ՄՇԱԿՈՒՅԹ. ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ. ՀՐԱՉԻԿԸ
ԿԼԱՐԱ  ԹԵՐԶՅԱՆ








Վարդուհին ընկերուհու որդուն` Հրաչիկին, տեսավ հացի խանութի մոտ: Կանգնած էր արագիլի պես մի ոտքի վրա, մյուսը` հենած շենքի պատին: Այդ տարիների նորաձևությունն էր, նման դիրքով կանգնած տղաներին անվանում էին` ՙանկյուն պահողներ՚:

Հրաչիկը Վարդուհու նման գեր էր, սիրում էր ուտել: Թշերն այնքան տռուզ էին, ասես դուդուկ էր փչում ու թախծոտ մեղեդին ծորում էր աչքերից: Վարդուհին նրա աչքերի մասին ասում էր` աստվածաշնչյան են: Իսկ մայրը` Աստղիկը, հավատում էր, որ տղան անվանի դերասան է դառնալու, այնքան հիացած էր, որ անգամ չէր նկատում որդու թեթևակի թլիկ լինելը: Նա իր անունն արտասանում էր՝ Յաչիկ:
Վարդուհուն այդ օրը թվաց, որ Հրաչիկի աչքերը սովորականից էլ տխուր են, հարցրեց.
- Հրաչիկ ջան, ո՞նց ես:
- Լավ եմ:
- Դպրոցում գործերդ ո՞նց են:
- Մաթեմատիկայից երկուս եմ ստացել:
- Ոչինչ, - ասաց Վարդուհին, - փոխարենը ֆիզիկայից ես ուժեղ:
- Չէ, հազիվ եմ հասցնում:
- Ուրեմն՝ գրականություն, պատմություն առարկաներից ես լավ թվանշաններ ստացել:
- Դրանք էլ են երկու, բոլոր թվանշաններն էլ վատ են:
- Բա ինչո՞ւ ես էստեղ կանգնել, գնա տուն՝ դասերդ սովորի: Դու խելացի, ընդունակ տղա ես, կարող ես լավ սովորել:
Վարդուհին էլի մի քանի հուսադրող խոսք ասաց ու ճանապարհը շարունակեց:
Խեղճ Հրաչիկը ի՞նչ իմանար, որ իր մասին պատմությունը դառնալու է նրա երգիծական մանրապատումներից մեկը: Վարդուհին օժտված էր նմանակելու տաղանդով, այնպես էր ներկայացնում իր հերոսին, որ լսողը տեսնում էր նրան ողջ կերպարով` նման էին ձայնը, խոսելաձևը, աչքերի արտահայտությունը, դիմախաղը: Վարդուհին հումորի անսպառ աղբյուր էր: Բոլոր հավաքների, հյուրասիրությունների ժամանակ որտեղ Վարդուհին էր` այնտեղ ծիծաղ, ուրախություն էր:
Մի օր Աստղիկենց տանը մեծ ճաշկերույթ էր` ամուսնու պաշտոնը բարձրացրել էին: Վարդուհու առաջ դուռը բացեց Հրաչիկը:
- Հրաչիկ ջան, այսօր էլ ես տխո՞ւր, - տղային համբուրելով, ասաց Վարդուհին:
- Հեչ էլ տխուր չեմ:
- Ապրես, դասերդ ո՞նց են:
- Հը՛, - խորամանկ ժպտաց Հրաչիկը` ցուցամատը թափ տալով, - լավ են, շատ լավ…
Վարդուհին հասկացավ` դրանով ուզեց ասել, որ իրեն էլ չի վստահում ու հետը չի անկեղծանա:
Ու այդ երկխոսությունն էլ ամբողջացրեց Վարդուհու Հրաչիկին նվիրված հումորեսկը:
ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ
2154 reads | 09.02.2016
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com