ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻՆ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() Իր ողջույնի խոսքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ «Միացյալ Նահանգները, որպես արդարության և մարդու իրավունքների առաջամարտիկ, իր ժամանակին կմիանա բազմաթիվ պետությունների շարքին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության անվիճելի ճշմարտությունը»: Դեսպան Միլսը խոսեց վերջին երկու տասնամյակում Հայաստանի ձեռք բերած հաջողությունների մասին և ներկայացրեց այն 4 առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինում ԱՄՆ դեսպանատունը. 1) Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործարար և առևտրային հարաբերությունների խորացում. 2) կոռուպցիայի դեմ պայքար. 3) ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդում, 4) ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակների ավելի լավ ըմբռնում: Դեսպանը պարզաբանեց, որ ԱՄՆ-ը քաջալերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցումը՝ շարունակելով աջակցել 2009 թվականին ստորագրված, սակայն չվավերացված հայ-թուրքական արձանագրություններին: Խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մասին, դեսպան Միլսը նշեց, որ «Հայերը կոտորվել և աքսորվել են Օսմանյան կայսրության կողմից»՝ զգուշորեն խուսափելով «Հայոց ցեղասպանություն» եզրից: Ես պատիվ ունեցա առաջին հարցը տալու դեսպանին զեկույցից անմիջապես հետո՝ հարգալից դիտողություն անելով. «Ես գիտեմ, որ դեսպանները չեն որոշում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Դուք պարզապես պատգամաբեր եք: Կցանկանայի հրապարակավ հայտարարել՝ հայ համայնքի համար խիստ վիրավորական է, որ Դուք գալով այստեղ, չեք օգտագործում ցեղասպանություն բառը՝ նկարագրելու համար այն ամենը, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 1915-ին: Ես Ձեզ չեմ մեղադրում, դա Ձեր մեղքը չէ… Դուք գիտեք, թե ինչ է տեղի ունեցել և ԱՄՆ կառավարությունը գիտի, թե ինչ է տեղի ունեցել: Սկսած 1951 թվականից ամերիկյան պաշտոնատար անձինք բազմիցս ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ես մի գիրք եմ գրել, որը վավերագրում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, և ուրախ կլինեմ այն նվիրել Ձեզ: Ամբողջ աշխարհում հայերի և ոչ միայն նրանց համար անհասկանալի է, թե ինչու ԱՄՆ կառավարությունը այժմ չի կամենում օգտագործել մի բառ, որը նկարագրում է այն, ինչ տարիներ առաջ նա ճանաչել է: Այս դժկամությունը Միացյալ Նահանգներին դնում է մի փաստի առջև, երբ նրա պաշտոնյաները Հայաստանի ժողովրդին քարոզում են ժողովրդավարություն, բարոյականություն և արդարություն, սակայն չեն հարգում իրենց սեփական սկզբունքները: ԱՄՆ կառավարությունը պետք է օրինակ ծառայի աշխարհին... Ես պարզապես ցանկանում եմ Ձեզ օգտագործել որպես պատգամաբեր: Տեսնում եմ, որ Ձեզ հետ միասին այստեղ ներկա է Պետդեպարտամենտի Ձեր գործընկերներից մեկը: Հուսով եմ, որ իմ ուղերձը կփոխանցեք Ձեր վերադասին Վաշինգտոնում»: Դեսպան Միլսը տվեց հետևյալ հակիրճ պատասխանը. «Իմ միակ պատասխանը կլինի կրկնել նախագահ Օբամայի նպատակը, որ նա շարադրել է ապրիլի 24-ի իր ուղերձում. «Մենք ցանկանում ենք տեղի ունեցածի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչում Թուրքիայի կառավարության և թուրք ժողովրդի կողմից»»: Ցավոք, ԱՄՆ դեսպանը պարզապես հետևում էր նախագահ Օբամայի՝ «Հայոց ցեղասպանություն» բառերը չօգտագործելու դատապարտելի դժկամությանը՝ չնայած որպես թեկնածու իր տված բազմաթիվ խոստումներին: Անկախ նրանից, թե նախագահ Օբաման և նրա ստորադասները կօգտագործեն ցեղասպանություն եզրը, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը նախագահի և Կոնգրեսի մակարդակով: Այնուամենայնիվ, ամերիկահայ համայնքը և համայն հայությունը պարտավոր է դիմակայել և մերժել Հայոց ցեղասպանության պատշաճ բնութագրումը նսեմացնելու կամ խեղաթյուրելու յուրաքանչյուր փորձ: Նման դատապարտելի բառապաշար լսելիս լուռ մնալը վիրավորանք է հայ նահատակների հիշատակին, հատկապես, երբ այդ անընդունելի մեղմասացությունները հնչում են Հայոց եկեղեցու սրահներում և համայնքային կենտրոններում: Դեսպան Միլսը հավանաբար զարմացավ լսարանի բացասական արձագանքից ոչ միայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը, այլև այն կեղծ պնդմանը, թե Թուրքիան պայքարում է «Իսլամական պետության» դեմ... Ցավոք, մենք չենք կարող ակնկալել, որ յուրաքանչյուր ամերիկացի դեսպան զոհաբերի իր դիվանագիտական կարիերան ճշմարտությունը իշխանությանը ասելով, ինչպես դա արեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Նա անձնական մեծ զոհողությունների գնով համարձակորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Միացյալ Նահանգների հայկական համայնքներ կատարած նմանատիպ շրջագայության ժամանակ: Դեսպան Միլսը պետք է գնահատանքի արժանանա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բարելավմանն ուղղված իր ջանքերի համար: Սակայն, Վաշինգտոնում նրա վերադասները պետք է գիտակցեն, որ նրա լավ աշխատանքը վարկաբեկվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց խայտառակ բառախաղերով... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
2459 reads | 21.03.2016
| |