպված դուրս եկավ Լիբանանի տարածքից: Հետագայում Հրեական պետությունը, սակայն, ԱՄՆ աջակցությամբ շարունակեց Լիբանանի նկատմամբ ճնշման քաղաքականությունը՝ «Հզբոլլահ»-ից ազատվելու համար, սակայն իրանական աջակցությամբ այդ կառույցի դերը Լիբանանի քաղաքական կյանքում շարունակում էր մեծանալ: 2009թ. խորհրդարանական ընտրությունում «Հզբոլլահ»-ը 128 տեղից ստացավ 12 մանդատ, իսկ 2018-ին մանդատների թիվն ավելացրեց ևս մեկով: «Հզբոլլահ»-ի պատմական ու երդվյալ հակառակորդ է համարվում լիբանանյան քաղաքական դաշտի մեկ այլ խաղացող՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, որը խորհրդարանում ներկայացված է 8 մանդատով: Այս կուսակցության հիմնադիր ղեկավարն է Լիբանանում «բժիշկ» մականունով հայտնի Սամիր Ժահժահը, ում անունը կապվում է այնպիսի երևույթների հետ, ինչպես 1978թ. Լիբանանի նախագահ Սուլեյման Ֆրանժեի որդու, հարսի և թոռնուհու դաժան սպանությունը, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ բիզնես կապեր ունենալը: Փողոցային պայքարի պատճառներն ու առիթը «Հզբոլլահ»-ը և «Լիբանանյան ուժեր»-ը անզիջում պայքար են մղում խորհրդարանում միմյանց դեմ, իսկ հանրության շրջանում տնտեսական ու սոցիալական քաղաքականության փոխադարձ հակաքարոզչություն են իրականացնում: Վերջին տարիներին Լիբանանում սոցիալական խնդիրները ավելի ակնառու են դարձել, ինչը չի ժխտում անգամ իշխանությունը՝ միաժամանակ չգտնելով դրանց լուծման ուղիներ: 10.452 կմ2 տարածք ունեցող մերձավորարևելյան այդ փոքր երկրում ապրում է 6,859,408 մարդ (2018), աղքատության մակարդակը 19% է, արտաքին պարտքը գերազանցում է 86 մլրդ ԱՄՆ դոլարը, որը երկրի ՀՆԱ-ի 150%-ից ավելի է: Համաշխարհային բանկը ճգնաժամային է գնահատել Լիբանանի տնտեսական դրությունը` կառավարությանը կոչ անելով ցնցումներից խուսափելու համար կոշտ տնտեսական քաղաքականություն վարել, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Լիբանանի կառավարությունը 2019թ. հոկտեմբերի սկզբին սոցիալական ներքին լարվածության պայմաններում հայտարարեց միջազգային պահուստային ֆոնդերից ևս 11 մլրդ ԱՄՆ դոլարի վարկ վերցնելու մտադրության մասին՝ որպես ֆինանսական ներարկում տնտեսության մեջ, նաև հայտարարեց մի շարք հարկեր բարձրացնելու մասին՝ հարկ սահմանվեց ինտերնետային WhatsApp հավելվածով հաղորդակցության համար: Սա այն կայծն էր, որը դարձավ մեծ հրդեհի պատճառ: 2019թ. հոկտեմբերի 17-ին հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ դժգոհելով տարիներ շարունակ կուտակված սոցիալական դժվարություններից, կոռուպցիայից ու կառավարության անգործունակությունից: Բողոքի ցույցերի արդեն երկրորդ օրը հնչեցին հստակ պահանջներ՝ պաշտոնից հեռացնել կոռուպցիոն պատմությունների մեջ ներքաշված մարդկանց և իրականացնել տնտեսական արդյունավետ քաղաքականություն՝ լիբանանցիների սոցիալական վիճակն արագորեն կարգավորելու համար: Նույնիսկ Լիբանանի կառավարությունը չի ժխտում, որ երկրում կա սոցիալական մեծ լարվածություն. Transparency international միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով՝ 2018-ին 180 երկրների շարքում Լիբանանը կոռուպցիայի բարձր մակարդակով զբաղեցրել է 138-րդ տեղը, միաժամանակ երկրի բնակիչների համար էլեկտրաէներգիան և ջուրն անբավարար են մատակարարվում: Մարդկանց եկամուտն ու ծախսերը խիստ անհավասար են, ինչի հետևանքով