ՉՈՐ ՓԱՍՏԵՐ ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() 63-ամյա հոգևորականն արդարացիորեն նեղսրտում է, որ վիրավորական է, երբ մարդն իր մասին լսում է քննադատություն և մեղադրանք այն դեպքում, երբ ինքը հակառակ արդյունքն է փորձել ստանալ: Աթեշյանը բերում է օրինակներ, թե ինչպես է տարիներ շարունակ պայքարել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին նորոգելու և վրան խաչ տեղադրելու, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացելու, նաև հայկական պատմամշակութային ժառանգության բազմաթիվ արժեքավոր գործեր փրկելու համար: Մեծարգո հոգևորականը, սակայն, միտումնավոր, թե պատահմամբ աչքաթող է արել մի քանի իրողություն: ![]() Ամիսներ շարունակ կտավը բռնագրավված էր Աթեշյանի պահանջով, և 2017թ. հունվարի 12-ին միայն ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց գործը կարճելու մասին՝ շեշտելով, որ Արամ Աթեշյանի մեղադրանքները անհիմն են: «Ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված նկարը սեփականատերը ձեռք է բերել 1971 թվականին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, և նման պայմաններում բացակայում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձ կատարելու հանցագործության դեպքը»,- մասնավորապես նշված էր ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: ![]() Համայն հայությանն ուղղված խրատական նամակում Արամ արք. Աթեշյանը բազմաթիվ օրինակներ է բերում, թե ինչպես են իրեն մեղադրում շքեղ տներ, ամառանոցներ, 500.000 դոլար արժողությամբ բնակարաններ ձեռք բերելու համար: Այս մեղադրանքներին հակադարձելը Աթեշյանի նամակի առանցքն է: Հայ հոգևորականը կարևոր տեղ է հատկացնում թվարկելուն, թե ինչ մեծ գործեր է արել ինքը փոխանորդ եղած մոտ 9 տարվա ընթացքում՝ նշելով Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին վերաբացելու, ստամբուլաբնակ հայաստանցի երեխաներին գրանցում և կրթություն տալու, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին նորոգելու և վերաբացելու, մոտ 20 եկեղեցապատկան հողեր թուրքական կառավարությունից հետ վերցնելու, Թուրքիայի հայկական եկեղեցիների մասին ֆիլմեր պատրաստելու ձեռքբերումները: Այնուամենայնիվ, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին հանդիսավոր կերպով բացվել է 2007 թվականին, երբ Պոլսո հայոց պատրիարքը դեռևս Մեսրոպ Մութաֆյանն էր: Նա մեկ տարի անց միայն հիվանդացավ և դարձավ անգործունակ: Արամ Աթեշյանն այդ ընթացքում պատրիարքարանի ծառայող էր: ![]() Սուրբ Կիրակոսի օծման և բացման արարողության օրերին՝ 2011-ի հոկտեմբերին, ես Թուրքիայում էի և մասնակցել եմ այդ միջոցառումներին: Արամ Աթեշյանը Դիարբեքիր ժամանել է միայն օծման օրը՝ հպանցիկ ծանոթանալով կատարված աշխատանքներին և չթաքցնելով, որ սա անիմաստ ծախս է, քանի որ այստեղ մուսուլմանները չեն կարող աղոթել, իսկ քրիստոնյա հայեր ապրում են միայն Ստամբուլում: Կրկին իմ ներկայությամբ 2012-ի սեպտեմբերի 5-ին Արամ Աթեշյանը Վանի Աղթամար կղզում նախ՝ հայտարարեց, թե անհիմն են հայերի պնդումները Արևմտյան Հայաստանում ավերված հազարավոր եկեղեցիների ու վանքերի մասին, հետո «անմիտ» անվանեց այն հայերին, որոնք հույս ունեն երբևէ վերադարձնել Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի) երբեմնի հայկական հողերը: ![]() «Եթե անգամ նրանք հայեր են արյունով, ապա, միևնույն է, նրանք չեն կարող հայ լինել, քանի որ 100 տարի ապրել են թուրքի ու քրդի կյանքով»,- կրկնում էր Աթեշյանը մեր զրույցի ժամանակ՝ պահանջելով հրաժարվել «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարը նկարահանելու աշխատանքից և մոռանալ, իր իսկ խոսքերով, «քրդացած հայերի գոյության մասին»: Հայաստանի Հանրապետությունում հաճախ են տեղի ունենում Արևմտյան Հայաստանից եկած իսլամացած հայերի մկրտության արարողություններ՝ նրանց վերադարձնելով քրիստոնեական հավատքի: Այդ մարդիկ չեն թաքցնում, որ ամիսներ շարունակ դիմել են Պոլսո պատրիարքարանին՝ մկրտվելու համար, սակայն այն ժամանակ գրեթե միշտ մերժում են ստացել պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանից: Պատճառաբանությունը մեկն է եղել՝ չունեք քրիստոնեական դաստիարակություն, հետևաբար չեք կարող մկրտվել: 2015-ին էլ հայկական լրատվամիջոցներին Աթեշյանը հրապարակավ հայտարարել էր, թե «Հայ լինելու չափանիշը քրիստոնությունն է», հետևաբար այդ մարդիկ երբևէ չեն կարողանալու վերադառնալ ազգային կրոնին: Նույն իսլամացած հայերը միշտ են շեշտել, որ իրենք հնարավորություն ունեցել են 700-2000 ամերիկյան դոլարի դիմաց մկրտվել հենց Պոլսո պատրիարքարանին ենթական եկեղեցիներում՝ Արամ Աթեշյանի ձեռամբ: 2015-ի մարտին այդ մասին բարձրաձայնեց նաև Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Հիմնականում Ադիյամանի, Դերսիմի և Դիարբեքիրի իսլամացած հայերն էին այն ժամանակ դժգոհում, որ Պոլսո պատրիարքարանը իրենց չի մկրտում հայկական եկեղեցում, իսկ մկրտելու դիմաց պահանջում է 4850 թուրքական լիրա: Ինչպե՞ս կպատասխանի այս փաստերին Արամ արք. Աթեշյանը: Արդյո՞ք քրիստոնեության վերադարձը արժի 4850 լիրա, թե՞ հարյուրավոր իսլամացած հայերի բողոքն ու դժգոհությունը ևս հերյուրանք է: Չմոռանանք, որ Արամ Աթեշյանը, ծնված և մեծացած լինելով Դիարբեքիրում՝ ծպտյալ հայերի ընտանիքում, պատրիարքի փոխանորդ և Ռեջեփ Էրդողանի մտերիմ եղած ժամանակ մերժում էր ծպտյալ հայերի գոյությունը: Այս հարցադրումներն են, որոնց մասին պիտի խորհի հարգարժան հոգևորականը և փորձի հանգստացնել իրեն՝ առանց վիրավորվելու: | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
2434 reads | 25.10.2017
| |