ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1991-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Թուրքագետ, ԵՐԵՎԱՆ






Թյուրքական ժողովուրդների գործոնը միշտ էլ չափազանց կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ուղղվածության մեջ ողջ պատմության ընթացքում: Թերևս, միայն կարելի է հիշատակել այն հանգամանքը, որ բուն ռուսական էթնոսի ձևավորման մեջ մեջ քիչ չէ թյուրքական ժողովուրդների՝ մասնավորապես թաթարների, բաշկիրների, կալմիկների և այլոց դերը: Ռուսական զինված ուժերի կազմում քիչ չեն եղել և հիմա էլ առկա են թյուրքական ծագմամբ զինծառայողները և մինչ օրս էլ այդ փաստը ակնառու է:

Ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքում ընդհանուր առմամբ ապրում է թյուրքալեզու շուրջ 12 միլիոն մարդ : Պետք է ընդգծել, որ ներկայիս Ռուսաստանի Դաշնության մեջ ընդգրկված հիմնական միավորներից 4-ը՝ Բաշկիրիան, Կալմիկիան, Կարաչևո - Չերկեսիան և Թաթարստանը համարվում են թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված միավորներ:

Զգալի քանակությամբ թյուրքական ժողովուրդներ են ապրում Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Կովկասում,  որոնցից շուրջ 503.000-ը կազմում են կումիկները, 114.000 բալկարներ, 218. 000 կարաչևներ, 131.000 դաղստանցի ադրբեջանցիներ և այլն: 2010 թվականի տվյալներով՝ Հյուսիսային Կովկասում ապրող թյուրքերի թիվը կազմել է շուրջ 1 068 906 մարդ:  Դե իսկ Սև ծովի հյուսիս-արևմտյան  մասում պաշտոնական տվյալներով ապրում են շուրջ 431.000 չերքեզներ: Թյուրքալեզու համարվող կալմիկները ՌԴ-ում նույնպես քիչ չեն և 2010 թվականի թվյալներով կազմում են շուրջ 183.000 մարդ, իսկ բաշկիրները՝ 4 071 064 մարդ:
Արտաքին քաղաքական գործընթացների առումով թյուրքալեզու պետությունները ևս կարևոր դեր ունեն Ռուսաստանի ռազմավարական շահերի տեսանկյունից: Մասնավորապես ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Միությանը անդամակցող  թյուրքալեզու մի շարք  երկրներ ստացան անկախություն և չնայած առկա մի շարք խնդիրների` մասնավորապես նավթագազային ոլորտում որոշակի տարաձայնություններին, նրանց հետ Ռուսաստանի հարաբերությունները հասան որակապես նոր մակարդակի, անգամ ռազմավարական համագործակցության:

 Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական և քաղաքական կարևորագույն հարաբերություններ ունի Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի հետ: Հարկ է ընդգծել, որ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը առանձնանում են նավթագազային հարուստ պաշարներով, որոնք ռուսական կողմի համար ևս բավականաչափ հետաքրքրություն են ներկայացնում: Հետևաբար վերոնշյալ առումներով թյուրքական գործոնի դերի ուսումնասիրությունը Ռուսաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական բնագավառում ունի  կարևոր գիտական նշանակություն: Թեման արդիական է նաև այն առումով, որ թյուրքական գործոնի հետ Ռուսաստանի հարաբերությունների դինամիկան իր ազդեցությունն է թողնում նաև բազմաթիվ երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա:

Խոսքը վերաբերում է հատկապես թյուրքալեզու երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին, քանզի Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և շատ դեպքերում հայ-ռուսական պետական շահերը կարող են համընկնել պետական արտաքին քաղաքական համատեքստում:

