ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԹՐՔՈՒՀՈՒ ԴԻՄԱՆԿԱՐԸ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ Չնայած ամերիկահայերը ուշի ուշով հետևում են Թուրքիայի և նրա լոբբիստական ընկերությունների չարամիտ ջանքերին, սակայն նրանք հազվադեպ են ուշադրություն դարձնում փոքրաթիվ ամերիկացի թուրքերի վրա, որոնք կամ Թուրքիայի կառավարությունից վճարվելով կամ կուրորեն թյուր հայրենասիրական զգացումներից ելնելով քարոզչական գործունեություն են ծավալում... ![]() Բեյնը պնդում է, որ ATAA-ի երկար տարիների ջանքերից հետո՝ կազմակերպելով «դասախոսություններ, համաժողովներ, ծրագրեր հայկական կեղծ պնդումների մասին ԱՄՆ-ի ողջ տարածքում, 2015 թվականին [Հայոց ցեղասպանության հարյուրամյակ] նման ծրագրերն իրենց հաճախականությամբ և թափով հասան իրենց գագաթնակետին»: Նա հավելում է, որ «զգալիորեն աճել է լուրջ մտավորականների և ակադեմիկոսների թիվը, որոնք անաչառորեն ուսումնասիրում են օսմանյան ժամանակաշրջանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և հրապարակում իրենց եզրակացությունները առանց նախորդ տարիների հայկական սպառնալիքների և ահաբեկման»: Հետաքրքրական է, որ Բեյնը օգտագործում է՝ «մենք ունենք լուրջ մտավորականներ» ձևակերպումը, երբ թվարկում է ժխտողական գրողների անունները՝ Էդ Էրիքսոն, Մայքլ Գունտր, Գյունտեր Լուի, Թալ Բուենոս, Ջերեմի Սոլթ, Նորման Սթոուն, Քրիստոֆեր Գան, Մաքսիմ Գոյին և Փեթ Ուոլշ: Կոնկրետ ի՞նչ նկատի ուներ Բեյնը՝ ասելով «մենք ունենք» նրանց: Այս արտահայտությունը անշուշտ «մահացու հարված» է իրեն հարգող ցանկացած մտավորականի համար... Փակելով իր աչքերը Թուրքիայի կառավարության կողմից ամեն տարի ծախսվող միլիոնավոր դոլարների վրա՝ քաղաքական գործիչներին, լրագրողներին, հեղինակներին և այսպես կոչված մտավորականներին շահագործելու համար, Բեյնը չափազանցնում է Հայ Դատի հանձնախմբի և Հայկական համագումարի չնչին միջոցները, նրանց կեղծորեն նկարագրելով որպես «լավ ֆինանսավորված, շքեղ գրասենյակներ և մեծ աշխատակազմ ունեցող կառույցներ.... Դա անկասկած մի հսկա առևտուր է»: Բեյնը հպարտորեն հայտնում է, որ Թուրքական խմբավորումը Ներկայացուցիչների պալատում 2005 թվականի 62-ի փոխարեն այժմ ունի 151 անդամ: Ընդունելով, որ փողով քվեներ են գնվում, ինչպես Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթի դեպքում, նա պնդում է. «Մենք այնքան քվերներ չունենք, ինչպես հայկական և հունական համայնքները, սակայն կարող ենք ֆինանսական և կամավորական աջակցություն ապահովել»: Բեյնը հարձակվում է սենատոր Մենենդեսի և Ներկայացուցիչների պալատի անդամներ Փալոնեի և Փելոսիի վրա, նրանց բնութագրելով որպես «[Կոնգրեսի] անուղղելի անդամներ, որոնք շատ կարծր և թշնամական են թուրքերի հանդեպ»: Որպես վարժ քարոզչություն անող, Բեյնը նշում է, որ իր կազմակերպությունը փորձում է սիրաշահել, ես կասեի «խաբել», Կոնգրեսի անդամներին, նրանց ներկայացնելով «Հայաստանի հետ հաշտեցման պատգամ»: Որպես օրինակ, նա մեջբերում է «ATAA-ի աջակցությունը 2009 թվականի Հայ-թուրքական արձանագրություններին, հատկապես անաչառ պատմաբաններից կազմված անկախ հանձնաժողովի ստեղծմանը՝ հայ-օսմանյան հակամարտությունը ուսումնասիրելու համար»: Նրան շատ ձեռնտու է մոռացության տալ, որ Թուրքիան համառորեն հրաժարվում է վավերացնել այդ Արձանագրությունները... Ընդունելով, որ ATAA-ն հիմնադրվել է 1979 թ.