ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՋ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() Թեև այս կաշառակերությունը շարունակվում է փակ դռների հետևում և չի բացահայտվում ոչ ադրբեջանցի պաշտոնյաների, ոչ օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից, սակայն ժամանակ առ ժամանակ այն ջրի երես է դուրս գալիս: Մենք բոլորս պետք է հիշենք, որ այն ինչ բացահայտվել է, միայն չնչին մասն է այն մեծամասշտաբ կաշառակերության, որ տրվել է Բաքվի այցելուներին, տարբեր երկրների պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Վերջերս մեծ սկանդալային բացահայտում արվեց Եվրախորհրդում միլիոնավոր դոլարների կանխիկ գումարի ներգրավմամբ, որը տրվել էր նրա որոշ անդամներին՝ Ադրբեջանին քննադատող որոշումները տապալելու կամ Արցախի վերաբերյալ աննպաստ զեկույցներին աջակցելու դիմաց: ![]() 2017 թ. ապրիլի 20-ին «Գարդիան» պարբերականը ընդարձակ հոդված հրապարակեց՝ «Նոր պնդումներ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կառույցում Ադրբեջանի ձայների կեղծման մասին» վերնագրով: ԵԽԽՎ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ «Գարդիան»-ին տեղեկացրել են, որ ԵԽԽՎ անդամները Ադրբեջանից կաշառք են ստացել հօգուտ այդ երկրի քվեարկելու դիմաց: ԵԽԽՎ-ն կազմված է 47 եվրոպական երկրների, ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի 324 խորհրդարանականներից: ![]() «Այդ պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան 2012 թ. «Եվրոպական կայունության նախաձեռնություն» վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում, բայց թափ առան այն ժամանակ, երբ Իտալիայի դատախազները հետաքննություն սկսեցին աջակենտրոն խմբի նախկին նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործով: Նա մեղադրվում է 2.39 միլիոն եվրո (2.6 միլիոն դոլար) կաշառք Ադրբեջանից ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդում նրա կառավարությանը աջակցելու դիմաց: Նա կկանգնի դատարանի առաջ փողերի լվացման համար, իսկ Միլանի դատախազը բողոքարկում է՝ կոռուպցիայի մեղադրանք առաջադրելով նրա դեմ: Նա միշտ հերքել է ցանկացած իրավախախտում», գրում է «Գարդիանը»: ![]() Բացի այդ, Եվրախորհուրդը հետաքննություն է սկսել 2015-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Ադրբեջանի համապատասխանության վերաբերյալ՝ առաջին անգամ անդամ պետության նման հարցաքննում վերջին 25 տարիների ընթացքում... Ամոթալի է, որ ԵԽԽՎ-ն, մի մարմին, որ ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար, զոհ է գնում Ադրբեջանի դիկտատորի կաշառակերության սխեմաներին: Այս մեղադրանքները վարկաբեկում են Եվրոպայի խորհրդի հիմնական արժեքները: Անընդունելի է, որ ադրբեջանական նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ԵԽԽՎ անդամները գնացել էին այնտեղ որպես դիտորդներ, նրանք զարմանալիորեն շատ դրական զեկույցներով էին հանդես եկել, մինչդեռ մնացած միջազգային դիտորդները շատ բացասական գնահատականներ էին տվել: Նման հակադրությունը մտահոգության տեղիք է տալիս, որ Ադրբեջանին հաջողվել էր կաշառել ԵԽԽՎ դիտորդներին՝ քողարկելու կոռումպացված ընտրությունները: «Գարդիանը» եզրակացնում է, որ «Ադրբեջանը օգտագործել է Վեհաժողովը [ԵԽԽՎ] իր նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությանը օրինականություն հաղորդելու նպատակով, որը ղեկավարում է երկիրը 2003 թվականից սկսած»: Ադրբեջանի կաշառակերության չարաշահումների անտեսումը կնշանակի, որ Եվրոպայի խորհուրդն այլևս չի կարող դիտարկվել որպես մարդու իրավունքների պահապան... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
2038 reads | 04.05.2017
| |