վարկային բեռը Լիբանանի քաղաքացիների համար տարեցտարի ավելի է ծանրանում: ![]() Ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար բերենք մի քանի փաստ. Նվազագույն աշխատավարձը Լիբանանում տատանվում է 400-466 ԱՄՆ դոլարի սահմաններում, միջին աշխատավարձը 1000 ԱՄՆ դոլար է, սակայն կոմունալ, կենցաղային ծախսերն այնքան շատ են, որ անգամ միջինից բարձր աշխատավարձ ստացողի համար է դժվար դիմակայել դրանց: Այսպես, հացը Լիբանանում արժե 0.85-1 դոլար (405-477 ՀՀ դրամ), ձուն՝ 0.23$ (110 ՀՀ դրամ), խմելու ջրի 1 լիտրը՝ 0.60$ (286 ՀՀ դրամ), կաթի 1 լիտրը՝ 2.08$ (990 ՀՀ դրամ), տավարի 1 կգ միսը՝ 12.15$ (5800 ՀՀ դրամ): Մայրաքաղաք Բեյրութում ավտոբուսի տոմսն արժե 1.34$ (640 ՀՀ դրամ), տաքսիի 1կմ-ի արժեքը՝ 1.40$ (670 ՀՀ դրամ), ավտոմեքենա ունենալու դեպքում բենզինի 1 լիտրը արժի 0.84$ (400 ՀՀ դրամ): Բջջային կապի՝ Լիբանանի տարածքում 1 րոպե խոսակցության արժեքը տատանվում է 0.34$-ի սահմաններում (163 ՀՀ դրամ), մալուխային ինտերնետի ամսավճարը միջինում 51$ է (24.000 ՀՀ դրամ): Հագուստը ևս թանկ հաճույք է Լիբանանում: Ջինսե տաբատը Բեյրութի խանութներում վաճառվում է միջինը 97$-ով (46.000 ՀՀ դրամ), կաշվե դասական կոշիկը՝ 90-137$-ով (43.000-65.000 ՀՀ դրամ): Ստացվում է՝ 2 երեխա ունեցող՝ 4 անդամից բաղկացած լիբանանյան միջին ընտանիքի միջին մակարդակի պահանջների բավարարման համար ամսական ծախսվում է 3500$, այն դեպքում, երբ ընտանիքի մեկ անդամի միջին հնարավոր եկամուտը 1000-1500$ է: 1500$-ից ավելի աշխատավարձ ստանում է լիբանանցիների խիստ փոքր մասը, հետևաբար ծախսերն ու եկամուտները ոչ միայն չեն համապատասխանում, այլև մարդկանց ստիպում են նոր վարկեր վերցնել՝ կարիքների բավարարման համար: Ահա այդպիսի սոցիալական լարվածության պայմաններում կառավարության նախաձեռնած հարկային կոշտ քաղաքականությունը փողոց հանեց իրենց կենսամակարդակից դժգոհ լիբանանցիներին: Սոցիալական բողոքը, սակայն, հաշված օրերի ընթացքում վերածվեց քաղաքական պայքարի: Արդեն հոկտեմբերի 20-ին՝ ցույցերի 3-րդ օրը, մոտ կես միլիոն մարդ Լիբանանի ամբողջ տարածքում փողոց էր դուրս եկել՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Վարչապետ Սաադ Հարիրին, որի նկատմամբ հանրային դժգոհությունները գագաթնակետին են հասել, կարողացավ դիմադրել 13 օր: Հոկտեմբերի 29-ին նա հայտարարեց հրաժարականի մասին, ինչը ոգևորության ալիք բարձրացրեց հանրության շրջանում: Աղքատության բարձր մակարդակ ունեցող Լիբանանում վարչապետ Սաադ Հարիրիի կարողությունը, ըստ Forbes-ի վարկանիշի, գնահատվում է 4.1 մլրդ դոլար, որը համաշխարհային սանդղակում 522-րդն է: ![]() Սաադ Հարիրիի բարեկամները՝ նրա դեմ պայքարողների առաջնորդներ Ուշադրության է արժանի ևս մեկ իրողություն. սոցիալական բողոքը քաղաքական պահանջների վերածած կուսակցությունների հիմնական մասն այն ուժերն են, որոնք վարչապետ Սաադ Հարիրիի հետ դաշինքի կազմում հայտնվել են խորհրդարանու և այժմ էլ Հարիրիի հետ գործընկերային կապեր ունեն: Այդպիսի առանցքային դեր է ստանձնել «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, որի առաջնորդ Սամիր Ժահժահը մի կողմից խորհրդարանում «Մարտի 14-ի կոալիցիա»-ի կազմում աշխատում էր վարչապետ Սաադ Հարիրիի հետ, մյուս կողմից՝ փողոցում ցուցարարների առաջ կառավարությանը հեռացնելու և երկրի կառավարման արմատական