ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





Իրանի միջուկային ծրագրի և դրա հետևանքների շուրջ քննարկումը համաշխարհային քաղաքականությունում միշտ զբաղեցրել է կենտրոնական դիրք, բայց այս վեճը ավելի լարված բնույթ ստացավ 2000-ականների սկզբներին, երբ Միացյալ Նահանգները, Իսրայելը և եվրոպական որոշ երկրներ սկսեցին մեղադրել Իրանին միջուկային զենքի ծրագիր ունենալու մեջ: Իրանի միջուկային զենքի զարգացումների, դրա հետևանքների մասին արդի իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ ու կարևոր է վերլուծել Իրանի միջուկային ռազմավարության պատմությունն ու զարգացումները տարիների ընթացքում:

Իրանի շահերը միջուկային զարգացման մեջ և խաղաղ ատոմային էներգիայի ծրագրի ստեղծման ջանքերը սկսվել են 1950-ականներին Մոհամմեդ Ռեզա շահի օրոք, երբ Իրանը, որը դաշնակցում էր Արևմուտքի հետ, Սառը պատերազմի տարիներին ապավինում էր Արևմուտքի երկրների օգնությանը միջուկային տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար: Փաստացիորեն, ԱՄՆ-ն ու Իրանը 1957թ. ստորագրեցին համաձայնագիր քաղաքացիական միջուկային համագործակցության մասին՝ ուղղված ատոմային էներգիայի խաղաղ կիրառման ուսումնասիրմանը Էյզենհաուերի «Ատոմներ խաղաղության համար» ծրագրի շրջանակներում: Սա էլ իր հերթին հանգեցրեց Թեհրանում միջուկային հետազոտությունների ռեակտորի ստեղծմանը:

Այնուհետև՝ 1968թ. Թեհրանի միջուկային հետազոտության կենտրոնի բացումից հետո, Իրանը ստորագրեց միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և դարձավ 51 պետություններից մեկը, որոնք հայտարարեցին, որ ապագայում միջուկային զենք ձեռք չեն բերի: Պայմանագիրը ուժի մեջ մտավ 1970թ.՝ երկրի միջուկային էներգիայի ծրագիրը դնելով Միջազգային ատոմային էներգիայի գործակալության վերահսկողության ներքո: Այդ պահից ի վեր ՄԱԳԱՏԷ-ն, որի նպատակն էր կանխել ատոմային էներգիայի օգտագործումը ռազմական նպատակների համար, դառնում է չափազանց կարևոր դերակատար պայմանագրի իրականացման համար, որի հիմնական նպատակներն էին կանխել միջուկային զենքի տարածումը, նպաստել միջուկային էներգիայի խաղաղ կիրառմանը և հասնել զինաթափմանը:

1973թ. շահը ստեղծեց Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպություն, որը ոչ միայն զբաղվելու էր անձնակազմի վերապատրաստմամբ, որպեսզի բարձրացնի միջուկային տեխնոլոգիաների մասին ընդհանուր պատկերացումները, այլև տարբեր երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Արևմտյան Գերմանիան, Նամիբիան, Հարավային Աֆրիկան միջուկային գործարքներ կնքելու համար: Այս կազմակերպության ստեղծման արդյունքում շահը հայտարարեց իր կամքը քսան ատոմային էներգիայի ռեակտորներ, միջուկային հարստացման հաստատություն և ծախսվող ատոմային էներգիայի ռեակտորներ կառուցելու մասին: 1974թ. գերմանական ընկերությունը համաձայնեց կառուցել երկու ջրային ռեակտորներ՝ միջուկային էներգիա արտադրելու համար: Սակայն նախագիծը ընդհատվեց 1975թ. բռնկված հեղափոխության պատճառով: Բացի այդ, նույն տարվա մայիսին Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ ստորագրեց անվտանգության համաձայնագիր միջուկային զենքի չտարածման պայմանագրի երաշխիքներ մասին, որոնք թույլ էին տալիս կատարել ստուգումներ՝ համոզվելու, որ միջուկային հարստացումը խաղաղ միջուկային էներգիա ստանալու համար ուղղված չէ միջուկային զենքի ստեղծմանը: Միևնույն ժամանակ, Իրանի միջուկային ծրագրի իրական բնույթ ունենալու մասին քննարկումները տարածվեցին, և ԱՄՆ-ն սկսեց անհանգստանալ, քանի որ չնայած իր խաղաղ տեսքին, Իրանի ռազմավարությունը ներառում է միջուկային զենքի միտումներ:

Շահի միջուկային ծրագիրը հիմնված էր Իսրայելից, Իրաքից, Պակիստանից, Հնդկաստանից, ԽՍՀՄ-ից եկող պոտենցիալ միջուկային վտանգը հաղթահարելու փորձերի վրա: Շահը մի կողմից ասում էր, որ դեռ վաղ է ատոմային ռումբ ստեղծելու համար, քանի որ այն Իրանի համար առաջ կբերի մի շարք խնդիրներ, ինչպիսիք են երկրի մեկուսացումը, միջուկային տեխնոլոգիաների տրանսֆերի դադարեցումը: Մյուս կողմից էլ միջուկային զենքի առկայությունը կապահովի Իրանի գերակայությունը տարածաշրջանում՝ վերջինիս անվտանգության իրավիճակի փոփոխման դեպքում:

Սակայն 1979թ. հեղափոխությունից հետո, երբ շահի վարչակարգը փլուզվեց և իշխանության եկավ Այաթոլլա Խոմեյնին, նոր կառավարությունը հայտարարեց, որ միջուկային ծրագիրը հակաիսլամական է, և հետևաբար կասեցվեց: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն դեռևս թերահավատորեն էր մոտենում իրանական միջուկային ծրագրի զարգացումներին և որոշեց դադարեցնել 1973թ. ստորագրած պայմանագիրը, որով հարստացված ուրան էր մատակարարում Թեհրանի հետազոտական ռեակտորին: Այնուամենայնիվ, Իրան-ԱՄՆ համագործակցությունը վերջնականապես վերացավ ամերիկյան դեսպանատան պատանդների ճգնաժամով (1979թ. նոյեմբեր- 1980թ. հունվար), երբ մի խումբ իրանցի ուսանողներ, ովքեր աջակցում էին հեղափոխությանը, մտան Թեհրանում Ամերիկայի դեսպանատուն և պատանդ վերցրին 52 ամերիկացի դիվանագետների և քաղաքացիների:

Իրանական ներքին ապստամբության արդյունքում կասեցվեց միջուկային ծրագրի զարգացումը, որը շարունակվեց մինչև 1980թ. Իրան-Իրաքյան պատերազմը: Իրավիճակը փոխվեց, երբ Սադամ Հուսեյնը Իրաքում սկսեց իրականացնել միջուկային ծրագիր: Այաթոլլա Խոմեյնին էլ իր հերթին որոշեց վերսկսել իրանական միջուկային ծրագիրը՝ խնդրելով Գերմանիայի աջակցությունը՝ շարունակելու Բուշեհրի ռեակտորի շինարարությունը: Այնուհետև Պակիստանը սկսեց ուրանի հարստացման տեխնոլոգիաներ վաճառել Իրանին:

1989թ. հունիսի 4-ին Այաթոլլա Խոմեյնիի մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ Ալի Խամենեին, ով ձեռնամուխ եղավ երկրի վերականգնմանը: Ինչ վերաբերում է միջուկային ծրագրին, ապա այն ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեց շնորհիվ Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի աջակցության: 1995թ. Իրանը պայմանագիր կնքեց Ռուսաստանի ատոմային էներգիայի նախարարության հետ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել Բուշեհրի երկու ջրային ռեակտորների կառուցումը: Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքը Իրանի միջուկային ռազմավարությանը շարունակվեց, երբ 1996թ., այն բանից հետո, երբ հետախուզական ծառայությունները հաղորդեցին Իրանի՝ գաղտնի միջուկային զենք ունենալու հնարավորության մասին, ԱՄն նախագահ Բիլ Քլինթոնը ընդունեց օրինագիծ, որով սանկցիաներ էր կիրառվելու այն արտասահմանյան կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներդրումներ էին անում Իրանում և Լիբիայում: Միացյալ Նահանգների մտավախությունն այն էր, որ Իրանի միջուկային ծրագիրը կարող էր անուղղակիորեն հանգեցնել երկրում միջուկային զենքի զարգացմանը: Այս համատեքստում ԱՄՆ նախագահը 2000թ. ստորագրեց Իրանի չտարածման մասին ակտ, որը սահմանեց ԱՄՆ-ի իրավունքը՝ սանկցիաներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր նյութական օգնություն կցուցաբերեն Իրանի միջուկային զենքի ծրագրին: Սակայն, մյուս կողմից, հաջորդ տարվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Պուտինը և Իրանի նախագահ Խաթամին ստորագրեցին միջուկային և ռազմական համագործակցության համաձայնագրեր:

