ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ԴԵՄ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() 2018-ի հունվարի 9-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Modern Diplomacy» միջազգային վերլուծական պորտալում հրապարակել էր «Յո՞ երթաս Երուսաղեմ։ Թրամփի մատնանշած արահետո՞վ» խորագրով հոդված՝ խոշորացույցի տակ առնելով ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարության դրական ու բացասական հետևանքները, նաև հայ-իսրայելական հարաբերությունների ներկա փուլը: Հաշվի առնելով, որ վերջին 2 տարվա ընթացքում Երևանի և Թել-Ավիվի միջև դիվանագիտական ու մշակութային կապերը ավելի են ակտիվացել, պարբերաբար լինում են փոխադարձ այցեր ու համատեղ ծրագրեր՝ հայ դիվանագետը հրապարակման մեջ կարևոր էր համարել աշխարհաքաղաքական ներկա ճգնաժամային փուլում օգտագործել բոլոր հնարավորությունները Իսրայելի հետ նոր տեսակի կապեր հաստատելու համար՝ միաժամանակ դառնալով կամուրջ այդ երկրի և հարավկովկասյան տարածաշրջանի այլ երկրների միջև: Հրապարակումը դրական արձագանք էր ստացել ինչպես Իսրայելի առաջադեմ փորձագիտական դաշտում, այնպես էլ աշխարհի այլ երկրների քաղաքակիրթ շրջանակներում: Նույնը, սակայն, չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Բնական է, որ այնտեղ սրերով պետք է դիմավորեին Հայաստանի եղած հաջողությունների կամ դրանց տեսլականի մասին ցանկացած տեղեկություն: Այս դեպքը ևս բացառություն չէր: ![]() Հայ-իսրայելական հարաբերությունների դրական առաջընթացի ֆոնին ամեն ամիս բացասական տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի և Իսրայելի կապերի մասին: Տխրահռչակ զենքի վաճառքի գործարքը աքիլլսեյան գարշապար է դարձել Իսրայելի համար, իսկ վերջերս բացահայտված դեպքը՝ Ադրբեջանի կողմից ահաբեկիչների զենք վաճառելու պատմությունը խորացրել է այդ երկրի հակասությունները Իսրայելի իշխանության հետ: ![]() Հոդվածի հեղինակ Յակոբ Կամարասը չի թաքցնում իր ատելությունը Հայաստանի նկատմամբ՝ նշելով, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, նաև բառացի կրկնելով ադրբեջանական թեզերը: Իրեն փորձառու լրագրող համարող Կամարասը շեշտում է Ադրբեջանի և Իսրայելի պատմական բարեկամությունը՝ նշելով. «հակասեմիտիզմը երբևէ խնդիր չի եղել Ադրբեջանում, թե՛ պատմականորեն, թե՛ ներկայումս: Ադրբեջանի «լեռնային հրեաները» ապրել են խաղաղության ու բարգավաճման մեջ Կովկասի տարածաշրջանում 5-րդ դարից ի վեր…»: Էլ որտե՞ղ կարելի կլինի կարդալ Ադրբեջանի ու 5-րդ դարի միջև կապի մասին հեքիաթներ, եթե ոչ ադրբեջանական ԶԼՄ-ներում և Ադրբեջանի կողմից գնված օտարազգի որոշ էժանագին հեղինակերի գործերում: Յակոբ Կամարասը կրկնում է ադրբեջանական թեզերը նաև Հայաստանի և Ռուսաստանի՝ վասալային կապի, Իրանի՝ ահաբեկչական պետություն լինելու, Հայաստանի կողմից տարվող հակահրեական քարոզչության մասին: Հեղինակը նույնիսկ չի թաքցնում, որ ատելությամբ է լցված Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ՝ այդկերպ անվստահություն առաջացնելով իր մասնագիտական կարողությունների նկատմամբ: ![]() Յակոբ Կամարաս Միացյալ Նահանգներում հիմնել է JNS անունով մի կայք, որտեղ թեև կենտրոնում Իսրայելն է, սակայն չկա որևէ օբյեկտիվ վերլուծություն: Ադրբեջանի վերաբերյալ հրապարակումները ողողված են քծնանքով ու փառաբանությամբ, իսկ Հայաստանի մասին գրվում է արհամարանքով և ոչ պրոֆեսիոնալ հակաքարոզչությամբ. ամբողջությամբ ադրբեջանական ձեռագիրը: Ինչևէ, պետք է սովորել և ըստ արժանվույն դիմավորել յուրաքանչյուր քարկոծում, քանի որ դա խոսում է Հայաստանի պետության հաջողությունների և հակառակորդի ճամբարում խուճապի մասին: Կասկածից վեր է, որ Յակոբ Կամարասի նման «լրագրողներ» Ադրբեջանը շատ ունի իր խավիարային բազայում, սակայն հայկական կողմի համար կարևորը այս պահին պետք է լինի հաստատուն քայլեր անել Իսրայելի պետության հետ հարաբերությունների՝ էլ ավելի խորացման ուղղությամբ՝ անտեսելով ճանապարհի մանր խութերը՝ միաժամանակ դառնալով ամուր կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Դա մենք հաջողությամբ արել ենք նախորդ հազարամյակների ընթացքում, երբ Հայաստանի նկատմամբ այսօր թշնամաբար տրամադրված պետությունները նույնիսկ սաղմ չէին: | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
1871 reads | 27.02.2018
| |