ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
![]() Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ Համաժողովներն ըստ անհրաժեշտության կարող են լինել պետության ղեկավարների, կառավարության ղեկավարների և արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև այլ մակարդակի դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումներ և խորհրդակցություններ: Հին շրջանում միջազգային դիվանագիտական խորհրդաժողովներ չեն գումարվել, թեև եղել են առանձին փորձեր: Մ.թ.ա. 448թ. Աթենական պետության ականավոր ղեկավար Պերիկլեսը փորձեց հրավիրել Հունաստանի քաղաք-պետությունների՝ պոլիսների պանհելլենական կոնգրես՝ նպատակ ունենալով նրանց միավորել Աթենքի քաղաքական հովանու ներքո: Բայց այն հնարավոր չեղավ գումարել և ծրագիրը ձախողվեց: Ավելի հաջողակ գտնվեց Գայոս Հուլիոս Կեսարը, որը գալլիական արշավանքի ժամանակ (մ.թ.ա. 58-51թթ.) կարողացավ գումարել «համագալլիական կոնգրես», որին մասնակցեցին գալլիական բոլոր ցեղերի ներկայացուցիչները: Նրանք Կեսարին ճանաչեցին որպես իրենց առաջնորդ: Այդ ժամանակ Գալլիայի մեջ մտնում էին ժամանակակից Ֆրանսիայի և Բելգիայի տարածքները և Գերմանիայի տարածքի մի մասը: Միջին դարերում միջազգային դիվանագիտական համաժողովների դեր որոշ չափով կատարել են տիեզերաժողովները, որ գումարվել են Հռոմի պապի և Կոստանդնուպոլսի պատրիարքի կողմից, շատ հաճախ բյուզանդական կայսրերի հետ համատեղ կամ նրանց աջակցությամբ: Տիեզերաժողովների գումարման անմիջական նպատակները թեև եղել են կրոնական զանազան հարցեր, այդուհանդերձ, դրանց հետ միասին քննարկվել են քաղաքական, այդ թվում նաև եվրոպական պետությունների փոխհարաբերությունների հարցեր: Տիեզերաժողովներին, որ համեմատաբար կանոնավոր կերպով հրավիրվում էին 12-15-րդ դդ., շատ հաճախ մասնակցում էին եվրոպական երկրների դեսպանները, հրավիրվել են միապետեր և այլն: Դրանցից հիշատակության են արժանի Կլերմոնում (1095թ.), Լիոնում (1274թ.), Պիզայում, Կոնստանցայում և Բազելում (15-րդ դ.) գումարված տիեզերաժողովները: Նրանցում են ընդունվել քաղաքական բնույթի այնպիսի որոշումներ, ինչպես խաչակրաց արշավանք սկսելու (1095թ.) «աստվածային զինադադար » կնքելու, «աստվածային խաղաղություն» հաստատելու (13-րդ դ.), հրեաների և մահմեդականների իրավունքների սահմանափակման, քրիստոնյաների թշնամիներին ռազմական օգնություն ցույց տալու արգելման, կայսերական գահի թեկնածուի, մոնղոլներին դիմադրություն կազմակերպելու և բազմաթիվ այլ հարցեր: 15-րդ դարից սկսվում են գումարվել նաև աշխարհիկ կոնգրեսներ, որտեղ քննարկվում են զուտ քաղաքական հարցեր: Այդ բնույթի առաջին կոնգրեսներից մեկը համարվում է Լուցկում 1429թ. գումարված միջազգային կոնգրեսը, որին մասնակցում էին բյուզանդական կայսրի և դանիական թագավորի դեսպանները. Լեհաստանի թագավորը, Լիտվայի մեծ իշխանը, պապական լեգատը, Տեկտոնական օրդենի ներկայացուցիչը և այլն: Նրա նպատակն էր դիմագրավել վերահաս թուրքական վտանգը: 1435թ. հրավիրվեց միջազգային կոնգրես Առռասում, որի նպատակն էր վերջ դնել պատերազմին Անգլիայի և Ֆրանսիայի միջև: Սա ավելի ներկայացուցչական էր: Հիշատակության է արժանի նաև 1459թ. Մանտուայում կայացած կոնգրեսը: Նրա մասնակիցները Եվրոպայի կաթոլիկ պետություններն էին՝ Հռոմի պապի գլխավորությամբ: Կոնգրեսն իր առջև երկու կարևոր խնդիր էր դրել. 1. վերջ տալ պատերազմներին և հաշտություն հաստատել եվրոպական պետությունների միջև 2. կազմակերպել ռազմական արշավ Օսմանյան Թուրքիայի դեմ։ Սակայն երկու խնդիրներն էլ մնացին անկատար: Միջազգային կոնգրեսները և կոնֆերանսները որպես դիվանագիտական գործունեության նոր երևույթ ավելի լայն տարածում են ստանում և կանոնավեր կերպով