ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ ԵՎ ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ
![]() Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ ![]() Բրիտանիան և Ֆրանսիան սպառնացին Հիտլերին պատերազմով: Հիտլերը շտապեց հայտնել Չեխոսլովակիայի դեսպանին, որ ինքը ագրեսիվ մտադրություններ չունի: Սեպտեմբերի 15-ին Հիտլերը հանդիպեց Չեմբեռլենին (Բրիտանիայի վարչապետ) և հայտնեց նրան, որ պատերազմից կարելի է խուսափել միայն հանձնելով Սուդեթը Գերմանիային՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հիտլերը համաձայնության եկավ Լեհաստանի և Հունգարիայի հետ: Սեպտեմբերի 18-ին Լոնդոն ժամանեցին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ռազադիեն և արտաքին գործերի նախարար Ժորժ Բոննեն: Որոշվեց՝ Սուդեթի այն տարածքները, որտեղ բնակչության 50%-ից ավելին գերմանացիներ են, պետք է հանձնվեն Գերմանիային: Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները Չեխոսլովակիայի կառավարությանը փոխանցեցին այս որոշումը: Չեխոսլովակիայի կառավարությունը պատասխանեց, որ եթե գերմանացիները գրավեն Սուդեթը, կզավթեն ամբողջ Չեխոսլովակիան: Սակայն Բրիտանիան և Ֆրանսիան հայտնեցին, որ առաջարկը չընդունելու դեպքում Չեխոսլովակիան կարող է լուծել իր հարցերն ինքնուրույն: Սեպտեմբերի 21-ին Չեխոսլովակիան ընդունեց առաջարկը:(ԽՍՀՄ-ն չէր կարող գալ օգնության, քանի որ նախ ըստ պայմանագրի՝ նա կարող էր օգնել Չեխոսլովակիային, միայն եթե նրան օգներ Ֆրանսիան, և բացի այդ, խորհրդային զորքերը պետք է անցնեին Լեհաստանով, որը թշնամաբար էր տրամադրված ԽՍՀՄ-ի հանդեպ): Սեպտեմբերի 23-ին Չեմբեռլենը փոխանցեց Չեխոսլովակիային Հիտլերի նոր պահանջը. Սուդեթը պետք է օկուպացվի մինչև հոկտեմբերի 1-ը: Սակայն այս քայլը միանշանակ չընդունվեց: Ֆրանսիան հայտարարեց, որ կաջակցի Չեխոսլովակիային: Բրիտանիան հայտարարեց, որ եթե Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև պատերազմ ծագի, ինքը կսատարի Ֆրանսիային: ԱՄՆ նախագահ Ռուզվելտը և Շվեդիայի թագավոր Գուստավ 5-րդը ևս սպառնացին Գերմանիային: Սեպտեմբերի 27-ի երեկոյան Հիտլերը հայտնեց Չեմբեռլենին, որ պատրաստ է տալ Չեխոսլովակիայի անձեռնմխելիության երաշխիքը և քննարկել հարցը Պրահայի հետ: Սեպտեմբերի 29-30-ը Մյունխենում Չեմբեռլենի առաջարկով գումարվեց կոնֆերանս, որին մասնակցեցին Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի ներկայացուցիչները: Հիտլերը թույլ չտվեց մասնակցել Չեխոսլովակիայի պատվիրակությանը, վերջինս սպասում էր որոշմանը կողքի սենյակում: 1938թ. սեպտեմբերի 30-ին գիշերվա ժամը 1-ին Հիտլերը, Չեմբեռլենը, Մուսսոլինին և Դալադիեն կնքեցին Մյունխենի համաձայնագիրը, որի հիման վրա հոկտեմբերի 1-10-ը գերմանական զորքերը օկուպացրին Սուդեթի մարզը: Հոկտեմբերի 5-ին նախագահ Բենեշը հրաժարական տվեց և հեռացավ Լոնդոն: Մյունխենից հետո Գերմանիան գրավեց ռազմավարական և տնտեսական կարևոր գոտիներ և փաստորեն վերածվեց եվրոպական հեգեմոնի: Բրիտանիան և Ֆրանսիան դեռ առաջին աշխարհամարտի կաթվածի տակ էին և ձգտում էին ամեն գնով խուսափել նոր պատերազմից: ԽՍՀՄ-ն շարունակում էր մնալ որոշակի քաղաքական մեկուսացման մեջ և որպես դաշնակից չէր դիտվում: Սակայն Գերմանիան չէր պատրաստվում դրանով սահմանափակվել: Չեխոսլովակիան աշխարհաքաղաքական առավելություններ կտար Արևելյան Եվրոպայում, քանի որ թույլ կտար հարվածել և՛ Լեհաստանին, և՛ Բալկաններին: Հիտլերը որոշեց Չեխոսլովակիան զավթել առանց արյան՝ երկիրը ներսից խարխլելու միջոցով: 1937թ. մարտի 13-ին Հիտլերը իր մոտ հրավիրեց սլովական կաթոլիկների առաջնորդներ Չոզեֆ Տիսոին և Ֆերդինանդ Դուտկանսկիին, և հայտնեց, որ կաջակցի Գերմանիայի հովանու ներքո Սլովակիա անկախ պետության առաջացմանը: Մարտի 15-ին գիշերը Հիտլերը հայտարարեց Չեխոսլովակիայի նոր նախագահ Էմիլ Գախոցին, որ գերմանական զորքերը մտնելու են Չեխոսլովակիա և կոչ արեց չդիմադրել: Հաջորդ օրվա երեկոյան Հիտլերը Պրահայում էր: Սլովակիան «օգնության կանչեց» Գերմանիային, և Հիտլերի զորքերը օկուպացրին այն: Չեխոսլովակիայից անջատված Ռումինիան հանձնեց Հունգարիային: | |
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | |
1747 reads | 23.02.2020
| |