ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
![]() Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ ![]() Նրա ծննդյան անունն էր Անահիտ, օրիորդական ազգանունը՝ Աղաբեկյան: Դիանա Աբգարի մեծ պապը՝ Խաչիկ Առաքելը, 1760-ականներին հաստատվել էր Կալկաթայում և հայտնի եղել հայ համայնքում իր բարեգործություններով: Դիանան ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի (այժմ՝ Մյանմար) մայրաքաղաք Ռանգունում (այժմ՝ Յանգոն), բարեկեցիկ ընտանիքում: Առևտրական Հովհաննես Աղաբեկի յոթերորդ զավակն էր: 1889թ. հունիսի 12-ին, իր ժամանակակից օրիորդների համար բավական ուշ տարիքում՝ 29 տարեկանում, Անահիտ-Դիանա Աղաբեկն ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի վաճառական Մայքլ Աբգարի (Աբգար Միքայել Աբգարյան) հետ, որն առևտրական գործունեություն էր ծավալում Ճապոնիայում՝ Հնդկաստանից այնտեղ ներմուծելով մետաքս: Պսակադրությունը կատարվել է Ռանգունի Սուրբ Գրիգոր հայ առաքելական եկեղեցում: Աբգար ընտանիքին է պատկանել նաև «Աբգար լայն» շոգենավային ընկերությունը, որը մի քանի տասնամյակ շարունակ (մինչ վաճառքը բրիտանական Արևելյան Հնդկաստանի շոգենավային նավագնացության ընկերությանը 1928թ.) սեփական 13 նավերով Կալկաթայից աշխատուժ և ապրանքներ է տեղափոխել Սինգապուր, Հոնկոնգ, Ամոյ և Կոբե: Այդ շոգենավերից մեկով էլ նորապսակ զույգը՝ Միքայել և Դիանա Աբգարները, ամուսնական ճանապարհորդության են մեկնել Չինաստան, Հոնկոնգ, ապա՝ Ճապոնիա, որտեղ էլ նրանք որոշել են հաստատվել՝ բնակության վայր ընտրելով Կոբեն: Այնտեղ Աբգարները զբաղվել են Հնդկաստանից Ճապոնիա և հակառակ ուղղությամբ տարբեր ապրանքների ներկրման ու արտահանման գործով, ինչպես նաև մետաքսի վաճառքով ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև: Աբգարներն ունեցել են երեք զավակ՝ Ռոզ-Սիրվարդ (1890-1970թթ.), Մայքլ-Միքայել (1891-1968թթ.), և Ռութ-Զմրութ (1896-1985թթ.), իսկ Հովհաննես անունով երկու զավակները մահացել են վաղ հասակում: 1906թ. ամուսնու արկածամահ լինելուց հետո Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը, մինչև որդու չափահաս դառնալը: Նրանք մի մեծ առանձնատուն են ունեցել Յոկոհամայի՝ առավելապես օտարականներով բնակեցված Բլաֆ (այժմ՝ Յամատե) թաղամասում (թիվ 220A հասցեում), որի հյուրընկալ դռները բաց են եղել ինչպես օտար բարձրաստիճան անձանց, այնպես էլ խոնարհ հայ գաղթականների առաջ: Աբգարը ստանում և կարդում էր ոչ միայն հայկական և ճապոնական, այլև անգլիական, ամերիկյան և հնդկական մամուլ, նամակագրություն ուներ թագավորների, թագուհիների, երկրների նախագահների, դիվանագետների, աշխարհի քաղաքական, հոգևոր և այլ բնագավառների երևելի գործիչների հետ (ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոն, պետքարտուղար Ռոբերտ Լանսինգ, փոխքարտուղար Վիլյամ Ֆիլիփս, հումանիտար կազմակերպության նախագահ Ջեյմս Բարթոն, Խաղաղության միջազգային համաժողովի անդամներ Արթուր Սիմոնդս, Դեյվիդ Ջորդան): Ինչպես իրավացիորեն նկատել է ճապոնացի ուսումնասիրող Հիդեհարու Նակաջիման, «Դիանա Աբգարը, որը 46 տարի ապրել էր հեռու Ճապոնիայում, մեր կարծիքով, միակ հայ կինն էր, որ լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին»: 1919թ. մայիսին Դիանա Աբգարը մասնակցել է Հարբինում կայացած Սիբիրի և Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովին, որի ժամանակ նրան ընտրել են պատվավոր նախագահ: Համագումարի օրակարգի գլխավոր և կարևորագույն հարցը եղել է Հայաստանին շուտափույթ օգնություն հասցնելը. այդ նպատակով կատարվել է հանգանակություն և