փոփոխություններ անելու կոչեր անում: Սամիր Ժահժահը լիբանանյան ոչ ստանդարտ կառավարություն ձևավորելու ջատագովներից է, որի դեպքում, փաստորեն, առ ոչինչ են ճանաչվում 2018-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրության արդյունքները, և կառավարություն կազմվում է ոչ թե խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, այլ բացառապես արհեստավարժ մասնագետներից, որոնք պետք է մշակեն և իրականացնեն տնտեսական արդյունավետ քաղաքականություն: Վարչապետ Հարիրիի կառավարության դեմ պայքարող նրա խորհրդարանական գործընկերների գլխավոր թիրախը «Հզբոլահ»-ն է, որին ցանկանում են դուրս թողնել երկրի կառավարման համակարգից: «Լիբանանյան ուժեր»-ը սկզբունքորեն դեմ է, որպեսզի նոր կառավարության մեջ լինեն քրիստոնյաներ, նույն կարծիքին է նաև հրաժարական տված վարչապետ Հարիրին, մինչդեռ «Հզբոլլահ»-ը պնդում է հակառակը: Հենց «Հզբոլլահ»-ի դեմ էլ փողոցային պայքարում հանրությանը տրամադրում է Սամիր Ժահժահի գլխավորած «Լիբանանյան ուժեր»-ը, որին գումարվում են ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները «Հզբալլահ»-ի հետ համագործակցող ուժերի նկատմամբ (ԱՄՆ-ն «Հզբոլլահ»-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն): Ի պատասխան՝ «Հզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը հոկտեմբերի 25-ին դիմեց Լիբանանի հանրությանը՝ նշելով, որ անհնազանդության գործողությունները երկիրը կտանեն քաոսի և քաղաքացիական պատերազմի ուղիով: Նասրալլահը նաև բաց տեքստով շեշտեց, որ Լիբանանի անկայունության համար մեղավոր են արտաքին ուժերը, հատկապես՝ ԱՄՆ-ն, Իսրայելը և Սաուդյան Արաբիան: «Հզբոլլահ»-ից ազատվելու փորձերը Միջազգային լրատվամիջոցներն ու փորձագիտական կենտրոնները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են վերոնշյալ երեք պետությունների կողմից Լիբանանի նկատմամբ ոտնձգությունների փորձերին: Քանի որ Լիբանանը ավանդաբար իրանական ազդեցության գոտում է՝ շնորհիվ «Հզբոլլահ»-ի ուժի և հեղինակության, ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան տարբեր միջոցներով պարբերաբար փորձում են դուրս մղել «Հզբոլլահ»-ը Լիբանանի կառավարման համակարգից՝ վերացնելով Իրանի ազդեցությունը Լիբանանում, իմա՝ ամբողջ տարածաշրջանում և հատկապես, Իսրայելի սահմանի մոտ: 2017-ին «Հզբոլլահ»-ից ազատվելու քայլ արվեց նաև վարչապետ Սաադ Հարիրիի միջոցով: Ըստ ամերիկյան The New York Times-ի բացահայտումների՝ Սաուդյան Արաբիայում ստվերային բիզնես գործունեություն ծավալող Հարիրին [16] 2017թ. նոյեմբերի 4-ին անակնկալ այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ Սալման Իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդի հետ մի քանի ժամ տևած հանդիպումից հետո սաուդական հեռուստատեսությանը հարցազրույց տվել և հայտարարել, որ հրաժարական է տալիս, քանի որ իրանական կողմից սպառնալիք կա իր կյանքի նկատմամբ, որը կարող է իրականացնել «Հզբոլլահ» խմբավորումը: Ավելի ուշ պարզվեց, որ Հարիրին չի կարող լքել Սաուդյան Արաբիայի տարածքը, քանի որ ենթարկվել է տնային կալանքի, և Լիբանանի նախագահ Միշել Աունի կոչով միջազգային հանրության ճնշումների ներքո Սաուդյան Արաբիան բաց թողեց Հարիրիին, որն էլ հայտարարեց, թե փոշմանել է հրաժարականի առումով և կուլիսային բանակցություններով հաշտություն կնքեց «Հզբոլլահ»-ի և Իրանի հետ: Սաադ Հարիրիի անունը, սակայն, այլ գործողություններով ևս կապված է Սաուդյան Արաբիայի հետ: Մասնավորապես, 2012թ. դեկտեմբերի 12-ին Սիրիայի կառավարությունը Սաադ Հարիրիի և 2 պաշտոնյայի ձերբակալման միջազգային հրամանագիր տվեց, ովքեր ներքաշված են եղել Սաուդյան Արաբիայից սիրիացի ապստամբներին ու ահաբեկիչներին զենք մատակարարելու գործընթացի մեջ: Լիբանանում կոռուպցիայի և օլիգարխիկ համակարգի հետ սերտաճած լինելու համար մեղադրվող Հարիրին, սակայն, այժմ այնքան չի քննադատվում, որքան հակաիսրայելական տրամադրություններով հայտնի և «Հզբոլլահ»-ին պաշտպանող նախագահ Միշել Աունը: Վարչապետի հրաժարականից հետո «Լիբանանյան ուժեր» կուսակցության մանիպուլյացիոն քարոզչական հնարքներով հանրության համար թիրախը փոխվեց՝ Սաադ Հարիրիից անցնելով նախագահ Միշել Աունի վրա: Այժմ հենց նա է մեղադրվում կոռուպցիայի, տնտեսական անհաջողությունների և արտաքին սխալ քաղաքականության համար: Դրան գումարվում է նաև ԱԳ նախարար Ջիբրան Բասիլի հետ նախագահի ընտանեկան կապը: Լիբանանի նախագահը մեղադրվում է իր փեսային պետական բարձր պաշտոնի տեղավորելու և այդկերպ արտաքին քաղաքականությունը իր վերահսկողության տակ պահելու համար: Այսպիսով, արագ տեմպերով հանրության աչքում հեղինակազրկվում են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք չեն համագործակցում ԱՄՆ-ի, Իսրայելի կամ Սաուդյան Արաբիայի հետ: Այդպիսի ուժերի թվում են նաև հայկական ավանդական կուսակցությունները, որոնք հիմնականում խորհրդարանում ներկայացված են նախագահ Միշել Աունի՝ «Մարտի 8-ի կոալիցիայում», որը հայտնի է քրիստոնյաների նկատմամբ հավասար պայմաններ ապահովելու դիրքորոշմամբ: Լիբանանի հայերին սպառնացող վտանգը Լիբանանահայ բնակչության թիվը ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների, հասնում է 250.000-ի (Լիբանանի ընդհանուր բնակչության 6.5%-ը): Այլ աղբյուրներ խոսում են ընդամենը 40-50 հազարանոց համայնքի մասին: Անկախ ամենից, Լիբանանի հայերը զգալի դեր ունեն, օգտվում են անկախ համայնքային կյանք վարելու, կրոնական, մշակութային, կրթական հաստատություններ ունենալու իրավունքից, նաև ակտիվ ներգրավված են երկրի կառավարման համակարգում: Լիբանանի խորհրդարանում կա 6 հայ պատգամավոր, զբոսաշրջության և սոցիալական հարցերի նախարարությունների ղեկավարները նույնպես հայ են: Լիբանանում է նաև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական 4 աթոռներից մեկը՝ Կիլիկիո կաթողիկոսությունը Անթիլիասում: ![]() Ինչպես 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմի տարիներին, 2019թ. հոկտեմբերի 17-ից սկսված ներքին բախումների ժամանակ ևս լիբանանահայերը հնարավորինս չեզոք դիրքորոշում են որդեգրել, թեպետ լիովին դուրս մնալ գործընթացներից հնարավոր չէ: Նախ՝ հայկական համայնքի պատգամավորներից 3-ը ներկայացված են նախագահ Միշել Աունի «Մարտի 8-ի կոալիցիա»-ում, ինչը նշանակում է, որ փողոց դուրս եկած ընդդիմադիրների համար ՀՅԴ-ն ներկայացնող այս պատգամավորներն՝ իրենց ընտրազանգվածով ևս թիրախ են: Մյուս կողմից, փողոցային պայքարի մեջ ներքաշված են բազմաթիվ շարքային լիբանանահայեր, որոնք բողոքի ակցիաների ժամանակ առաջնորդի դեր են ստանձնում. ակնառու կերպարներից է Բեյրութի կենտրոնական փողոցներն արգելափակած ցուցարարներին առաջնորդող Ջոել Պետրակյանը: Նա նախագահ Աունի և կառավարության