ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





Լեռնային Ղարաբաղի շուրջ հասունացող ռազմական ընդհարման հեռանկարը, իշխանության համար ծավալվող ներքին պայքարը և մի շարք այլ խորքային խնդիրներ պատճառ դարձան 1980-ականների վերջերին Ադրբեջանում իսլամական գործոնի քաղաքականացման և վերաիմաստավորման համար:

Ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծման ձգտումները դարձան Ադրբեջանի քաղաքական հայեցակարգի անկյունաքարը և մեծապես խթանեցին քաղաքական իսլամի մուտքը Ադրբեջան: Այդ երկրի քաղաքական գործիչները սկսեցին կրոնը օգտագործել որպես կապող օղակ՝ իսլամական աշխարհի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու և նրա աջակցությամբ ղարաբաղյան հակամարտությանը ադրբեջանանպաստ լուծում տալու համար: Հատկանշական են Ադրբեջանի ժողովրդական ճակատի այն ժամանակվա առանցքային դեմքերից մեկի, իսկ այժմ՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդի՝ Իսա Ղամբարի խոսքերը. «իսլամի նշանակությունը մեծ է մեզ համար, քանզի այն մեզ կապում է մուսուլմանական աշխարհի երկրների հետ»:

Անկախության առաջին տարիներից սկսած Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց սկզբում՝ Թուրքիայի, Իրանի, այնուհետև Սաուդյան Արաբիայի, Քուվեյթ, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի, Պակիստանի հետ:1991թ. դեկտեմբերի 8-ին Ադրբեջանը դարձավ առաջին հետխորհրդային իսլամական հանրապետությունը, որն ընտրվեց Իսլամական կոնֆերանս կազմակերպության լիիրավ անդամ, իսկ 1992թ. «զավթողական» քաղաքականությունը դատապարտող տարբեր ձևաչափի փաստաթղթերի ընդունման համար:

Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խարսխված էր ոչ թե կրոնական, այլ ազգային-քաղաքական խնդիրների վրա, Ադրբեջանի իշխանությունները փորձում էին նրան հաղորդել կրոնական ուղղվածություն: Դրանով նպատակ ունեին Ղարաբաղյան պատերազմի մեջ ներգրավել ողջ իսլամական աշխարհի «ջիհադի մարտիկներին»: Արդյունքում օտարերկրյա կրոնական կազմակերպությունները, բարեգործական միությունները, իսլամական ծայրահեղական կառույցները կարողացան հեշտությամբ ներթափանցել Ադրբեջան և ամրապնդվել այնտեղ՝ այդ երկիրը դարձնելով ահաբեկչության «որջ»: Այս գործընթացին նպաստեց նաև այն իրողությունը, որ 1979-1988թթ. աֆղանական պատերազմի ընթացքում ԱՄՆ հովանու ներքո ձևավորված իսլամական ահաբեկիչների և գրոհայինների խմբավորումները կարևոր մասնակցություն ունեցան հետխորհրդային տարածքում բռնկված տարածաշրջանային մի շարք կոնֆլիկտներում (հայ-ադրբեջանական, վրաց-աբխազական, ռուս-չեչենական պատերազմներ):Ղարաբաղյան պատերազմի տարիներին սկսվեց Աֆղանստանից, Պակիստանից, Թուրքիայից, Չեչնիայից վարձկան մոջահեդների մեծ հոսք դեպի Ադրբեջան՝ հայերի դեմ պայքարի կարգախոսով:

1.Չեչեն վարձկանները Ղարաբաղում
Երբ 1992թ. Աբուլֆազ Էչիբեյի գլխավորած Ադրբեջանի ժողովրդական ճակատը եկավ իշխանության, ինքնահռչակված Իչկերիայի չեչենական հանրապետության և Ադրբեջանի միջև ձևավորվեցին բարիդրացիական հարաբերություններ: 1992թ. գարնանը Ադրբեջանի իսլամական առաջնորդները, որոնց կազմի մեջ էր նաև այդ երկրի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հանդիպում ունեցան ինքնահռչակ Չեչնիայի նախագահ Ջոհար Դուդանի հետ: Երկկողմ հանդիպումների ժամանակ, բացի երկու երկրների դիվանագիտական, տնտեսական և մշակութային համագործակցության ծնդիրներից, քննարկվեցին նաև ռազմական փոխօգնության հեռանկարները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին Չեչնիայի զինված ուժերի մասնակցության հարցը, որոնց ռազմամթերքի և սպառազինության տրամադրումը ադրբեջանական կողմը վերցրել էր իր վրա: 1992թ. չեչեն գրոհայինների խումբը՝ հրամանատար Շամիլ Բասաևի գլխավորությամբ, ժամանեց Ադրբեջան, և մայիսին մասնակցեց Շուշիի, իսկ 1993թ. ամռանը՝ Աղդամի ռազմական գործողություններին: Բասաևի խմբավորումը վերջիններից էր, ով կրելով ծանր պարտություններ՝ հայերի ճնշմամբ լքեց ռազմական դիրքերը:

1994թ. ամռանը չեչեն մոջահեդների թիվը ղարաբաղյան ռազմաճակատում հասել է 2500-ի, որոնց մեծ մասը տեղակայված էր սահմանին կից՝ հարավային ճակատում: Չեչենական տորաբաժանումները ղարաբաղյան փորձը և ձեռք բերված զինամթերքը հետագայում օգտագործեցին չեչենական պատերազմների ժամանակ:

2. Աֆղան մոջահեդների դերակատարությունը

Աֆղանական մոջահեդների անմիջական ներկայությունը զգացվեց Լեռնային Ղարաբաղում և Չեչնիայում ծավալված ռազմական գործողությունների ժամանակ:Խորհրդային Միության փլուզումից հետո ալ-Քաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպությունը առաջինը Բաքվում հիմնեց իր մասնաճյուղը, որն աջակցում էր ադրբեջանցի մոջահեդներին Լեռնային Ղարաբաղի վիճելի անկլավի համար քրիստոնյա հայերի դեմ 1988-1994թթ. վարած պատերազմում: Պակիստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունների հովանավորությամբ մոջահեդների ջոկատները կրթություն էին ստանում Պակիստանում և Աֆղանստանում տեղակայված ալ-Քաիդայի հատուկ ճամբարներում՝ ողջ աշխարհով մեկ սրբազան պատերազմի տարածման համար:1993թ. հուլիսին Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Ռովշան Ջավադովի Քաբուլ այցելությունից հետո Աֆղանստանի վարչապետ, «Իսլամական կուսակցության» հիմնադիր Գուլբուդդին Հեքմաթյարը համաձայնեց տրամադրել աֆղան և արաբ մոջահեդներ՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցելու նպատակով:Հեքմաթյարին, ով աֆղանական պատերազմից հետո կորցրել էր Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությունը, ղարաբաղյան պատերազմին մասնակցությունը հնարավորություն կտար վերականգնելու ֆինանսական ռեսուրսները:

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տեղեկությունների համաձայն՝ 1993թ. սեպտեմբերին 1500 աֆղան մարտիկներ են մուտք գործել Ադրբեջան:Աֆղանների կենսապայմանները ավելի բարեկարգ էին, քան ադրբեջանցի զինվորներինը, և նրանք անցկացնում էին իրենց արձակուրդը Բաքվում և Աֆղանստանում:Մոջահեդները ապրում էին առանձին, քանի որ ադրբեջանցիները չէին հետևում շարիաթի օրենքներին, չէին աղոթում, սակայն ադրբեջանական զինվորները պահպանում էին շփումը վարձկանների հետ՝ Աֆղանստանից բերված թմրանյութի պատճառով:Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս հերքում են ռազմական գործողություններին մոջահեդների մասնակցությունը, և խնդրին հնչեղություն չտալու համար ոչ բոլոր մահացածների աճյուններն են Աֆղանստան ուղարկվել՝ թաքցնելով աֆղանցիների շրջանում իրական զոհերի թիվը:

3.Իսլամական այլ ուժերի աջակցությունն Ադրբեջանին

Հայկական առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վլադիմիր Վարտանովը փաստում է, որ բացի չեչենական ստորաբաժանումներից Արցախյան պատերազմին մասնակցել են ՈՒզբեկստանի, Տաջիկստանի իսլամական կազմակերպությունների, ինչպես նաև «Կովկասի ժողովուրդների համադաշնություն» կազմակերպության ռազմական խմբավորումները, որոնք ավելի շուտ գալիս էին ոչ թե հայերի դեմ կռվելու, այլ գործնական վարժանքների՝ ապագայում «Կովկասի էմիրաթ» ստեղծելու նպատակով:Վլադիմիր Վարտանովի վկայությամբ՝ «Այս ամենը ուներ ընդգծված հակառուսական ուղղվածության դիմագիծ՝ ԱՄՆ հովանու ներքո»: 1992թ. տեղեկատվություն ստացանք, որ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ապահովել է Իրանի տարածքով մոջահեդների փոխադրումը Ադրբեջան, ինչպես նաև ԱՄՆ հրահանգիչներն զուգահեռ ռազմական պատրաստական կուրսեր էին անցկացնում Ադրբեջանում:Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատվում է 2011թ. մայիսի 9-ին Արդեբիլում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ իմամ-ջումա այաթոլլահ Սեիդ Հասան Ամելիի հայտարարությամբ:Նա նշել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը Ադրբեջանին մատակարարել է զենք և զինամթերք, ինչպես նաև ցուցաբերել է կազմակերպչական օգնություն, այդ թովւմ՝ աֆղանցի մոջահեդների տեղափոխումը ռազմաճակատ:Շուշիի մարտերի ժամանակ Ռահիմ Ղազիևի (1992-1993թթ. Ադրբեջանի պաշտպանության նախարար) և Ռովշան Ջավադովի (1992-1994թթ. Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար) խնդրանքով ստեղծվել էր ընդհանուր ադրբեջանա-իրանական պաշտպանական շտաբ, որի շրջանակներում Թավրիզի և Արդեբիլի գեներալները օգնում էին Ադրբեջանին:Ղարաբաղյան հակամարտության սկզբնական շրջանից սկսած՝ Ադրբեջանին բազմակողմանի ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական օգնություն տրամադրած հիմնական երկիրը եղել է Թուրքիայի Հանրապետությունը:

Ղարաբաղյան պատերազմի տարիներին մուսուլմանական պետությունների, իսլամիստական և ահաբեկչական կառույցների հետ քրիստոնյա աշխարհի դեմ կնքված փոխօգնության պայմանագիրը և իսլամական համերաշխության գաղափարը մինչ օրս պահպանել է իր իրավական ուժը:ԻԿԿ անդամ երկրներից Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Բանգլադեշը, Թուրքիան որպես Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայման են առաջ քաշել ղարաբաղյան հակամարտության ադրբեջանանպաստ կարգավորման պահանջը:Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմում իսլամական վարձկանների ներգրավվումը հակասում էր համընդհանուր միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ 1977թ. Ժնևյան կոնվենցիաներին արված առաջին լրացուցիչ արձանագրությանը, 1989թ. ՄԱԿ-ի կոնվենցիային, որոնցով արգելվում է վարձկանների օգտագործումը, ֆինանսավորումը և վերապատրաստումը:Սակայն իր նման հակաիրավական քայլերի համար Ադրբեջանի Հանրապետությունը մինչ օրս չի ենթարկվել համապատասխան պատժամիջոցների:Արդյունքում զինադադարի հաստատումից հետո մոջահեդների մի մասը անարգել մնաց Ադրբեջանում, պատերազմական գոտում հաստատվեցին իսլամական տարբեր բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, ինչը պարարտ հող ստեղծեց երկրում իսլամիստական-ահաբեկչական կառույցների հաստատման համար, որոնք վայելում էին ադրբեջանական կառավարության բազմակողմանի աջակցությունը:Դրա հետևանքով Ադրբեջանը դարձավ միջազգային ահաբեկչական սարդոստայնային ցանցի գլխավոր հանգույցներից մեկը՝ սպառնալիք ստեղծելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային ղարաբաղի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1323 reads | 20.02.2020
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com