ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
2018թ. ապրիլի 19-ից-20-ը Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Կորեայի վերաբերյալ հետազոտություններին։

Մոսկվայի պետական համալսարանի հատուկ հրավերքով Մոսկվա էին ժամանել հետազոտողներ տարբեր գիտական կենտրոններից՝ ներկայացնելու իրենց ուսումնասիրությունները: Այս գիտաժողովի «Պատմություն և քաղաքագիտություն» բաժնում բանախոսելու համար հրավիրվել էր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊՆՊԱՀՀ) գիտնական-վերլուծաբան Մհեր Սահակյանը: Նա ներկա պրոֆեսորադասախոսական կազմին, հրավիրյալ հետազոտողներին ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված Իրանական և Հյուսիս կորեական միջուկային հիմնարացերի շուրջ ծավալվող իրադարձությունները և դրանց ազդեցությունը մեկը մյուսի և միջազգային անվտանգության վրա։

Բանախոսների թվում էին Քեմբրիջի համալսարանից, Լոնդոնի համալսարանից (Մեծ Բրիտանիա), Սանկտ Պետերբուրգի համալսարանից, Մոսկվայի պետական համալսարանից, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից, Ռուսաստանի ազգային ակադեմիայից (Ռուսաստան), Կոերայի հետազոտությունների ակադեմիայից (Հարավային Կորեա), Ղազախստանի միջազգային հարաբերությունների համալսարանից (Ղազախստան) և այլ հետազոտական կենտրոններից հրավիրված գիտնականներ:

Ակադեմիական գիտաժողովի «Պատմություն և քաղաքագիտություն» բաժնի նիստերը նախագահում էր   պ․գ․թ․, պրոֆեսոր Կոստանդին Ասմոլովը (Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ,  Ռուսաստանի ազգային ակադեմիայի Հեռավոր արևելքի հետազոտությունների ինստիտուտ)։

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը Ռուսաստանի Դաշնության լավագույն բուհն է։ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ը բացվել է 2016 թ. հունվարի 28-ին: Հայաստանում ՊԱՀՀ-ի հիմնման նախագիծը մշակվել է ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, Հայաստանի առաջին Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակման գիտական ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի կողմից՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում 2003-2004 թթ. իր ակադեմիական ստաժավորման ընթացքում: Տարածաշրջանում բնույթով եզակի հետազոտական համալսարանի նպատակն է Հայաստանի անվտանգային-պաշտպանական համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտական և կրթական գործունեության կամրջմամբ:

Համալսարանի խնդիրների շարքում են տարածաշրջանային անվտանգության դինամիկայի, կիբեռանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, ռազմավարական խաղերի, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով հետազոտությունների կատարումը: Դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվում են համապատասխան վերլուծություններ և առաջարկություններ, ինչը նպաստում է պետության ղեկավար կազմի քաղաքական-անվտանգային գիտելիքների ընդլայնման ապահովմանը:

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
3497 reads | 05.05.2018
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com