«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ, ՉԻՆ, ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել «Եվրոպան «Մետաքսի ճանապարհն» է անցնում Հայաստանով» գիտական սեմինարը, որը կազմակերպվել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի, Հայ-ռուսական համալսարանի և ավստրիական «Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ»» ծրագրի կողմից։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան խորհրդական պարոն Ջոու Խոնյուն, արտակարգ և լիազոր դեսպան ք․գ․թ․ Արման Նավասարդյանը, «Եվրոպան գնում է Մետաքսի ճանապարհ» ծրագրի ղեկավար պարոն Սեբաստիան Հոլլերը, սեմինարի հիմնական նախաձեռնող ք․գ․թ․ Մհեր Սահակյանը։

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան խորհրդական Ջոու Խոնյուն խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության արդյունքների, հեռանկարների մասին։ Նա ներկայացրել է նաև հայ-չինական հարաբերություններում առկա վերջին զարգացումները։

Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՌՀ Համաշխարհային պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ղեկավար ք․գ․թ․ Արման Նավասարդյանը խոսել է հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ, նշել մի շարք ոլորտներ, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը:

Պարոն Սեբաստիան Մեյերը («Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի համահիմնադիր, Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի նախկին պրոֆեսոր) և պարոն Ֆլորիան Կրենդլը («Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի համահիմնադիր, Ավստրիական «2050  մտածողների ակումբի» անդամ) ներկայացրել են «Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի հիմնական նպատակներն ու հետազոտական մեթոդները։

Այնուհետև պարոն Սեբաստիան Հոլլերը («Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի համահիմնադիր, Ավստրիական ազգային պաշտպանական համալսարանի գիտնական-վերլուծաբան, «Շաբկա» ուղեղային կենտրոնի անդամ) և պարոն Սեբաստիան Մեյերը խոսել են Ավստրիայից մինչև Հայաստան կատարած հետազոտությունների արդյունքների և բացահայտումների մասին, որոնք հայտնաբերել էին Արևելյան Եվրոպայի երկրներով, Թուրքիայով ու Վրաստանով անցնելիս։

Պ․գ․թ Վարուժան Գեղամյանը (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, «ԱՐԴԻ» հետազոտական հիմնադրամի տնօրեն) ներկայացրել է չին-թուրքական քաղաքական և տնտեսական հարաբերություններն արդի ժամանակաշրջանում։

Ք․գ․թ Մհեր Սահակյանը («Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ) խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին, մի շարք առաջարկություններ ներկայացրել, որոնց միջոցով Հայաստանն ու Չինաստանը կարող են համագործակցել վերոհիշյալ չինական նախաձեռնության շրջանակներում:

Ավստրիական գիտնականների խումբը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ցամաքային հատվածով՝ «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտիով», ճանապարհը կշարունակի մինչև Չինաստանի Շանհայ քաղաք։



ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
1233 reads | 27.07.2019
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com