1921Թ․ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ՝ ՈՍԿԵ ՁԿՆԻ՞Կ ԹԵ՞ ԾՈՒՂԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ





Ռուսաստանի խորհրդարանի երկու կոմունիստ պատգամավորներ դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով վերանայել և չեղյալ հայտարարել 1921թ. Մոսկվայում կնքված ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրը, որը պատմության մեջ հայտնի է որպես հակահայկական ամենամեծ գործարքներից մեկը: Ռուս կոմունիստներին միացել են այլ քաղաքական ուժեր ևս, սակայն պաշտոնական Կրեմլը լռում է:

Ռուս կոմունիստ  պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նախ նոր յուղ են լցնում ռուս-թուրքական լարված հարաբերությունների վրա, ապա անասելի հրճվանք են  պատճառում Հայաստանի հասարակական ու քաղաքական դաշտին: 1921-ին Կարսի պայմանագրով Հայաստանից 24.000 քկմ տարածք պոկած ու Թուրքիային նվիրած, Արցախի, Նախիջևանի ու Ջավախքի ճակատագիրը խեղած, նույն թվականին Մոսկվայում թուրքերի հետ եղբայրության պայմանագիր կնքած կոմունիստների հետնորդները այսօր որոշել են վերականգնել պատմական արդարությունը և իրենց խոսքով՝ Արարատը վերադարձնել հայերին:

Վալերի Ռաշկինն այս առիթով ասել է․ «Համաձայն եմ, որ 1921-ին Ռուսաստանում խորհրդային իշխանությունը դեռևս թույլ էր, և ստորագրված պայմանագրերում մենք ստիպված էինք թուրքերին հանձնել 3 շրջաններ, բայց ես կարծում եմ, որ դա հավերժական չէր: Այսօր եկել է ժամանակը, որ մենք Ռեջեփ Էրդողանի դեմ դնենք այդ հարցը և Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարենք, նույն վարքով, ինչպես թուրքերն են երկակի քաղաքական կուրս վարում: Լսեք, Արարատը միշտ Հայաստանում է եղել, Արարատը հայերի սուրբ լեռն է, ինչու մինչև այսօր այն պետք է լինի ուրիշի տիրապետության տակ: Մենք այդ հարցն ենք դնում»:

Ռուս պատգամավորի և նրան միացած այլ խորհրդարանականների առաջարկին երկրի իշխանությունը առայժմ արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մակարդակով՝ չասելով որևէ կոնկրետ բան։ Վլադիմիր Պուտինի ու Սերգեյ Լավրովի խոսքին շունչը պահած սպասում են նաև հայ և թուրք քաղաքական գործիչները, իսկ փորձագետներից շատերը արդեն կանխատեսում են տարածաշրջանային նոր հակամարտություն, որի շնորհիվ Թուրքիայից ռուսները կվերցնեն և մեր սիրուն աչքերի համար մեզ կհանձնեն այն տարածքները, որոնք մեկ դար առաջ թեև մենք արյունով ազատագրել էինք, բայց կոմունիստները թանաքի մեկ հարվածով նվիրեցին թուրքերին:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հռետորական հարց է տալիս՝ որտե՞ղ էին հայասեր այդ պատգամավորները, երբ թուրքական ռազմական ուղղաթիռները խախտում էին Հայաստանի օդային սահմանը կամ երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք էր վաճառում Ադրբեջանին: Հնարավոր է, որ կումունիստները օգտվում են հարմար առիթից՝ ազատվելու ժամանակին իրենց մեղքերից ազատվելու համար, այսօր, սակայն, այդ պայմանագրերի չեղյալ հայտարարելը վտանգավոր կլինի ոչ միայն Ռուսաստանի տարածաշրջանային շահերի, այլև Հայաստանի համար:

«Հիմա երկրորդ ճակատ բացել, այն էլ մեր տարածաշրջանում, կարծում եմ, Ռուսաստանը չի գնա դրան և ճիշտ կանի, որ չգնա։ Իսկ այն, որ ռեջեփ Էրդողանը անհավասակշռված և ոչ ադեկվատ լիդեր է, նրանից ամեն ինչ սպասելի է։ Եթե նա թեկուզ մեկ պահ վստահ լինի, որ ՆԱՏՕ-ն իրեն թիկունք կկանգնի, անպայման հակամարտություն կսկսի»։

Մկանների ցուցադրում, այսպես կարելի է բնութագրել Ռուսաստանի և Թուրքիայի այսօրվա հայտարարություններն ու նախաձեռնությունները: Պետդումայի առաջարկությունը, դիվանագետի համոզմամբ, ևս այդ շարքից է: Ոչ Ռուսաստանը կգնա առճակատման, ոչ էլ թուրքերը կցանկանան բախվել ռուսների հետ՝ լավ իմանալով, որ Մոսկվան կարող է մասնատել Թուրքիան: Շան գլուխն իրականում ոչ թե մեր սահմանների մոտ է, այլ սիրիական հակամարտության մեջ:

«Փաստորեն ՌԴ-ն պատերազմում է Թուրքիայի դեմ՝ Սիրիայի տարածքում։ տարածաշրջանում այնպիսի քաոսային գերլարված իրավիճակ է, որ կայծից կարող է բոց լինել։ Այնպես որ, որքան էլ մենք ցանկանանք, որ այդ հակահայ պայմանագրերը չեղյալ հայտարարվեն, բայց այսօրվա ռեալպոլիտիկի տեսանկյունից դա իրագործելի չէ»,-նշում է դիվանագետը։

Հայաստանը ոչ թե պետք է խաղաքարտ լինի մեծ տերությունների ձեռքին, այլ ունենալով տարածաշրջանային պատմական ու ռազմավարական շահեր՝ կարող է և պետք է գործի դնի իր խաղաքարտերը՝ ազդելու այս դեպքում Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների վրա: Արման Նավասարդյանը նախապատերազմական վիճակ է անվանում այսօրվա լարվածությունը, սակայն եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել հայկական ուժեղ գործոնները, ակտիվացնենք Թուրքիայի արևելյան շրջաններում ապրող ավելի քան 4 մլն հայերին և Ռուսաստանի տարածաշրջանային ծրագրերում ձգտենք օբյեկտից վերածվել սուբյեկտի, ոչ միայն կնվազեցնենք մեր պետությանն սպառնացող վտանգները, այլև անհրաժեշտ պահին երկաթե շերեփով կմոտենանք միջազգային կերակրատաշտին:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
2528 reads | 10.02.2016
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com