Իրանական միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը շարունակվեց և միջուկային զենքի զարգացման մասին մտահոգությունը հաստատվեց 2002թ., երբ իրանական ընդդիմադիր խումբը հայտնաբերեց ապօրինի միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթեր: 2003թ. ՄԱԳԱՏԷ-ն սկսեց ստուգումներ իրականացնել և ստիպել Իրանին բացահայտել իր միջուկային ծրագրի նպատակները: 2003 թվականը Իրանի հետ միջուկային բանակցությունների ընթացքում հիմնարար տարի էր: Փաստորեն, սեպտեմբերին՝ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության և ձախողման պատճառով սկսվեց ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) ներգրավվածությունը բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցությունը և՛ ՄԱԳԱՏԷ-ի, և՛ ԵՄ 3 երկրների հետ: Արդյունքում, Իրանը համաձայնվեց կամավորմ կերպով կասեցնել ուրանի հարստացման ու վերամշակման բոլոր գործողությունները: Այնուհետև շարունակվեց բանակցային գործընթացը Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, և 2004թ. Իրանը ընդունեց Փարիզի համաձայնագիրը, որը նրան հնարավորություն տվեց կիրառելու միջուկային տեխնոլոգիա խաղաղ նպատակներով, ինչպես նաև վերահաստատել միջուկային զենք ձեռք չբերելու նրա պարտավորությունը: Միևնույն ժամանակ Իրանը որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքները և թույլատրել ՄԱԳԱՏԷ-ին վերահսկել այդ կասեցումը՝ չնայած նրան, որ եվրոպացի պաշտոնյաները ուզում էին այդ աշխատանքների վերջնական, այլ ոչ թե ժամանակավոր կասեցումը: Սակայն ԱՄՆ-ն հայտարարեց իր թերահավատության մասին Իրանի խոստումների վերաբերյալ, և ԱՄՆ Պետքարտուղար Քոլին Փաուելը հայտարարեց, որ Իրանը նախկինի պես մտադրված է միջուկային զենք ձեռք բերել, այդ իսկ պատճառով ԱՄՆ հետախուզությունը մի շարք կիբերհարձակումներ իրականացրեց իրանական համակարգչային սիստեմի վրա և ՄԱԳԱՏԷ-ին ներկայացրեց իրանական գողացված notebook-ի բովանդակությունը: Այդ notebook-ը բավական մեծ քանակությամբ համակարգչային սիմուլյացիաներ և միջուկային արսենալների հատկանիշների վերաբերյալ կարևոր փորձարկումներ էր պարունակում: Ինչևէ, չնայած ԱՄՆ-ն փորձեց ապացուցել Իրանի միջուկային նպատակները այդ գողացված notebook-ի տվյալների վերլուծության միջոցով, այնուամենայնիվ, այդ տեղեկության հուսալիության վերաբերյալ որոշակի կասկածներ կային, քանի որ ամերիկացի պաշտոնյաները հրաժարվեցին տալ բացատրություններ և տրամադրել դետալներ իրանական այդ notebook-ի «ծագման» վերաբերյալ:

2005թ. օգոստոսին Իրանի խորհրդարանը կոչ արեց վերսկսել խաղաղ նպատակներով ուրանի հարստացման ուղղված աշխատանքները:Դրա հետևանքը եղավ այն, որ ՄԱԳԱՏԷ-ն դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Իրանի կողմից միջուկային զենքի չտարածման մասին երաշխիքային համաձայնագրի խախտման առիթով:Հետևաբար ՄԱԿ-ը միջամտեց՝ խնդրելով չիրականացնել որևէ գործողություն, որը կարող է վտանգի տակ դնել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, ինչպես նաև խաթարել ՄԱԳԱՏԷ-ի ստուգման գործընթացը:

2006թ. օգոստոսի 3-ին Իրանում նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ Մահմուդ Ահմադինեժադը: Նա եկավ աջակցելու Իրանի միջուկային ծրագրին հակառակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամքի՝ վերացնելու այն: 2006թ. դրությամբ լարվածությունը շարունակվում էր պահպանվել Իրանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև՝ կապված Իրան որոշման հետ՝ վերսկսելու իր միջուկային հետազոտությունները և ուրանի հարստացման գործողությունները Նաթանզում: Արդյունքում ՄԱԳԱՏԷ-ի անդամները համաձայնության եկան Իրանի միջուկային ծրագրի մասին զեկուցելու Անվտանգության Խորհրդին՝ չունենալով այդ ծրագրերի խաղաղ նպատակների վերաբերյալ վստահություն:

Հուլիսին Անվտանգության Խորհուրդը ընդունեց բանաձև՝ պահանջելով Իրանից ամսվա ընթացքում դադարեցնել ուրանի հարստացման գործողությունները և սպառնալով կիրառել պատժամիջոցներ չհպատակվելու դեպքում: Ի հակառակ դրան, Իրանի նախագահը շարունակեց միջուկային ծրագիրը՝ բացելով ծանր ջրի արտադրության գործարան, և այդ առիթով ԱՄՆ-ն հայտնեց իր մտահոգությունը, որ ծանր ջուրը կարող է օգտագործվել պլատոնիում, հետևաբար և միջուկային զենք արտադրելու համար: Արդյունքում ԱՄն նախագահը ստորագրեց Իրանի Ազատության աջակցության ակտը, որը նպատակ ուներ տնտեսական սանկցիաներ կիրառել այլ պետությունների նկատմամբ, ովքեր աջակցում էին Իրանի միջուկային ծրագրին և օժանդակում Իրանին այդ հարցում:

2007թ. մարտին և 2008թ. մարտին Անվտանգության խորհուրդը 2 բանաձև ընդունեց (1747 և 1803)՝ նպատակ ունենալով արգելել զենքի վաճառքը Իրանին և ավելացնել ֆինանսական պատժամիջոցները այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված էին Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերում:

Ի վերջո, Իրանի կողմից իր սահմաններում իրականացվող հակասական միջուկային գործողությունների պատճառով Իրանի, ԵՄ-ի, Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները փակուղի մտան, և հնարավոր չէր հասնել որևէ նշանակալից համաձայնության:2009թ. սեպտեմբերին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետախույզները հայտարարեցին իրանական ծրագրի մասին՝ նպատակաուղղված ստեղծելու ուրանի հարստացման գաղտնի գործարան լեռան ներսում, որի նպատակն էլ լինելու էր միջուկային զենքի ստեղծումը և ռումբի արտադրումը:

ՄԱԿ-ի միջուկային տեսուչները ավելի ամրապնդեցին այս թեզիսը իրենց հայտարարությամբ, որ իրենք ունեն ապացույց իրանական զինված ուժերի կողմից միջուկային մարտագլխիկներ ստեղծելու գործողությունների վերաբերյալ: Հետևաբար 2010թ.-ից Անվտանգության խորհրդի հիմնական գործողությունը պետք է լիներ Իրանի միջուկային ծրագրի դեմ նոր սանկցիաների հաստատումը, որի նպատակն էր զենքի առևտրի, Իրանի և այլ պետությունների միջև տնտեսական և առևտրային գործարքների կրճատումը:

