ԻՐԱՆ-ԵՄ 3+3 ԲԱՆԱԿՑԱԾԸ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ, ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ
![]() Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԻՆԱՍՏԱՆ ![]() Այս ծրագիրը հնարավորություն կտա խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային հիմնահարցը: Տվյալ հոդվածը նպատակ ունի նկարագրել ԳՀՀԾ-ի հիմնական դրույթներն ու ներկայացնել, թե ըստ ԳՀՀԾ-ի ի՞նչ են պարտավորվել Իրանն ու ԵՄ3+3-ը, ի՞նչ են շահել բանակցող 2 կողմերը: Հոդվածի ուսումնասիրության նյութ է հանդիսացել ԳՀՀԾ-ն և ՄԱԿ ԱԽ թիվ 2231 բանաձևը: Ըստ ԳՀՀԾ-ի՝ Իրանը հրաժարվում է ատոմային ռումբ ստեղծելու գաղափարից, մինչև 8 տարի պարտավորվում է չարտադրել այնպիսի հրթիռներ, որոնք ի վիճակի են ատոմային մարտագլխիկներ կրել: ![]() Ըստ պայմանավորվածության՝ Արաքի ատոմակայնում թափոնի տեսքով մնացած ատոմային վառելիքը պետք է դուրս բերվի Իրանի տարածքից: Իրանը պարտավորվում է 15 տարի չկառուցել «ծանր ջրով» աշխատող ատոմակայաններ, նորերը պետք է հարմարեցվեն «թեթև ջրով» աշխատանքի համար: Ֆորդոյի ատոմակայանը ձևափոխվելու է ֆիզիկայի ուսումնասիրությունների կենտրոնի: Իրանը պարտավորվում է ԱԷՄԳ-ի աշխատակիցներին թույլատրել, որպեսզի վերջիններս ստուգումներ կատարեն իր միջուկային ծրագրի տարբեր բնագավառներում՝ համապատասխանաբար՝ 15, 20, 25 տարիների ընթացքում: ![]() Իրանի միջուկային հակամարտությունը դուրս կգա ՄԱԿ ԱԽ օրակարգից և կդադարի ճանաչվել որպես աշխարհի խաղաղությանը վտանգող երևույթ, եթե ԱԷՄԳ-ն 8 տարի անց կամ դրանից շուտ հայտարարի, որ Իրանում գտնվող բոլոր միջուկային տեխնոլոգիաներն օգտագործվում են միայն խաղաղ նպատակներով: Հիմնախնդրի վերջակետը պետք է դրվի 10 տարի անց, եթե ՄԱԿ ԱԽ-ն հայտարարի, որ խաղտումներ չեն եղել, ու դրանց արդյունքում նախկին պատժամիջոցները չեն վերականգնվել: Կարելի է փաստել, որ մոտ 13 տարի տևած բանակցություններից հետո Իրանն ու ԵՄ 3+3-ը կարողացան կազմել ԳՀՀԾ-ն, որը հնարավորություն տվեց հարցի լուծումը տանել խաղաղ ճանապարհով, բայց պետք է հիշել, որ սա դեռ հարցի լուծումը չէ, և իրական գործընթացները նոր են միայն սկսվում: Իրանական միջուկային հիմնախնդիրը լուծված կարելի է համարել միայն այն ժամանակ, երբ տաս տարվա ընթացքում ՄԱԿ ԱԽ-ն կհանի այն իր օրակարգից: Պետք է հիշել նաև՝ միջուկայնացմանը վերաբերող երկու նախկին տխրահռչակ պայմանագրերը՝ երկուսն էլ ԱՄՆ-ի և ԿԺԺՀ-ի միջև, երբ, թե 1994-ին, թե 2012-ին կողմերը համապատասխան համաձայնագրեր կնքեցին, սկսեցին Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, բայց երկու դեպքում էլ պայմանավորվածությունները մնացին թղթի վրա, իսկ արդյունքում ԿԺԺՀ-ն ատոմային զենք ձեռք բերեց, որին ի պատասխան, հետևեցին նրա դեմ ուղղված պատժամիջոցները: Իսկ ի՞նչ ձեռք բերեց Իրանն այսքան զիջումների դիմաց: Կարծում եմ, որ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ կհանվեն Իրանի ֆինանսական համակարգի, նաև էներգակիրների արտադրման ու վաճառքի դեմ ուղղված պատժամիջոցները, որի շնորհիվ Իրանը կկարողանա վերականգնել քայքայված տնտեսությունը: Համենայն դեպս, ԳՀՀԾ-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իրանը ծանր պատժամիջոցներից ազատվելու համար լուրջ զիջումների է գնացել: Դժվար է ասել, թե ի՞նչ հաշվարկներ էր կատարել Ահմադինեժադը՝ դեմ գնալով ՄԱԿ ԱԽ պահանջներին ու հավաքելով նման ծավալի մամլիչ պատժամիջոցներ, բայց նախագահ Ռոհանիի և արտաքին գործերի նախարար Զարիֆը լավ են հասկանում, որ զիջումների գնով փրկելով իրանական տնտեսությունը՝ կփրկեն նաև Իրանի քաղաքական համակարգը: Այս ընթացքում Իրանի ձեռքբերումներից կարելի է համարել այն, որ նախ, Իրանն առանց ԱԷՄԳ-ի հսկողության, երկար ժամանակ կարողացավ ինքնուրույն հետազոտություններ կատարել միջուկային բնագավառում, որի շնորհիվ ներկայումս ունի միջուկային ֆիզիկային քաջատեղյակ կադրեր, որոնք հետագայում կարող են նորից ներգրավվել ատոմային զենքի ստեղծման գործում: Իրանի կարևոր ձեռք բերումը կարելի է համարել այն, որ ԱՄՆ-ը վերջապես հրաժարվեց Իրանում մարտական գործողությունների միջոցով քաղաքական համակարգի փոփոխություն կատարել: Միջազգային հանրությունն ի դեմս ԵՄ 3+3-ի՝ կարողացավ ստիպել Իրանին հրաժարվել իր միջուկային զենքի հավակնություններից, որի շնորհիվ ամրապնդվեց Միջուկային զենքերի չտարածման ռեժիմը: | |
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ | |
2459 reads | 01.08.2015
| |