հատուկ պատվիրակության միջոցով ուղարկվել Հայաստան: Պատվիրակ Գրիգոր Ձամոյանը Հայաստան վերադարձի ճանապարհին Ճապոնիայում հյուրընկալվել է Դիանա Աբգարի մոտ, որը նրան է հանձնել մետաքսից պատրաստված 300 եռագույն դրոշ՝ Հայաստանի կառավարությանը հանձնելու համար: 1920թ. մարտի 7-ին Ճապոնիան ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը: Ճապոնիան դե ֆակտո ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, ինչը հեշտացրել է Դիանա Աբգարի մարդասիրական գործունեությունը և փախստականներին տրվող օգնությունը: Ճապոնիայի կողմից Հայաստանի Հանրապետության դե ֆակտո ճանաչումից հետո էլ 1920թ. հուլիսի 22-ին Դիանա Աբգարը նշանակվել է Հայաստանի առաջին հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ՝ գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում: Երևանի «Յառաջ» օրաթերթն արդեն հուլիսի 24-ին հրատարակել է Աբգարի՝ հյուպատոս նշանակվելու լուրը: Պահպանվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի նամակը Դիանա Աբգարին՝ վերջինիս պատվո հյուպատոս նշանակելու մասին. «Հարգելի Տիկին, Ինձ լավ հայտնի է, որ Ծայրագույն Արևելքում ոչ ոք չի գործել այնքան, ինչքան Դուք, մեր նորածին Հայրենիքի շահերը պաշտպանելու և մեր հայրենակիցների ծանր վիճակը թեթևացնելու համար: Նույնպես ինձ հայտնի է, որ այդ հեռու վայրերում ոչ մի հայ չունի այնքան մեծ հեղինակություն տեղացիների և մեր հայրենակիցների մոտ, ինչպես Դուք, ուստի ես Ձեզ նշանակում եմ Հայաստանի պատվավոր հյուպատոս Ճապոնիայում և հուսով եմ, որ չեք մերժի ստանձնել այդ ծանր պաշտոնը հօգուտ մեր երիտասարդ հայրենիքին: Սրա հետ միասին ուղարկվում է Ձեզ համապատասխան հավատարմագիր. վստահ եմ, որ ճապոնական կառավարության կողմից ոչ մի արգելքի չեք հանդիպի ստանալու անհրաժեշտ «exequator» (էկզեկվատուրա՝ դիվանագիտական փաստաթուղթ)»: Այս նամակի հետ մեկտեղ Աբգարին ուղարկվել է նաև ֆրանսերեն մի հավաստագիր՝ վերջինիս պատվավոր հյուպատոս լինելու վերաբերյալ: Դիանա Աբգարի հոգածությունը տարածվել է նաև Հեռավոր Արևելքի այլ երկրներում բնակվող հայերի վրա: Նրա հովանավորությունն են վայելել Սինգապուրի հայ գաղութը և 1835թ. կառուցված Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին: Նա օգնության ձեռք է մեկնել նաև Ինդոնեզիայի հայերին: 1935թ. օգնել է Ճապոնիայում համերգներով հանդես եկող քամանչահար Ռուբեն Գարախանյանին: Դիանա Աղաբեկ Աբգարը վախճանվել է 1937թ. հուլիսի 8-ին Յոկոհամայում: Թաղված է Յոկոհամայի օտարերկրացիների գերեզմանատանը, ամուսնու շիրիմի կողքին: Նրա մարմարյա տապանաքարին հայերեն և անգլերեն գրված է՝ «ՏԱՅԱՆԱ ԱՂԱՊԷԿ ԱԲԳԱՐ: «Ի վեր քան գխաւար գիշեր առ արշալոյս տուընջեան» Մեք սիրէաք զնա, Այլ Աստուած առաւելի ևս սիրեաց զնա»: «DIANA AGABEG ABCAR. October 17th 1859- July 8th 1937. Out of Earth's Shadows unto Heaven's Glorious Day. We Loved Her, but God Loved Her Best»: ![]() 2010թ. հոկտեմբերի 16-ին Յոկոհամայի քաղաքային արխիվում կազմակերպվել է Աբգար ընտանիքին նվիրված ցուցահանդես և սեմինար, որի ընթացքում ճապոնացի հետազոտուհի Միձույո Օյաման ներկայացրել է Աբգար ընտանիքի կյանքը: Միջոցառմանը մասնակցել է 64 հոգի, որոնց թվում Մայքլ Աբգարը՝ մի քանի ազգականների հետ, պատմել է ընտանեկան հուշեր: Հետագայում Միձույո Օյաման հանդես է եկել Աբգարների մասին ավելի ընդարձակ հոդվածով: Աբգար ընտանիքից Ստելա Միլերը տարիներ շարունակ պաշտոնավարել է Իրանում Ճապոնիայի դեսպանատանը: | |
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | |
1621 reads | 19.03.2020
| |