ակտիվ ընդդիմախոսներից է՝ կոչ անելով փողոցային ամբոխին չգնալ որևէ բանակցության և պահանջելով իշխանության հեռացում: Ընդդիմադիր ճամբարի հիմնական առաջնորդ, քրիստոնյաների երդվյալ հակառակորդ Սամիր Ժահժահը պնդում է, որ նոր կառավարությունում քրիստոնեական համայնքներին պետք է զրկել արտոնություններից՝ տողերի արանքում առաջ մղելով սուննի մահմեդականների լիազորությունների մեծացումը: Այդ գործընթացում «Լիբանանյան ուժեր»-ի թիկունքում փողոց դուրս եկած միլիոնի հասնող զանգվածն է և Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությունը: Ամբոխին գրգռելու մանիպուլյացիաների կիրառում Նախահեղափոխական Լիբանանում փողոցային պայքարն ավելի սրելու համար նոյեմբերի 12-ից գործի դրվեցին ամբոխին գրգռելու այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպես ցուցարարների համատարած սպանությունների մասին լուրերի տարածումը և խանութներ թալանելու իրավունք տալը: Մասնավորապես, նոյեմբերի 12-ին անհասկանալի պայմաններում, առանց բախումների, տարածքով անցնող մեքենայի վարորդը Բեյրութում՝ կնոջ և երեխաների աչքի առաջ գնդակահարեց և սպանեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալաա Աբու Ֆախըրին: Զոհված ընդդիմադիրը միանգամից կնքվեց որպես «հայրենիքի նահատակ», սկսվեցին համատարած մոմավառություններ ամբողջ Լիբանանում, իսկ արդեն հաջորդ օրը՝ նոյեմբերի 13-ին, մայրաքաղաքի ու խոշոր բնակավայրերի ցուցարարները քարկոծեցին ոստիկանության ծառայողներին ու պետական հաստատությունները, փակեցին մայրուղիներ ու թունելներ, որոշ հատվածներում անգամ աղյուսից պատեր կառուցեցին՝ դիրքավորվելով փողոցային մարտերի բարիկադներում: ![]() Նույն օրը ԶԼՄ-ները տարածեցին Լիբանանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ լիբանանահայերի արագ տարհանում կազմակերպելու մասին, սակայն ժամեր անց ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հերքեց այդ լուրը՝ նշելով, որ իրավիճակը վերահսկելի է: Բողոքի ակցիաների մասնակիցներին ոգևորեցին Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունների սատարող հայտարարությունները: Մասնավորապես, նոյեմբերի 17-ին Լիբանանում ԱՄՆ դեսպանությունը պաշտոնական հայտարարություն տարածեց. «Մենք աջակցում ենք Լիբանանի քաղաքացիներին՝ նրանց ցույցերի և ազգային միասնականության արտահայտման համար»: Լիբանանի շուրջ աշխարհաքաղաքական շահերն ավելի ակնառու դարձան այդ հայտարարությունից հետո: ԱՄՆ պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերը բացահայտ ասաց, որ պետք է աջակցել Իրաքի և Լիբանանի ժողովուրդներին` ձերբազատվելու համար Իրանի ազդեցությունից: Իրանական ազդեցության դեմ պայքարի ակտիվ մասնակից է համարվում Լիբանանի ֆինանսների նախկին նախարար, 75-ամյա գործարար Մուհամեդ Սաֆադին, ում էլ վարչապետի պաշտոնում առաջարկել է հրաժարական տված Սաադ Հարիրին: Սաֆադիի անունը, ի դեպ, սերտորեն կապված է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ: Նրա թեկնածությունը հաստատվելու դեպքում կարող է կասկածից վեր լինել, որ սաուդյան ֆինանսական ներարկումների միջոցով նախ փորձ կարվի բավարարել լիբանանյան հանրության սոցիալական պահանջները, ապա նույն այդ հանրությանը տրամադրել «Հզբոլլահ»-ի, հետևաբար՝ Իրանի դեմ: BBC-ի արաբական ծառայությունն արդեն ակտիվորեն հոդվածներ ու ծաղրանկարներ է հրապարակում Իրանի