ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐԻ ԴՈԿՏՐԻՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





Այս դոկտրինը ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ծրագիրն է Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների գործերին բացահայտ զինված միջամտություն ցույց տալու ուղղությամբ, շարադրված է 1957թ. հունվարի 5-ին կոնգրեսին հղած նախագահի ուղերձում և պաշտոնապես հռչակվել է նույն թվականի մարտի 9-ին կոնգրեսի երկու պալատների համատեղ բանաձևի միջոցով:

Բանաձևը նախագահին իրավունք է վերապահում ԱՄՆ-ի զինված ուժերն իր հայեցողությամբ օգտագործելու Միջին ու Մերձավոր Արևելքի պետություններին «օգնություն» ցույց տալու համար՝ «ընդդեմ միջազգային կոմունիզմի կողմից վերահսկվող ամեն մի երկրի ագրեսիայի»: Նախագահի ուղերձից հետևում է, որ ԱՄՆ-ն պետք է օգնություն ցույց տա և ցույց է տալիս այն քաղաքական ռեժիմներին, որոնք պատրաստ են ծառայելու ամերիկյան իմպերիալիզմին:

Վերոհիշյալի լույսի տակ պատահականություն չէ, որ ԱՄՆ-ն ամեն կարգի օգնություն է ցույց տալիս Արևելքի միապետական ռեակցիոն ռեժիմներին, որոնք հնազանդաբար ծառայում են Մերձավոր ու Միջին Արևելքում ծավալված ազատագրական շարժումների դեմ ուղղված ԱՄՆ-ի արտաքին քաղաքական կուրսին:

Էյզենհաուերի դոկտրինի տարբերակն են ամերիկյան իմպերիալիզմի արտաքին քաղաքական կոնցեպցիաները Հարավարևելյան Ասիայում: Նույն «կոմունիստական վտանգը» դրոշ դարձրած ամերիկյան իմպերիալիզմը սանձազերծեց կորեական պատերազմը և է՛լ ավելի անամոթաբար նույնպիսի պատրվակով արյունահեղ ագրեսիա է սանձազերծել Վիետնամի ժողովրդի դեմ: Ի արդարացումն ԱՄՆ-ի ագրեսիայի Վիետնամում, ամերիկյան դիվանագիտությունը հորինել է այսպես կոչված «կոմունիստական ագրեսիան հյուսիսից», որի դեմ, իբր թե, ԱՄՆ-ն հարկադրված է զենքի ուժով պաշտպանելու Հարավային Վիետնամի «ազատությունը»:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1212 reads | 19.01.2020
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com