Նույնը շարունակվեց նաև 2011թ., երբ արևմուտքը որոշում կայացրեց ընդլայնել սանկցիաները, որպեսզի նվազեցվի Իրանի ներգրավվածությունը միջազգային ֆինանսական համակարգին: Մի կողմից ԵՄ-ն որոշեց սանկցիա կիրառել ավելի քան 100 անհատների և կազմակերպությունների վրա, ովքեր ներգրավված էին Իրանի միջուկային ծրագրում:Մյուս կողմից էլ ԱՄՆ-ն սանկցիաներ սահմանեց 7 օտարերկրյա կազմակերպությունների վրա, որոնք վերամշակված նավթ էին վաճառել Իրանին և ձևավորել իր սև ցուցակը, որը ներառում էր միջուկային ջանքերի մեջ ներգրավված ընկերություններին 2012թ. մարտի դրությամբ, երբ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները փորձում էին մուտք գործել Patthis կոչվող կայքը՝ միջուկային ռումբի փորձարկումները գնահատելու համար,

Իրանը հայտարարեց, որ զբաղվում է Նաթանզում շուրջ 3000 ուրանի հարստացման մասնագիտացված գործարանների ստեղծմամբ:
2012թ. մայիսի 24-ին Բաղդադում Իրանի և P5+1-ի (ԱԽ մշտական անդամներ՝ Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) հանդիպումը Իրանի միջուկային ռազմավարության ներկայիս զարգացման շուրջ չկարողացավ նշանակալից առաջընթացի հասնել: Համաձայնության չգալու պատճառն այն էր, որ մի կողմից այս 6 պետությունները ցանկանում էին դադարեցնել Իրանում ուրանի արտադրությունը, որը հարստացել էր ընդհուպ 20% մաքրության, և դա ռումբ արտադրելու առաջին քայլն էր:Մինչդեռ Իրանը հայցում էր Արևմուտքին՝ տնտեսական սանկցիաները հանելու և ճանաչելու խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու իր իրավունքը: Ի հակառակ դրան՝ ԵՄ-ն որոշեց իրանական միջուկային սպառնալիքին պատասխանել ֆինանսական, առևտրային, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում նոր սանկցիաների կիրառմամբ: Մասնավորապես ԵՄ-ն որոշեց նավթային էմբարգո կիրառել՝ թուլացնելու համար Իրանի տնտեսությունը, որը, ի դեպ հիմնված էր հենց դրա արտահանման վրա:

Բանակցային գործընթացում տեղաշարժ եղավ Ահմադինեժադի նախագահությունից հետո միայն 2013թ. հունիսին Հասան Ռոհանին ընտրվեց նոր նախագահ, իսկ Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ նոր արտգործնախարար, ում պատասխանատվությունը դարձավ շարունակելու բանակցությունները արևմուտքի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար:
Ինստիտուցիոնալ փոփոխությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Օբաման նամակ է հղել Իրանի նոր նախագահին՝ խոստանալով Իրանի դեմ սանկցիաների մեղմացում, փոխարենը միջազգային հանրության հետ հարաբերություններում Իրանը հիմնվելու էր իր միջուկային պարտավորությունների նկատմամբ հարգանքի վրա:

Արդյունքում 2013թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ռոհանին խնդրեց ազատել սանկցիաներից և հայտարարեց, որ միջուկային զենքերը Իրանի ապագա նպատակները չեն:Բանակցություններ տեղի ունեցան նախագահ Օբամայի և Ռոհանիի միջև:Նոյեմբերին նաև Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիրը, որով երկու կողմերն էլ ընդունում էին ՄԱԳԱՏԷ-ի ստուգողական աշխատանքները:Այս կոնտեքստում բանակցությունները ավելի մոտեցրին խնդրի լուծմանը, երբ P5+1-ը և Իրանը հանդիպում ունեցան Քենովայում և սկսեցին քննարկում Իրանի միջուկային ծրագրի շուրջ, որի արդյունքում էլ 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրվեց «Համատեղ գործողությունների ծրագիրը»: Իրանը և այդ 6 պետությունները որոշում կայացրեցին 4 ամիս ժամկետով սառեցնել Իրանի միջուկային ծրագիրը ավելի մեղմացված սանկցիաների դիմաց:Բացի այդ, Իրանը պարտավորվում էր դադարեցնել ուրանի 5%-ի ավելի հարստացումը, չեզոքացնել մինչև 20% հարստացված իր ուրանի պաշարները և այլն:Այս պայմանագրից հետո բանակցությունները շարունակվեցին նաև 2014թ., բայց առանց որևէ էական առաջընթացի մինչև 2013թ. մարտի 31-ի քաղաքական համաձայանգիրը:

