ՄԱՐՄՆԻ ԼԵԶՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
![]() Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ Երկիրը, որում ձեռքսեղմումները, համբույրներն ու գրկախառնությունները տարածում չգտան, Ճապոնիան է: Ֆիզիկական կոնտակտը Ճապոնիայում անքաղաքավարի և նույնիսկ վիրավորական է համարվում: Առաջին հանդիպման ժամանակ ճապոնացիները խոնարհում են կատարում զրուցակիցներին: Մարդը, որն ամենաբարձր դիրքն է գրավում, ընդամենը թեթևակի խոնարհում է գլուխը: Իսկ նա, ում կարգավիճակն ամենացածրն է, շատ ավելի խոր խոնարհում է կատարում: Առաջին հանդիպման ժամանակ այցեքարտերի փոխանակում է իրականացվում, այնպես որ, բոլոր մասնակիցներն անմիջապես հասկանում են միմյանց կարգավիճակներն ու կարող են որոշել իրենց խոնարհվելու խորության աստիճանը: Ճապոնիայում դուք պետք է ուշադիր հետևեք ձեր կոշիկների վիճակին: Կոշիկները պետք է լինեն նոր և անթերի մաքրված: Ամեն անգամ, երբ ճապոնացին խոնարհում է կատարում, նա ուշադրություն է դարձնում ձեր կոշիկներին: Զրուցակցին լսելու ճապոնական վարքագիծը ժպիտների, գլխով հավանություն տալու և քաղաքավարի հնչյուններ արտաբերելու անվերջ մի շղթա է, որի համարժեքն այլ լեզուներում չկա: Այդ ազդանշանների դերը զրուցակցին քաջալերելն է, որ նա շարունակի խոսակցությունը, բայց Արևմուտքի երկրների բնակիչները հաճախ դա սխալմամբ որպես համաձայնություն են ընկալում: Գլխով հավանության շարժում անելը գործնականում ամբողջ աշխարհում համաձայնություն է նշանակում: Միայն Բուլղարիայում է այն ժխտման խորհրդանիշ: Դե, իսկ Ճապոնիայում դա պարզապես քաղաքավարության նշան է: Եթե դուք այնպիսի մի բան եք ասում, ինչի հետ ճապոնացին չի կարող համաձայնվել, նա, միևնույնն է, շարունակում է գլխով անել և ասում է «այո» (ճապոներեն «հաի» ), որպեսզի դուք շարունակեք: Ճապոնական «այո»-ն նշանակում է «այո, ես ձեզ լսում եմ», այլ ոչ թե՝ «այո, ես ձեզ հետ համաձայն եմ»: Եթե դուք ճապոնացուն հարցնում եք. «Դուք համաձայն չեք, այդպես չէ՞», նա գլխով կանի և կասի. «այո», նույնիսկ եթե համաձայն չլինի ձեզ հետ: Ճապոներենում այդպիսի արտահայտությունը կնշանակի. «Այո, դուք իրավացի եք, ես համաձայն չեմ»: Ճապոնացիներն ամենից շատ մտահոգվում են սեփական արժանապատվության պահպանմամբ: Նրանք մի ամբողջ ծիսակատարություն են մշակել, որպեսզի խուսափեն անհարմար իրավիճակներից: Ձգտե՛ք չմերժել ճապոնացիներին և նրանց այնպիսի հարցեր չտալ, որոնց պատասխանները կարող են բացասական լինել: Իր իմաստով մերժմանն ամենամոտ ճապոնական արտահայտությունն այս է. «Մենք կմտածենք այդ մասին»: Իրականում այդ արտահայտությունը նշանակում է. «Մոռացե՛ք դա և տու՛ն վերադարձեք»: | |
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | |
1333 reads | 19.02.2020
| |