ՀԻՆԳ ԱՂՋԿԱ ՀԱՅՐԸ
![]() ![]() Արամը որսորդ էր: Նրան միշտ կարելի էր տեսնել առավոտ վաղ ուսապարկով, կարմիր մազով, կախ ականջներով շան հետ, որին աշխարհում տիրոջից բացի ոչինչ չէր հետաքրքրում:
Արամը տգեղ էր, դեմքին խիստ արտահայտություն էին տալիս կոպերը, որ ուռած էին ու աչքերի վրա կախված: - Ես ծուռ մշեցի եմ, - սիրում էր ասել Արամը և հանգիստ խոսելուց բղավելու անցնելը նրա մոտ մի ակնթարթ էր: Լուցկու նման բռնկվում էր ու շուտ հանգում: Բայց այդ տգեղ արտաքինի տակ մի բարի սիրտ էր բաբախում, իսկ կոպիտ խոսվածքը այնքան գրական էր, որ ոչ մի կերպ չէիր հավատում, որ այդ նախադասությունը, բառը նրանն են: Եվ դրա համար էլ խոսքը թվում էր արհեստական, ասես նրա փոխարեն մեկ ուրիշն էր խոսում: Արամն ասում էր. - Կյանքում ինչ երազել եմ` հասել եմ. ուզել եմ սովորել` սովորել եմ, ուզել եմ նկարել` նկարել եմ: Տարվել եմ լուսանկարչությամբ, գրքերով: Նա խելացի և շատ ընդունակ մարդ էր: Դրա համար էլ երևի ամեն ինչի ձեռք էր զարկել, ամեն ինչ նրան հեշտությամբ էր տրվել: Բայց, գուցե դա էլ պատճառ էր եղել, որ որևէ մասնագիտություն, արհեստ չէր սովորել, ամեն ինչ կիսատ էր թողել: Միայն նրա մի երազանքը չէր իրականացել` արու զավակ չուներ: Հինգ աղջիկ, հինգն էլ հորից ժառանգած խելքով և ընդունակությամբ: Արամն ուզում էր, որ նրանք ինժեներ, մաթեմատիկոս կամ էլի տղային հարմար մի մասնագիտություն ընտրեն, իսկ աղջիկները, արի ու տես, որ երգ ու պարի հետ գլուխ ունեին: Հայրը հենց գնում էր, ռադիոն, ձայնարկիչը միացնում էին, պարում, երգում: Մի օր հայրը տուն եկավ ժամանակից շուտ: Դռան զանգը տվեց, բայց աղջիկներն այնքան բարձր էին երգում, որ չլսեցին: Սկսեց դուռը թակել, դարձյալ չլսեցին: Հայրը բարկացած այնպես թակեց դուռը, որ քիչ էր մնում տեղից պոկի: Աղջիկները, վերջապես, լսեցին ու դուռը բացեցին: - Շան որդիներ, - ասաց հայրը, - տունս Թաթուլ Ալթունյանի երգի-պարի խումբն եք դարձրել: Աղջիկները, գլուխները կախ, ամեն մեկը մի անկյուն մտավ, միայն փոքրը, որ հազիվ մի տարեկան էր, փաթաթվեց հոր ոտքերին, ու դրանից Արամի ամբողջ զայրույթն անցավ: Նա արդեն բարի էր, հանգիստ, մանավանդ, որ այդ օրը որսը հաջող էր, սկսեց աղջիկներին կանչել ու ցույց տալ, թե ինչ գեղեցիկ թռչուններ է բերել: Արամի կինը` տիկին Ելենան, հեզ ու բարի էր, այն կանանցից, որ մինչ օր ծերություն իրենց ամուսնուն ոչ թե սիրում, այլ սիրահարված են: Նա անգամ արտաքինով էր նման՝ նույն իջած կոպերն էին: Ելենան լավ էր հասկանում ամուսնուն, ընտանիքն ու տնտեսությունը հմտորեն ղեկավարում: Իսկ ապրուստը մեկ լինում էր լավ, մեկ` վատ: Լավի ժամանակ չէր շռայլում, տնտեսում էր, վատ օրերին խնայածն էր մեջտեղ հանում: Եվ ապրում էին հաշտ ու խաղաղ, չհաշված Արամի բղավոցները, որ մարում էին Ելենայի ու աղջիկների լռության մեջ: Այսպես տարիներն անցան, և հասավ այն պահը, երբ ավագ դուստրը դպրոցն ավարտեց, բայց ուսումը պոլիտեխնիկականում կամ մեկ այլ բուհում չուզեց շարունակել: Նա սովորում էր պարարվեստի ուսումնարանում, երազում էր պարուհի դառնալ: Ուսուցիչները նրա հետ մեծ հույսեր էին կապում: Ու մշեցի հայրը, որ այնքան ուզում էր արու զավակ ունենալ, հիշել էր իր «դարդերը», իսկ կինը դարձել էր ավելի հեզ, ասես հանցավոր էր, որ հինգ երեխաներն էլ աղջիկ են: Այդպես էլ չկարողացավ մի տղա ունենալ: Եվ ամպերը կամաց-կամաց կուտակվում էին նրանց ընտանիքի վրա: Արամի ապրումները քիչ էին, մեկ էլ իմացավ, որ աղջկա ընկերուհին` Լուսինեն, ուզում է համալսարան ընդունվել, նա ժամերով իրենց տանը պարապում էր: Լուսինեն Արամի համար դարձել էր հեղինակություն, չէր թաքցնում հիացմունքը, երբ տեսնում էր, թե աղջիկն ինչքան լուրջ է պատրաստվում քննություններին: Աշխատում էր բարձր չխոսել, որ նրան չխանգարի: Տխուր էր, ասես մեկը նրան շարունակ ասում էր՝ «Բա ինչո՞ւ է ավագ դուստրդ խելքը պարին տվել»: Սա էլ հերիք չէ, միջնեկ աղջիկը հորն ասել էր, որ մեծ քույրը տնից դուրս գալիս թաքուն շպարվում է: Իմացել էր նաև, որ երկրորդ աղջիկը մաթեմատիկայից վերաքննություն ունի: Արամը տուն եկավ կեսօրին ու կնոջն ասաց. - Նստեք սեղանի շուրջը` ձեզ հետ խոսելիք ունեմ: Տիկին Ելենան անմիջապես կանչեց երկու մեծ դուստրերին ու քանի որ Լուսինեն իրենց տանն էր, նրան էլ ասաց, որ գա: Երբ բոլորը նստեցին, Արամը խոսեց. - Ասում եմ ավագ ու երկրորդ դուստրերիս: Ասում եմ երկրորդ ու ավագ դուստրերիս: Մեծացեք, զավակներս, ու այս երկրի համար պիտանի մարդ դարձեք: Այս խոսքերը Արամը ոչ թե ասում էր, այլ վերամբարձ տոնով արտասանում: Նա դերասան էր ոչ միայն խոսքով, այլև դիմախաղով: Խիստ հայացքը գցում էր մի աղջկա վրա, հետո հանդիսավորությամբ գլուխը շրջում դեպի մյուսը: Լուսինեն առաջին իսկ պահից չկարողացավ դիմանալ ներկայացմանը. գլուխը կախեց, որ ժպիտը թաքցնի: Իսկ այդ աներես ժպիտը գնալով ուժգնանում էր, որ վերաճելու էր ծիծաղի: Արամը խոսում էր հանդարտ, բայց հանկարծ բռունցքը խփեց սեղանին. - Բայց պատվիս հետ չխաղաք: Ինչե՛ր եմ լսում. ավագ դուստրս դիմափոշի է քսում, նրանից փոքրը մաթեմատիկայից վերաքննություն ունի… Ես ջղային մարդ եմ, ահա թղթերս: Նա ցույց է տալիս պահարանի կողմը, որտեղ պահում են իր փաստաթղթերը: Այդ պահին մի տարեկան աղջիկը, որ հազիվ է քայլում, վայր է ընկնում: Ավագ քույրը տեղից թռչում է, որ բարձրացնի: Մայրը նրա փեշից քաշում է. - Տեղդ մնա, հայրդ խոսում է: Տիկին Ելենան ամուսնու խոսքը համարում է սրբություն, որի ընթացքում տեղից շարժվելը հանցագործություն է: Իսկ Արամն արդեն թափ է վերցրել, մոլեգնած ասում է. - Հելեն, - հանդիսավոր պահերին նա իր կնոջն այդպես էր անվանում, նկատի ունենալով հունական հին առասպելը, - դու որպես մայր քո պաշտոնը չարդարացրիր, թուլամորթ գտնվեցիր: Ելենան գլխով համաձայնության նշան է անում, իսկ աչքերն արտասուքով են լցվում: Աղջիկները նստած են լուռ, Լուսինեի ուսերը ցնցվում են, նա ջանում է ծիծաղը խեղդել: - Իմ պատասխանը կարճ է, - ասում է Արամը: - Մեկիդ կկանգնեցնեմ մի սարի գլուխը, մյուսիդ` մյուս սարի գլուխը: Մի փամփուշտ մեկիդ, մի փամփուշտ մյուսիդ: Բայց ես չեմ ուզում որդեսպան դառնալ: Կբռնեմ ձեր ձեռքից ու կտամ պետությանը: Կասեմ` «Ես չկարողացա դաստիարակել, ներող եղիր, դու դաստիարակիր»: Լուսինեն արդեն մոտ է ուշքից անցնելու, ծիծաղը պոռթկում է դուրս, ուր որ է կխայտառակվի… Բայց հանկարծ հնչում է դռան զանգը, փրկարար զանգը: Հարևանն է, եկել է Արամի հետ նարդի խաղալու: Արամը տեղից ելնում է, ընտանեկան ժողովը համարելով փակված: Ասելիքն ասաց՝ համոզված է, որ ավագ դուստրը այլևս չի շպարվի, գուցեև ինստիտուտ կընդունվի, իսկ մյուսն էլ կպարապի ու մաթեմատիկայից վերաքննությունը կհանձնի: Արամը նարդի է խաղում ու քթի տակ մեղավոր ժպտում, ասես զղջացել է բղավելու և սպառնալու համար: | |
ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ | |
1945 reads | 22.07.2015
| |