գումարվում սկսած 19-րդ դարից: Եվ այսօր միջազգային դիվանագիտական կյանքն անհնար է պատկերացնել առանց պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և այլ աստիճանի դիվանագետների պարբերաբար կազմակերպվող կոնֆերանսների և այլ բնույթի հանդիպումների: Իսկ ի՞նչ տարբերություն կա կոնգրեսի և կոնֆերանսի միջև: Այժմ ընդունված տեսակետ է համարվում, որ նրանց միջև ըստ էության ոչ մի տարբերություն չկա և ամեն ինչ հանգում է ավանդույթին և որոշ դեպքերում նրանց էության ազատ մեկնաբանությանը: Կոնգրես տերմինը ավելի շատ գործածական էր 17-19-րդ դարերում: Սովորաբար այդպես էին կոչվում միջազգային դիվանագիտական այն համաժողովները, որոնց մասնակցում էին առնվազն մի քանի պետությունների ղեկավարներ կամ դիվանագիտական բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ քննարկելու գլխավորապես պատերազմի ավարտման, հաշտության պայմանների համաձայնեցման և հաշտության ստորագրման, տարածքային պահանջների կարգավորման և միջազգային կյանքի այլ կարևոր հարցեր: Կոնգրեսները սովորաբար հանրագումարի էին բերում պատերազմի արդյունքները և դրա հիման վրա սահմանում նոր քաղաքական իրավիճակ, նոր ստատուս քվո: Այդ բնույթի կոնգրեսների շարքում առաջին հերթին պետք է նշել Վիեննայի կոնգրեսը, որը գումարվեց 1814թ. հոկտեմբերից մինչև 1815թ. հունիսը: Նա անմիջապես հաջորդեց Նապոլեոն Բոնապարտի պարտությանը: Կոնգրեսը հանրագումարի բերեց նրա դեմ տարած հաղթանակի արդյունքները, Եվրոպայում հաստատեց քաղաքական նոր իրավիճակ, որտեղ պարտված Ֆրանսիան զրկվեց գլխավոր դեր խաղալուց և վճռական դերը անցավ Անգլիային, Ռուսաստանին, Ավստրիային և Պրուսիային: Վիեննայի կոնգրեսին մասնակցում էին Եվրոպայի բոլոր երկրների ներկայացուցիչները՝ 246 մարդ և այդ առումով նա իրոք ներկայացուցչական բնույթ էր կրում: Դրան նպաստում էր նաև այն հանգամանքը, որ կոնգրեսի աշխատանքներին մասնակցում էին ռուսական ցար Ալեքսանդր I-ը, Ավստրիայի կայսր Ֆրանց I-ը, Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ-Վիլհելմ III-ը: Միապետների մասնակցությունը հիմք է տվել երկար ժամանակ կոնգրես համարել միջազգային դիվանագիտական այն համաժողովը, որին մասնակցում են պետությունների ղեկավարները: Սակայն միջազգային դիվանագիտական պրակտիկայում կան բազմաթիվ դեպքեր, երբ դիվանագիտական համաժողովին չեն մասնակցել պետության ղեկավարները, սակայն նա կոչվել է կոնգրես: Այդպիսին է, օրինակ, Բեռլինի կոնգրեսը, որը կայացավ 1878թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը: Նրա աշխատանքներին մասնակցում էին Ռուսաստանի, Անգլիայի, Ավստրո-Հունգարիայի, Պրուսիայի, Օսմանյան կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Իրանի, Ռումինիայի և այլ պետությունների ներկայացուցիչներ: Նրանց թվում չկար և ոչ մի միապետ: Կոնգրես մեկնեց նաև հայկական պատվիրակությունը ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Բեռլինի կոնգրեսը հանրագումարի բերեց 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքները և վերանայեց մինչ այդ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև Սան Ստեֆանոյում կնքված հաշտության պայմանագիրը: Այդ վերանայումը, որ կատարվեց գլխավորապես Անգլիայի, ինչպես նաև Ավստրո-Հունգարիայի ճնշման տակ, անբարենպաստ եղավ բուլղարների և հատկապես հայերի համար: Ճիշտ է, Կարսը և Արդահանը անցան Ռուսաստանին, սակայն Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու հնարավորությունները գործնականում հավասարվեցին զրոյի: Բեռլինի կոնգրեսի արդյունքները ռուսական դիվանագիտության պարտությունն էր, որը չկարողացավ պահպանել և քաղաքական իրողության վերածել ռուսական զենքի հաղթանակը: Կոնգրես տերմինն այնուհետև աստիճանաբար դուրս է գալիս շրջանառությունից և 20-րդ դարում միջազգային դիվանագիտական պրակտիկայում ավելի գործածական է դառնում կոնֆերանս տերմինը: Այդպես են կոչվում 1919թ. Փարիզի համաժողովը, որտեղ ամփոփվեցին առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները և կնքվեց հաշտության պայմանագրերի մի ամբողջ շարք. ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1943թ. Թեհրանի կոնֆերանսը, 1945թ. Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսը, որտեղ հիմնվեց Միավորված ազգերի կազմակերպությունը և այլն: Կոնգրեսը իր տեղը զիջելով կոնֆերանսին, սակայն իր իրավունքները պահպանեց զանազան միջազգային ոչ դիվանագիտական հավաքների նկատմամբ՝ խաղաղասեր ուժերի համաշխարհային կոնգրես, մշակույթի գործիչների կոնգրես, երկրաբանների միջազգային կոնգրես և այլն: Աստիճանաբար մշակվեցին կոնֆերանսներ հրավիրելու և անցկացնելու կարգը, ձևերն ու մեթոդները: Կոնֆերանսներ կարող են հրավիրվել ինչպես մեկ կամ մի քանի պետությունների, այնպես էլ միջազգային որևէ կազմակերպության նախաձեռնությամբ: 1922թ. հունվարին Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան և Ճապոնիան հանդես եկան տնտեսական և ֆինանսական հարցերին նվիրված կոնֆերանս հրավիրելու առաջարկությամբ՝ Խորհրդային Ռուսաստանի մասնակցությամբ: Այդ կոնֆերանսը գումարվեց Ջենովայում 1922թ. ապրիլի 10-ից մայիսի 19-ը: Կոնֆերանսի ժամանակ գումարվում են լիագումար նիստեր, որտեղ պատվիրակությունների ղեկավարները շարադրում են իրենց պետությունների դիրքորոշումը քննարկվող հարցերի նկատմամբ, նշում պրոբլեմների լուծման ուղիները, որոշումների կատարման երաշխիքները և այլն: Հարցերի ավելի մանրազնին, մասնագիտական և առարկայական քննարկումը կատարվում է կոնֆերանսի կողմից ստեղծվող հանձնաժողովներում կամ կոմիտեներում: Հանձնաժողովների քանակը սահմանում է ինքը՝ կոնգրեսը: Միջազգային դիվանագիտական կոնֆերանսների ժամանակ կոնֆերանսի մասնակից պետություններն իրենք են որոշում նաև պաշտոնական լեզվի հարցը: Միջին դարերում, ընդհուպ մինչև 18-րդ դարը, միջազգային հանդիպումների և նրանց կողմից ընդունված փաստաթղթերի լեզուն Արևմտյան Եվրոպայում լատիներենն էր: Հետագայում, մինչև 20-րդ դարի սկիզբը լայն տարածում գտավ նաև ֆրանսերենը և միջազգային կոնֆերանսների մեծ մասի լեզուն դարձավ նա: Սակայն դա էլ երկար չտևեց: Նրան մրցակից դարձան անգլերենը, ապա նաև ռուսերենը, իսպաներենը և այլն: Իսկ քսանից ավելի արաբական երկրների դիվանագիտական զանազան հանդիպումների լեզուն, բնականաբար, արաբերենն է: 1945թ. ՄԱԿ-ի ստեղծումից հետո նրա պաշտոնական լեզուները համարվում են անգլերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենը և ֆրանսերենը, սակայն դրանք պարտադիր չեն ամեն մի կոնֆերանսի համար, մանավանդ եթե դա նեղ կազմով է անցկացվում և էթնիկական այնպիսի կազմ ունի, որ նշված լեզուներից և ոչ մեկը պիտանի չի կարող լինել: Այդ դեպքում կոնֆերանսի մասնակիցները իրենք են լուծում պաշտոնական լեզվի հարցը: Բացի կոնֆերանսի պաշտոնական լեզվից կան նաև աշխատանքային լեզուներ, որով նրա մասնակիցները կարող են հանդես գալ, բանավիճել, նախագծեր առաջարկել և այլն: Բայց միայն այդքանը: Կոնֆերանսների որոշումների ընդունման կարգը սահմանում են նրա մասնակիցները: Փոխադարձ համաձայնությամբ որոշումներ կարող են ընդունվել միաձայն, ձայների պարզ մեծամասնությամբ կամ այլ համամասնությամբ: Կոնֆերանսում ընդունված որոշումը նրա մասնակից պետության համար պարտադիր է միայն այն դեպքում, եթե նա քվեարկել է դրա օգտին: Հակառակ դեպքում նա իրավունք ունի չենթարկվելու դրան: | |
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | |
1108 reads | 27.01.2020
| |