ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉԴԵՌ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԿԻՐՆ ԷՐ, ՈՐ ՃԱՆԱՉԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1918-ԻՆ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ Հայոց ցեղասպանությունը հազվադեպ է քննարկվում Թուրքիայի խորհրդարանում, և ավելի հազվադեպ են դրա ճանաչմանն ուղղված հայտարարությունները: ![]() 2016 թ. հունվարի 14-ին, Թուրքիայի խորհրդարանում վերջերս ընտրված երեք հայ պատգամավորներից երկուսը իրենց խորհրդարանական ելույթներում համարձակվեցին բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդական հանրապետական կուսակցություն» (CHP) ներկայացուցիչ Սելինա Դողանը խորհրդարանում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Քանի որ այս հարցը վերաբերում է ոչ միայն հայերին, այլ նաև Թուրքիային, հետևաբար այն պետք է բարձրացնել Թուրքիայի խորհրդարանում, և ոչ թե այլ խորհրդարաններում: Հակառակ դեպքում, ամեն տարի ապրիլի 24-ին մենք շարունակելու ենք արդեն սովորական դարձած հայտարարություններ անել և շտապելու ենք մեր մտքից հանել այս թեման: Ես համոզված եմ, որ մեզանից ոչ մեկը շահագրգռված չէ դրանում: Կցանկանայի ձեզ հիշեցնել, որ 2015 թ. Էրզրումում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Թուրքիայի վարչապետը հստակ հայտարարեց, որ տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ»: ![]() Այնուհետև ելույթ ունեցավ քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը (HDP) ներկայացնող Կարո Փայլանը, որը նույնպես խոսեց Հայոց ցեղասպանության մասին. «Հարյուր տարի առաջ պետական որոշմամբ հայ ժողովուրդն արմատախիլ արվեց և բնաջնջվեց: Իմ ընտանիքը՝ պապս և նրա ընտանիքը, նույնպես տուժեց այս իրադարձություններից: Իմ պապը որբացավ՝ կորցնելով ծնողներին: Ես որբերի և սրի մնացորդների սերնդից եմ և ապրում եմ այս երկրում: Իմ ցեղը ջարդվել է»:
Փայլանի ելույթի ժամանակ խորհրդարանի որոշ պատգամավորներ բղավելով իրենց դժգոհությունն էին արտահայտում: Ծայրահեղ ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության (MHP) անդամ Բաքի Շիմշեքը զգուշացրեց. «Մենք Թուրքիայի Ազգային ժողովում ենք: Ո՛չ ոք չի կարող ասել, որ ցեղասպանություն է եղել: Այդպիսի անկրթությունն անընդունելի է»: Չնայած սա անսովոր քննարկում էր, սակայն առաջին անգամ չէր, որ Հայոց ցեղասպանության մասին հաստատող հայտարարություններ էին հնչում Թուրքիայի խորհրդարանում: 2014 թ. նոյեմբերին, HDP կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն առաջարկեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի օրինագիծ: Թունջելը կոչ արեց նախագահ Էրդողանին գալ խորհրդարան՝ Հայոց ցեղասպանությունը և այլ զանգվածային ոճրագործությունները ճանաչելու և ներողություն խնդրելու համար: Ըստ օրինագծի՝ Էրդողանը պետք է հրապարակավ կրկներ իր ներողությունը զանգվածային ոճրագործությունների վայրերից մեկում, և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակեր որպես սգո օր: Բացի այդ, խորհրդարանը պետք է ձևավորեր Ճշմարտության հանձնաժողով և բացեր պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում էին այս զանգվածային ոճրագործություններին: Վերջապես, օրինագիծն առաջարկում էր բարոյական և նյութական փոխհատուցում տալ զոհերի ժառանգներին: Զարմանալի չէ, որ Թունջելի օրինագիծը շատ արագ թաքցվեց, որպեսզի այլևս երբեք լույս աշխարհ չգա... ![]() Այս առաջարկության արդյունքում ստեղծվեց պատգամավորական քննչական հանձնաժողով՝ հավաքելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որ նկարագրում էին այն անձանց գործողությունները, որոնք պատասխանատու էին այն ժամանակվա բնութագրմամբ «Հայկական տեղահանություններ և կոտորածներ» կազմակերպելու համար: Ապացույցները փոխանցվեցին Թուրքիայի ռազմական դատարան և մեղավոր ճանաչված անձանց կախեցին կամ դատապարտեցին երկարատև ազատազրկման: ![]() 1918 թ. պատգամավորական առաջարկությունը, թուրքական ռազմական դատարանների դատավճիռները և նախագահ Քեմալ Աթաթուրքի մեղադրական խոսքերը բավարար են Թուրքիան համարելու առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը... Հետևաբար, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու փոխարեն, հայերը պետք է հատուցում պահանջեն իրենց բոլոր կորուստների համար, ինչպես 98 տարի առաջ խոստացել էր ներքին գործերի նախարար Ֆեթհի Օքյարը... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
2255 reads | 20.01.2016
| |