ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
![]() Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԻՆԱՍՏԱՆ ![]() Պարսկաստանի կառավարությունը փորձեց դիվանագիտական ճանապարհով վիճարկել հարցը, սակայն, ապարդյուն: Պարսկաստանի համանուն Ադրբեջան նահանգում տեղի ունեցան ցույցեր, որոնց ընթացքում շեյխ Խիաբանին և նրա կողմնակիցները հարց բարձրացրեցին փոխել սեփական նահանգի անվանումը` Ադրբեջանը վերանվանելով Ազադիսթան, միայն թե տարբերվեին հարևան նորաստեղծ հանրապետությունից: Վիճելի հարցն այդպես էլ լուծում չստացավ. Առանի և Շիրվանի գավառներում առաջացած հանրապետությունը շարունակեց կրել Ադրբեջան անվանումը նաև խորհրդայնացումից հետո, որը պատճառ եղավ քաղաքական բազմաթիվ շահարկումների Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: ![]() Այսպիսով հստակորեն երևում է, որ Ադրբեջան անվանումն ընտրված էր, որպեսզի hնարավորության դեպքում Իրանից բռնազավթվեր նրա հնագույն մշակութային և պատմական կենտրոններից մեկը, որը թյուրքական աշխարհը կապող կարևորագույն օղակի դեր պետք է խաղար: Պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը նշում է, որ Ադրբեջանն իրանական վաղեմի նահանգ է երկրի հյուսիս-արևմուտքում (Մարաստանի հյուսիս-արևմտյան հատվածում): Նրա անունն արաբականացված ձևն է դասական նոր-պարսկերենի` Ադարբագանի (Ադարբայգան), որը ծագել է միջին-պարսկական Ատուրպատական ձևից (համեմատել` հայերեն Ատրպատական): Այն առնչվում է երկրանունների (հետևաբար և ցեղանունների) այն դասին, որոնք ծագում են ենթադրյալ առաջնորդ-ցեղապետի, կամ էպոնիմ-նախահոր անունից, տվյալ դեպքում Ալեքսանդր Մակեդոնացու զորապետ Ատրոպատի (Ատուրպատի) անունից, որ Ք.ա. 320 թվականին այս երկրամասում առաջինն է ստեղծել անկախ մի մեծ պետություն: Ռուս պատմաբան Իվանովը նշում է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում իրանալեզու բնակչությունը բնակվում էր մինչ ասորիների և ուրարտացիների արշավանքները Ք.ա. 9-րդ դարում: Այն հիշատակված է Ուրմիա լճի մոտակա շրջաններից մինչև Դիալիի բարձունքները, Մարաստանի արևմտյան և ավելի արևելյան շրջաններում: Նրանց մասին հիշատակումներ կան Ք.ա. 8-րդ և 7-րդ դարերում: Իրանցի պատմաբան Էնայաթ Օլլա-Ռեզան նշում է, որ հետագայում հենց Ք.ա 669-ին Մարաստանում ստեղծվեց իրանական առաջին հզոր պետությունը, որի կենտրոնն էր համարվում այն տարածքը, որը հետագայում պետք է անվանվեր Ատրպատական: ![]() Մարերը ծագումնաբանորեն իրանցիներ էին, իսկ նրանց լեզուն պատկանում էր Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան ճյուղին: Պահպանվել է Իրանի քրմապետ Քարթիրի հիշատակությունը, որտեղ հստակորեն նշվում են այն շրջաններն ու երկրները, որոնք համարվում էին Էրան (Իրան) և այն երկրները, որոնք Իրանի տարածքից դուրս են` Ան-Էրան, չնայած գրավվել էին շահն-շահի զորքերի կողմից: Ատուրպատական-Ադրբեջանն այս տեքստում, իհարկե, Իրանի մեջ է, իսկ Աղվանքը, Հունաստանի, Հայաստանի, Վրասատանի (Իբերիայի) հետ` ոչ իրանական հատվածում է: Ահա թե ինչ է պատմում Քարթիրը. «Եվ ես` Քարթիրս, ի սկզբանե ծառայում եմ աստվածներին իմ հոգու համար: Իմ շնորհիվ շատ (սրբազան) կրակներ Մեշանում, Ատրուպատականում, Սեպահանում, Ռեյում, Քերմանում, Սակաստանում և Գուրգանում մինչև Փիշևար վառվեցին: Ինչպես նաև ոչ իրանական երկրներում կրակներ և քրմեր տարածեցի: Շահնշահի զորքերն ու ձիերը հասան Անտիոք, Սիրիա, Կիլիկիայի Տարսոն քաղաք, Հունաստան, Հայաստան, Իբերիա, Աղվանքի դարպասներին, որտեղ էր հենց ինքը` Շապուհ շահնշահը: Այս տեղերում շահն շահի հրամանով քրմեր նշանակեցի, կազմակերպեցի ատրուշաններ»: Թյուրքախոս ցեղերի խոշոր ներթափանցումներից Ատրպատական սկսվեցին 1050-1056 թվականներին` սուլթան Մահմուդ Ղազնավիի և Ատրպատականի կառավարիչ Վախսուդանի օրոք: 13-րդ դարում, երբ Ատրպատականը գտնվում էր մոնղոլների տիրապետության տակ, այստեղ բնակություն էին հաստատում թաթարներ, աղ-ղոյունլու, ղարա-ղոյունլու ցեղերը, որոնք նույնպես պատկանում էին օղուզական թյուրքախոս ցեղերին: 15-րդ դարում Թուրքիայից Իրան ներգաղթեցին շամլու, ռումլու, ուսթաջլու, թեքքելու, աֆշար, ղաջար, զուլքադար, և այլ թյուրքական ծագում ունեցող ցեղեր: Այսպիսով սկսած 11-րդ դարից թյուրքական ցեղերը, ոչ միայն հաստատվում էին Ատրպատականում, այլև իշխող դիրք էին ձեռք բերում, ինչը նպաստում էր թյուրքերեն լեզվի տարածմանն ու ամրապնդմանը տեղի իրանական ծագում ունեցող բնակչության մեջ: Թյուրքերենի տարածումն ու ամրապնդումն Ատրպատականում հետագայում բազմաթիվ քաղաքական շահարկումների պատճառ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ատրպատականում թյուրքախոս ազարիների հիմնահարցը մեծապես շահարկվեց ԽՍՀՄ-ի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: | |
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ | |
9519 reads | 17.06.2017
| |