ՉԻՆ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ
![]() «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոն ![]() Բանակցությունների առանցքում են տնտեսական տարաձայնություններն ու ԿԺԺՀ-ի (Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն) միջուկային հիմնահարցը։ Դեռևս ԱՄՆ նախագահության համար մղվող անզիջում պայքարում Թրամփը կոշտ դիրքորոշում էր ցուցադրում Չինաստանի նկատմամբ։ Նա Չինաստանին մեղադրում էր ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում անհավասար պայմաններ թելադրելու մեջ, մասնավորապես նշում էր, որ Չինաստանը բարձր մաքսեր ու տուրքեր է սահմանել ԱՄՆ-ում արտադրված ապրանքների համար, որոնց պատճառով ամերիկյան ապրանքներն անմրցունակ են դառնում չինական շուկայում, նա նշում էր նաև, որ Պեկինն անհարկի խոչընդոտներ է ստեղծում Չինաստանում գործող ամերիկյան կազմակերպությունների համար։ ![]() Կարծում եմ, որ այս քայլով Թրամփը Շիին ցույց տվեց, որ վճռական է տրամադրված, ու եթե Պեկինը չհամագործակցի ԿԺԺՀ-ի հարցում ԱՄՆ-ի առաջարկած ճանապարհային քարտեզով, ապա Վաշինգթոնը ԿԺԺՀ-ին կփորձի ստիպել սեփական միջոցներով՝ հաշվի չառնելով Պեկինի շահերը… դժվար թե ԱՄՆ-ը հարվածի ԿԺԺՀ-ին, բայց հնարավոր է՝ ատոմային զենք տրամադրի Ճապոնիային ու Հարավային Կորեային, ինչն արդեն հաստատ կսպառնա Չինաստանի ազգային անվտանգությանը…. Հետաքրքական է, որ ի տարբերություն Չինաստանի հետ հարաբերություններին, Թրամփը նշում էր, որ պետք է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը չէր ողջունվում ԱՄՆ քաղաքական և ռազմական վերնախավի կողմից։ Չնայած ընտրվելուց անմիջապես հետո Թրամփը հեռախոսազրույց ունեցավ Թայվանի առաջնորդի հետ, ինչը չինական կողմն ընդունեց որպես մարտահրավեր, բայց որոշ ժամանակ անց Թրամփը հայտարարեց, որ հարգում է Մեկ Չինաստան սկզբունքը Պեկինի առաջնորդությամբ, որից հետո հարցը փակվեց։ Այսպիսի վայրիվերումներից հետո սկսվեցին Թրամփ-Շի բանակցությունները։ Հետևելով չինական և ամերիկյան մամուլին և հեռուստատեսությանը՝ կարելի է փաստել, որ հանդիպումներն անցնում են ջերմ մթնոլորտում։ Չինացիները նշում են, որ Թրամփը Վաշինգթոնի փոխարեն հանդիպման վայր է ընտրել Ֆլորիդան, որպեսզի այնտեղ հանդիպումներն անցնեն ավելի անկաշկանդ և ընտանեկան մթնոլորտում։ Թրամփը հանդիպումներից մեկի ժամանակ հրավիրել էր նաև չինարենին տիրապետող թոռնիկին, որպեսզի վերջինս իր լեզվական հմտությունները ցուցադրի Չինաստանի ղեկավարին։ Այս քայլը մեծ արձագանք գտավ չինական մամուլում և սոցիալական ցանցերում, ինչը, կարծես, ցրեց չինացիների այն մտավախությունը, որ Թրամփյան Ամերիկան հակամարտելու է Չինաստանի հետ։ Համենայն դեպս, պետք է հիշել, որ ջերմ հյուրընկալության ընթացքում Թրամփը պահանջելու է, որ Չինաստանն իջեցնի ամերիկյան ապրանքների համար նախատեսված տուրքերի ու մաքսերի սակագները, ինչպես նաև հավասար պայմաններ ստեղծի Չինաստանում գործող ամերիկյան ընկերությունների համար։ Թրամփը Չինաստանին պետք է առաջարկի դադարեցնել ԿԺԺՀ-ին տրվող տնտեսական օժանդակությունն ու միասնական ջանքերով պրեսինգի ենթարկել վերջինիս։ ![]() Տարաձայնությունները մեղմելու համար Շին Թրամփին կառաջարկի չինական ներդրումներ ԱՄՆ տնտեսությունում, որի մասին Թրամփի հետ հանդիպման ժամանակ խոսել էր նաև «Ալիբաբա» ընկերության ղեկավար Ման: Խոսելով չին-ամերիկյան հարաբերությունների մասին՝ պետք է հիշել, որ ԱՄՆ-ը Չինաստանի թիվ առաջին տնտեսական գործընկերն է։ Այս հանգամանքն անհավանական է դարձնում Չինաստան-ԱՄՆ բացահայտ հակամարտության մեկնարկը։ Ավելի հավանական է, որ կողմերը կվերադառնան մինչև Թրամփի նախագահ ընտրվելու ժամանակների հարաբերությունների մակարդակին։ ԱՄՆ-ում լավ են հասկանում, որ եթե վանեն Չինաստանին, ապա այն կհայտնվի Ռուսաստանի գրկում։ Երևում է, որ Վաշինգթոնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ջատագով համարվող և հակաչինական կոչերով հանդես եկեղ Թրամփին բացատրել են, որ երկու ոչ արևմտյան հսկաներից պետք է ընտրել Չինաստանին, քանի որ ԱՄՆ-ը վերջինիցս անհամեմատ ավելի մեծ տնտեսական օգուտներ ունի, քան Ռուսաստանից։ ![]() Ամփոփելով՝ կարելի է նշել, որ թե՛ չինացիները, թե՛ ամերիկացիները, ինչքան էլ քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունենան, դեռևս “պատրաստ չեն ապահարզանի”, և մոտակա ժամանակներս ականատեսը կլինենք վերաիմաստավորվող, բայց դեպի բնականոն ընթացքը վերադարձող չին-ամերիկյան հարաբերություններին։ Արդյունքում կփոխվեն միայն տնտեսական հարաբերություններին վերաբերող խաղի որոշ կանոններ․Չինաստանը ներդրումներ կանի ԱՄՆ-ում՝ նպաստելով Թրամփի նախընտրական խոստումներին, ըստ որոնց, նոր աշխատատեղեր պետք է բացվեն ԱՄՆ-ում, ինչպես նաև Պեկինը բարենպաստ պայմաններ կստեղծի չինական շուկայում գործող ամերիկյան ընկերությունների համար։ Կողմերը կփորձեն ուժեղացնել ճնշումը ԿԺԺՀ-ի նկատմամբ և վերականգնել վերջինիս կողմից ոտնահարված Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հեղինակությունն ու կարևորությունը։ Կարծում եմ, որ չին-ամերիկյան հարաբերությունների առանց պայթյունավտանգ հակասությունների ընթացքը կարևոր է համաշխարհային անվտանգության ամրապնդման համար, հուսանք, որ միգուցե այս հանդիպումների ընթացքում Շիին կհաջողվի նաև որոշակի միջնորդական առաքելություն ստանձնել ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու գործում․․․ | |
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ | |
2369 reads | 10.04.2017
| |