-ին, այն ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Շյուքրու Էլեքդաղի կողմից, Բեյնը ակամա բացահայտում է ATAA-ի ընդարձակ քաղաքական գործունեությունը, որը խախտում է կազմակերպության ոչ շահութաբեր կարգավիճակը... Նա անխոհեմորեն կոչ է անում ATAA-ի խմբերին «դուրս գալ այն վտանգավոր մտածելակերպից, թե որպես 501-c-3 [ոչ շահութաբեր] կազմակերպություն, նրանք չեն կարող քաղաքականապես ակտիվ լինել: Այս մոտեցումը լրջորեն խոչընդոտում է մեր ջանքերին՝ վիճարկելու տարածաշրջանային հայկական ամբաստանությունները»: Բողոք պետք է ներկացնել Ամերիկայի Ներքին եկամուտների ծառայություն (IRS)՝ սահմանափակելու կամ դադարեցնելու ATAA-ի լոբբիստական գործունեությունը: Հնարավոր է, որ ATAA-ն խախտում է նաև Միացյալ Նահանգների այլ օրենքները: ATAA-ի և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան միջև հարաբերոթյունները որակելով որպես «գերազանց», Բեյնն ընդունում է, որ Վաշինգտոնում իրար հաջորդող թուրք դեսպանները մշտապես «մեծ աջակցություն» են ցուցաբերել ATAA-ին, ինչպես օրինակ «դեսպանատանը տեղի ունեցող բազմաթիվ հոյակապ դրամահավաք միջոցառումների» հովանավորումը: Թվում է, թե նա չի գիտակցում, որ իր ինքնահավան բացահայտումներով կարող է ATAA-ին լուրջ իրավական խնդրի առաջ կանգնեցնել, որը պահանջում է գրանցվել ԱՄՆ արդարադատության նախարարությունում որպես «օտարերկրյա գործակալ»: Իր եզրափակիչ խոսքում Բեյնը մեղադրում է ամերիկյան լրատվամիջոցներին՝ «կողմնակալության, Թուրքիայի մասին ցանկացած լավ լուր արգելելու, քողարկված խտրականության համար»: Այնուհետև նա հավելում է. «Լրատվամիջոցների կողմնակալությունը շատ ավելի վատթարացավ 2015 թ. ապրիլի 24-ին՝ հարյուրամյակի հայկական պահանջների ժամանակ.... Ամենայն հավանականությամբ, ևս 100 տարի կպահանջվի հակադարձելու և թյուրըմբռնումները ուղղելու համար»: Բեյնը ապարդյուն հույսեր է փայփայում, որ «առաջիկա 100 տարում հայկական կեղծիքը և քարոզչությունը կմաքրվի և երևան կգա հավասարակշռված տեսակետ հայ-թուրքական ողբերգության վերաբերյալ՝ հարգելով երկու ժողովուրդների տառապանքները և կորուստները 1915-ի ընթացքում: Ես կարծում եմ, որ հայկական ողբերգությունն այժմ այնքան է արժեզրկվել գռեհիկ քարոզչության պատճառով, որ ավելի ցած իջնելու տեղ չունի.... Ցանկալի է, որ համացանցը ի վերջո մաքրվի հայկական պահանջատիրության մասին կեղծ տեղեկատվական աղբից: Ես լիահույս եմ հաջորդ 100 տարվա համար: Հոսանքի ուղղությունը փոխվում է»: Անհրաժեշտ է, որ հայերը հակազդեն ոչ միայն Թուրքիայի կառավարության լոբբիստական քարոզարշավներին, այլև Օյա Բեյնի նման «միայնակ գայլերին»՝ առանց անցնելու բարեկրթությաև և օրինականության սահմանները... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
2969 reads | 27.01.2016
| |