ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԿՐԿՆՎՈՒՄ Է ԹՈՒՆԻՍԻ ՍՑԵՆԱՐԸ. ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ԱՂԲԸ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() Մեկ օրվա ընթացքում Լիբանանի մայրաքաղաքում վիրավորվել է 200, զոհվել՝ 1 մարդ: Միջազգային կազմակերպությունները շտապել են մտահոգություն հայտնել, եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը Լիբանանի իշխանությանը կոչ են արել հարգել քաղաքացիական հասարակության իրավունքները, Կարմիր խաչը դաշտային հիվանդանոց է բացել Բեյրութի կենտրոնում՝ առաջին բուժօգնություն ցույց տալու ոստիկանների պատժիչ գործողություններից տուժած ցուցարարներին: Իրադարձությունների այսքան արագ զարգացումը հատկապես մեկ օրվա ընթացքում պատահական չի համարում նույնիսկ Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամը. ![]() Վարչապետ Սալամը շեշտել է, որ աղբը չպետք է պատճառ դառնա հեղափոխություն անելու և պետության անվտանգությունը հարվածի տակ դնելու համար: Ցուցարարները մայրաքաղաքի հրապարակում հավաքվեցին վատ աղբահանության համար, ժամեր անց պահանջեցին ներքին գործերի նախարարի հրաժարականը, իսկ օրվա վերջում որոշվեց ընդհանրապես ազատվել երկրի իշխանությունից: Քաղաքական վերլուծաբանները ճիշտ նույն սցենարն են տեսնում Մերձավոր Արևելքի մյուս երկրներում տեղի ունեցած Արաբական գարնան գործողություններում: ![]() Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում հանրային անակնկալ և կայծակնային դժգոհությունը ավարտվեց արյունալի հեղափոխությամբ, Սիրիայում ավելի քան 4 տարի մարդիկ սպանում են իրար՝ պարարտ հող ստեղծելով ահաբեկիչների համար: Տեղի հայկական համայնքը քայքայվեց ու հեռացավ երկրից, շատերը զոհվեցին: Եթե Լիբանանում գործողությունների կասեցում կամ սցենարների փոփոխություն չլինի, Հայաստանը ևս անհանգստանալու շատ բան կունենա: Լիբանանում է սփյուռքահայ ամենամեծ համայնքներից մեկը, Կիլիկիո կաթողիկոսարանը, մեր պատմամշակութային հսկայական ժառանգությունը: | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
1654 reads | 25.08.2015
| |