Այնուամենայնիվ, բանակցային գործընթացում նշանակալից բացեր էին մնացել:ՈՒստի և P5+1-ը և Իրանը որոշեցին երկարաձգել բանակցային գործընթացի վերջնաժամկետը մինչև հուլիսի 7-ը, որի նպատակն է լուծել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արագության և ժամկետի, ինչպես նաև մոնիտորինգի բնույթը:Այնուամենայնիվ, բանակցությունների ավարտը տեղի ունեցավ 2015թ. հուլիսի 14-ին, երբ կնքվեց Համատեղ գործողությունների ծրագրի մասին համաձայնագիր:Գործարքը ավարտեց Իրանի և P5+1-ի միջև 20 ամիս տևած բանակցությունները:

Վեցյակի հետ համաձայնագիրը

Միջուկային զենքի հետ ստեղծված գոլբալ ռեժիմը զարմանալիորեն կայուն է և որևէ նոր երկիր չի միացել միջուկային զենք ունեցող երկրների խմբին վերջին 25 տարիների ընթացքում:Այնուամենայնիվ, զենքի տարածման հետ կապված վատատեսությունը կրկին գլուխ է բարձրացնում:

Աճող մտահոգությունները կապված են հիմնականում Մերձավոր Արևելքի, իսկ վերջին 10-15 տարիների ընթացքում՝ հատկապես Իրանի հետ:Իրանի հետ կապված այս կասկածները հիմնված էին մի քանի գործոնների վրա՝ ներառյալ 2002թ երկու գաղտնի սարքերի բացահայտումը (կարող էին հատուկ հումք արտադրել միջուկային զենքի ստացման համար), այս ու մի քանի նմանատիպ դեպքերի հետ կապված համոզիչ հիմնավորումների բացակայությունը, ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի՝ 1981թ.-ից ի վեր թույլ տված մի շարք խախտումների բացահայտումը:

ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ անհանգստացած էին, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կդրդի Մերձավոր Արևելքի մյուս պետություններին վերանայել իրենց միջուկային կարողությունները:Այս մտահոգությունը էլ ավելի խորացավ, երբ Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավարը հայտարարեց, որ Արաբիան ձգտելու է համապատասխանել Իրանի միջուկային կարողություններին:

Մերձավոր Արևելքի միջուկային զենքի համար սկսվելիք մրցավազքը կանխելը մեծ տերությունների համար դարձավ ամենաուժեղ մոտիվացիան, որպեսզի սկսեն բանակցել Իրանի հետ այս հարցի շուրջ:Բանակցությունները տևեցին մոտ 12 տարի:
2003-2005թթ. Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ձախողվեցին և չկարողացան համոզել Իրանին կանգնեցնել ուրանի հարստացման ծրագիրը:

Բուշի նախագահության ընթացքում Ամերիկան միացավ P5+1 խմբին (Անվտանգության խորհրդի 5 անդամները + Գերմանիա) և միայն մի փոքր առաջընթաց գրանցվեց բանակցություններում: Բանակցություններում բեկումնային եղավ 2013թվականը: Սանկցիաները ավերիչ ազդեցություն էին թողնում Իրանի վրա: 2013թ. նախագահ ընտրված Հասան Ռոհանին և նրա կողմնակիցները հասկացան, որ սանկցիաներից խուսափելու համար պետք է բանակցել Վեցյակի հետ:

2013թ. նոյեմբերին կարողացան հասնել համաձայնագրի, որը կոչվում էր «Գործողությունների համատեղ ծրագիր», որը, ըստ երևույթին սառեցրեց Իրանի միջուկային ծրագիրը, թեթևացրեց Իրանի դեմ սանկցիաները և ժամանակ ստեղծեց ավելի ընդգրկուն համաձայնության հասնելու համար: Համաձայնագիրը վերջնականապես կնքվեց 2015թ.՝ կոչվելով «Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիր» (Joint Comprehensive Plan of Action):

JCPOA-ն ստիպեց Իրանին կրճատել ուրանի հարստացման ծրագիրը և ձևափոխել Արակ ռեակտորը, որոնց շնորհիվ Իրանի՝ հետագայում միջուկային զենք ստանալու նպատակով հատուկ հումք արտադրելու հնարավորությունները նվազեցին գոնե 10-15 տարով:

Համաձայնագիրը թույլ տվեց նաև, որ ՄԱԳԱՏԷ-ն միջամտող գործողություններ իրականացնի, իսկ Իրանը սրա փոխարեն ազատվեց սանկցիաներից: Բանակցությունների ամբողջ ընթացքում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ՝ հատկապես Իսրայելը և Սաուդյան Արաբիան, վերապահումներով էին մոտենում այս համաձայնությանը:Նրանք ուզում էին, որ հարստացումը արգելվի անժամկետ, այլ ոչ թե ինչ-որ սահմանափակ ժամկետով:Նրանք ասում էին, որ անգամ մոնիթորինգը չի օգնի Իրանին հեռու պահել իր ծրագրերից:Նրանք հավատում էին, որ այս համաձայնագիրը իրականում Իրանին ավելի ագրեսիվ է դարձնելու իր քայլերում:

Երբ համաձայնագիրը վերջնականապես հաստատվեց մասնակիցների կողմից, երբ Իրանն իրականացրեց միջուկային զենքի հետ կապված հիմնական պահանջները, և երբ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն կասեցրին Իրանի դեմ սանկցիաները, Մերձավոր Արևելքի երկրները ստիպված էին թուլացնել իրենց դժգոհությունը:Բայց նրանք, միևնույն է, զգուշանում էին այս համաձայնագրի հետևանքներից:

Համաձայնագիրը քննադատողները Վաշինգտոնում և այլ տեղերում նշում էին, որ համաձայնության շնորհիվ սանկցիաների դադարեցումը մեծապես նպաստելու է Իրանի տնտեսության զարգացմանը, և նրան ապահովելու է ռեսուրսներով:
Համաձայնագրի կողմնակիցները պատասխանում էին, եթե նույնիսկ համաձայնագրով որոշված ամենակարևոր սահմանափակումների ժամկետը լրանա, Իրանի գործողությունները , միևնույն է՝ սահմանափակվելու են միջուկային զենքի չտարածման պայմանագրով, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ն շարունակելու է ուսումնասիրել այս ոլորտում Իրանի քայլերը և խախտումների դեպքում նրան սպասվում են պատիժներ ընդհուպ մինչև նոր սանկցիաներ և զինված ուժի կիրառում մեծ տերությունների կողմից:

JCPOA_ի հիմնական դրույթները
Ըստ պայմանագրի Իրանը պետք է՝
1. Նվազեցներ իր ցենտրիֆուզաների քանակը հասցնելով 6100-ի, որից ոչ ավելի, քան մոտ 5000-ը կարող էին ուրան հարստացնել հետագա 10 տարիների ընթացքում
2. Սահմանափակեր ուրանի հարստացման հետազոտության և զարգացման աշխատանքները , որը գործելու էր հետագա 13 տարիների ընթացքում
3. Ընդուներ թափանցիկության և մոնիթորինգի պահանջները, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի երաշխիքների պայմանագրի և Լրացուցիչ արձանագրության ամբողջական իրականացումը
4. Չմիանար այնպիսի գործողությունների, որոնք կապված են միջուկային զենքի ստացման հետ, ներառյալ այնպիսի տեխնոլոգիաների և սարքավորումների ձեռքբերումը, որոնք կարող են օժանդակել այսպիսի գործողություններին
5. Համաձայնվեր գործիքներ ձեռք բերել իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար միայն այն աղբյուրներից, որոնք նշվում են համաձայնագրում և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձևում, որը կգործի հետագա 10 տարիների ընթացքում

Բացի այս դրույթներից, նաև Արակ ռեակտորը պիտի ձևափոխվեր, Ֆորդոու հարստացման կենտրոնը պիտի դառնար միջուկային ուսումնասիրությունների կենտրոն: Ըստ Անվտանգության Խորհրդի 2231 բանաձևի՝ նախորդ բանաձևերը սառեցվում էին , չնայած որ վերջինս հիմնականում կրկնում էր նախորդ 4 բանաձևերի հիմնաան դրույթները կապված զենքերի և հրթիռների հետ:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2017 reads | 10.02.2020
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com