և «Հզբոլլահ»-ի թեմաներով՝ Լիբանանի բնակչությանը մատուցելով մեկ նշանաբան՝ «Իրաքից Լիբանան մեկ հեղափոխություն է, և այն չի մեռնի»: Այդ ֆոնին թեև Լիբանանի նախագահը և քաղաքական մի քանի ուժեր առաջարկել են ընդառաջ գնալ ցուցարարների և նրանց առաջնորդների պահանջներին և կառավարություն կազմել ոչ թե խորհրդարան մտած կուսակցությունների ներկայացուցիչներից, այլ բացառապես տեխնոկրատներից [31], բայց փողոցը գրաված ընդդիմությունը մերժեց նաև այդ առաջարկը՝ պահանջելով դաշտից հեռացնել իրանամետ «Հզբոլլահ»-ին և դրանից հետո միայն կազմել նոր կառավարություն: Նոյեմբերի 18-ից հետո լարվածությունը հասել է այն աստիճանի, որ բանակը արգելափակել է մայրաքաղաք Բեյրութը, և փողոց դուրս գալիս մարդիկ մեծ մասամբ հատուկ անցագրեր են ստանում, կաթվածահար են երթևեկությունը, բանկային համակարգը, կոմունալ սպասարկման ծառայությունները: Եզրակացություն Այսպիսով, ամփոփելով վերոբերյալ փաստերը, կարող ենք եզրակացնել, որ Լիբանանը, ամենայն հավանականությամբ, կլինի 2011-ից մեկնարկած «Արաբական գարնան» հերթական պետությունը, որտեղ իշխանության արմատական փոփոխությամբ տեղի է ունենում ոչ միայն կառավարման համակարգի, այլև երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխություն: Դեռևս 2005-ից Սաուդյան Արաբիայի հետ ֆինանսական սերտ կապեր հաստատած նախկին վարչապետ Սաադ Հարիրին կարողացավ ճիշտ ժամանակին հրաժարական տալով՝ խուսափել տնտեսական խնդիրների պատասխանատվությունից և հանրության զայրույթն ուղղորդել իր քաղաքական հակառակորդների՝ իրանամետ և ռուսամետ նախագահի թիմի դեմ: Եթե սոցիալական խնդիրներից քաղաքականի վերածված բողոքի ցույցերի արդյունքում վարչապետի պաշտոնն ստանձնի այս պահի ամենահավանական թեկնածու Մուհամեդ Սաֆադին, ապա Լիբանանի իշխանության բարձրագույն օղակներն ամբողջությամբ կանցնեն Սաուդյան Արաբիայի ազդեցության և հսկողության տակ, ինչի հետևանքով զգալի կթուլանան Իրանի դիրքերը, հատկապես, եթե նոր կառավարությունը՝ Սաուդյան Արաբիայի դրդմամբ քրեական մեղադրանքներ առաջադրի «Հզբոլլահ»-ի նկատմամբ: Այդպիսի սցենարը կարող է իրատեսական լինել՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի քարոզչական արշավը Լիբանանի ներքին անկայունությունը շարունակական դարձնելու և իրանամետ ուժերի դեմ հանրությանը տրամադրելու համար՝ այդ նպատակի համար օգտագործելով Սաուդյան Արաբիայի փողերը: Ռուսաստանի շահերը ևս առանցքային են տարածաշրջանում: Ռուսական ռազմածովային ուժերը ազատ տեղաշարժվում են Միջերկրական ծովում և ցանկացած ժամանակ կայանում Լիբանանի ափերին՝ այդկերպ վերահսկողություն հաստատելով ամբողջ տարածաշրջանի նկատմամբ: Լիբանանում ունեցած իր մեծ ազդեցությամբ ու դիրքով Իրանն էլ մշտական ճնշում է գործադրում Իսրայելի նկատմամբ՝ «Հզբոլլահ»-ի ձեռամբ պարբերաբար սպառնալով Իսրայելի անվտանգությանը: Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում Ռուսաստանն ու Իրանը մեծ հավանականությամբ կզրկվեն իրենց ազդեցության լծակներից: Այդպիսի պարագայում վտանգ կարող է սպառնալ նաև լիբանանահայությանը, քանի որ խորհրդարանում հայ պատգամավորները հիմնականում ընդգրկված են «Հզբոլլահ»-ի հետ նույն խմբակցությունում: Լուսանկարները՝ Բեյրութի հայկական «Ազդակ» պարբերականից: | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
4710 reads | 25.11.2019
| |