Մասնավորապես չնայած առկա մի շարք քաղաքական հակասություններին՝  ռուսական շահերի տեսանկյունից Թուրքիան դիտվում է որպես շահավետ գործընկեր՝ տարածաշրջանում ռուսական բազմոլորտ ազդեցության տեսանկյունից՝ սկսած էներգետիկ սեկտորից, վերջացրած առևտրատնտեսական և որոշ առումներով նաև ռազմաքաղաքական սեկտորով: Բացի այդ, Թուրքիան Ռուսաստանի համար հանդիսանում է տարանցիկ ուղի՝ դեպի Եվրոպա համաշխարհային առևտրի՝ մասնավորապես էներգառեսուրսների արտահանման տեսանկյունից: Ներկա փուլում Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա ներմուծվող գազի 70 տոկոսի մատակարարը, որտեղից էլ երկնագույն հեղուկը արտահանվում է դեպի Եվրոպա:  Դրանով իսկ թուրքական կողմը ռուսական կողմի համար հանդիսանում է այլընտրանքային գործընկեր արևելաեվրոպական մի շարք երկրների՝ հատկապես Ուկրաինայի և Լեհաստանի հետ ունեցած տարաձայնությունների համատեքստում:  

Միաժամանակ «սառը» պատերազմի ավարտը ազդարարեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական լայն համագործակցության սկիզբը՝ մրցակցության հետ զուգընթաց:

Ադրբեջանի հետ հարաբերությունները ևս գտնվում են բարձր մակարդակի վրա և ընդգրկում են առևտրատնտեսական կարևորագույն ոլորտներ: Մասնավորապես 2016 թվականին՝ ըստ Ադրբեջանի տնտեսական հարցերով նախարարության տվյալների՝ ռուսական ներդրումները Ադրբեջանում կազմում են միլիարդավոր դոլարներ, մասնավորապես միայն 325 միլիոն դոլարի ներդրում է կատարվել ոչ նավթային սեկտորում, իսկ նավթային սեկտորում 2016 թվականի դրությամբ ռուսական ներդրումները կազմել են շուրջ 2.8 միլիարդ դոլար:

Ռազմավարական բնույթ են կրում ռուս-ղազախական հարաբերությունները: Մասնավորապես թե Ռուսաստանը, թե Ղազախստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ Հավաքական Անվտանգության Կազմակերպության ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև տնտեսական առումով համատեղ անդամակցում են Շանհայան համագործակցության կազմակերպությանը:
Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև 2009 թվականի դրությամբ հասել է շուրջ  12 միլիարդ դոլարի: Նշանակալի է ռուս - ղազախական համագործակցությունը հատկապես գիտական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:

Դինամիկ կերպով զարգանում են նաև ռուս-ուզբեկական հարաբերությունները, որոնք ևս ընդգրկում են բազմապիսի ոլորտներ: Մասնավորապես 2015 թվականին Ուզբեկստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 12 միլիոն դոլար, որի շուրջ 92 տոկոսը նավթագազային ոլորտում: Հարկ է ընդգծել նաև, որ ներկայումս Ռուսաստանում արտագնա աշխատանքով են զբաղված Ուզբեկստանի շուրջ 3 միլիոն քաղաքացիներ, ինչը ևս փոքր ցուցանիշ չէ:

Թուրքմենստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները ևս կրում են ռազմավարական բնույթ, և ինչպես Ղազախստանը և Ղրղզստանը, Թուրքմենստանը ևս հանդիսանում է ՀԱՊԿ անդամ: հարկ է ընդգծել, որ 2012 թվականին ռուս-թուրքմենական առևտրաշրջանառությունը հասել է շուրջ 1.4 միլիարդ դոլարի:  Ռազմավարական համագործակցության օրինակ է հանդիսանում նաև ռուս-թուրքմենական համագործակցությունը նավթագազային և ռազմաարդյունաբերական ոլորտներում:

Առավել քան բարիդրացիական են Ռուսաստանի հարաբերությունները Ղրղզստանի հետ: Ղրղզստանը միակ թյուրքալեզու երկիրն է, որտեղ առկա է ռուսական ռազմաբազա, բացի այդ ՌԴ-ը հանդիսանում է Ղրղզստանի կարևորագույն առևտրային գործընկերը: Միայն 2011 թվականին համատեղ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 1.4 միլիարդ դոլար: Ռազմաարդյունաբերական ոլորտում ռուս-ղրղզական համագործակցությունը ևս բարձր մակարդակի վրա է:

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ Ռուսաստանը թյուրքական աշխարհի հետ ունի բավական սերտ հարաբերություններ, սակայն այնուհանդերձ առկա են բազմաթիվ տարաձայնություններ՝ կապված կողմերի շահերի բախման, տեսանկյունների տարբերությունների հետ և այդ ամենը դրևորվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտներում:
ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
2735 reads | 24.11.2017
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com