ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
![]() Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ ![]() Պատերազմը մղվում էր Ֆրանսիայի հարավ-արևմուտքի իշխանությունների համար: Այս հողերը գտնվում էին անգլիական թագավորի իշխանության ներքո, բայց Ֆրանսիան ընդհանրապես չէր համակերպվում իրավիճակին: Պատերազմի «թեժ կետերից» էր նաև Ֆլանդրիայի շրջանը: Այս մարզի քաղաքները ձգտում էին Անգլիայի հովանու ներքո պահպանել ինքնիշխանությունը: Տնտեսական ամուր կապեր ունեցող Ֆլանդրիան պայքարում էր ֆրանսիական զավթիչների դեմ: Վերջիններիս ու անգլիացիների շահերը պատերազմի սկզբնամասում բախվեցին նաև Նորմանդիայում: Կար նաև այլ պատճառ: Անգլիայի թագավոր Էդուարդ III Անգլիացին (1312-1377թթ.), որը մայրական գծով Ֆիլիպ IV-ի (1285-1314թթ.) թոռն էր, վերջինիս որդու անժառանգ մահանալուց հետո (1328թ.) հայտարարեց Ֆրանսիայի գահի նկատմամբ իր իրավունքների մասին: Սակայն Ֆրանսիայում թագավոր ընտրվեց Կապետինգների կողմնական ճյուղի ավագ ներկայացուցիչ Ֆիլիպ VI Վալուան (1328-1350թթ.): Սրանք արդեն պատերազմի լուրջ նախանշաններ էին: Դա լավ էին հասկանում երկու կողմերն էլ: Էդուարդ III-ը սկսեց ռազմական լուրջ բարեփոխումներ: Նա արագորեն փորձում էր Ֆրանսիայի դեմ գտնել դաշնակիցներ: Նույնն էր նաև ֆրանսիական ճամբարում: Սկսվեց մի յուրատեսակ և բարդ դիվանագիտական մրցավազք, որի արդյունքում այդ ժամանակի Եվրոպայի գրեթե բոլոր ուժերը դարձան կա՛մ Ֆրանսիայի, կա՛մ Անգլիայի կողմնակիցներ: Ֆրանսիայի կողքին կանգնած էին պապերը, Ֆլանդրիայի իշխանը, որին Ֆրանսիան օգնեց քաղաքների ապստամբությունը ճնշելու հարցում, և Շոտլանդիան: Նրանց մինչև 17-րդ դարը գործուն աջակցություն են ցույց տվել ֆրանսիական թագավորները: Փաստորեն՝ Ֆիլիպ IV Գեղեցիկի (1268-1314թթ.) կնքած դաշինքը ուժի մեջ է մնացել մոտ 4 դար: ![]() 1338թ. սկսվեցին առաջին ռազմական բախումները: Անգլիական զորքերը Ֆրանսիայի հողում մեկը մյուսի հետևից պարտության էին մատնում ֆրանսիական անկանոն ու անկազմակերպ զորքերին: Բացի ռազմական անհաջողություններից, Ֆրանսիան ուներ նաև այլ խնդիրներ. դատարկվել էր գանձարանը, երկրում մեկը մյուսի հետևից բռնկվում էին ժողովրդական ապստամբություններ, պայքարը ավատատերերի միջև գնալով ուժեղանում էր: Այս ծանր վիճակից դուրս գալու համար Ֆրանսիան ստիպված էր ընդունել 1360թ. Բրետինում Անգլիայի առաջադրած ծանր պայմանները: Անգլիայի տիրապետության տակ էր անցնում Լուարայից ընդհուպ մինչև Պիրենեյներ ձգվող երկրամասը, որ կազմում էր երկրի մոտ մեկ երրորդը: Ֆրանսիան պետք է պատրաստվեր նոր ճակատամարտերի՝ սեփական հողն ազատագրելու: Կառլոս 5-րդի օրոք անցկացվեցին մի շարք բարեփոխումներ, բանակում ուժեղացվեց արդեն երևան եկած հրետանին, բարձրացվեց ընդհանուր հրամանատարի իշխանությունը: Ֆրանսիական զորավար Դյուգեկլենին հաջողվում է մինչև 70-ական թթ. կեսերը ազատագրել գրեթե ողջ Ֆրանսիան, անգլիացիների ձեռքում մնում է խիստ սահմանափակ տարածք: Կառլոս 6-րդի օրոք (1380-1422թթ.)՝ 1415թ., Անգլիայի թագավոր Հենրիխ 5-րդը մեծաքանակ զորքով ներխուժում է ֆրանսիա: Վերջինիս խիստ մասնատվածության ու անկայունության պատճառով Հենրիխ 5-րդին հաջողվեց շատ արագ հասնել նույն վիճակին, ինչպիսին 1360թ. էր: Նա պարտադրեց Կառլոս 6-րդին կնքել մի խայտառակ պայմանագիր: Դա կնքվեց 1420թ. Տրուայում: Դրա համաձայն՝ Ֆրանսիան, կորցնելով անկախությունը, դառնում էր միավորված անգլո-ֆրանսիական պետության մի մասը: Այս նոր պետության տիրակալ է հռչակվում Հենրիխ 5-րդը, որին պետք է հաջորդեր իր և ֆրանսիայի արքայադստեր զավակը՝ ապագա Հենրիխ 6-րդը: Սակայն նախապես ժառանգությունից զրկված Կառլոս 6-րդի որդի Դոֆին Կառլոսը թույլ չտվեց դա: 1422թ. անակնկալ մահացավ Հենրիխ 5-րդը, որից մի քանի ամիս անց նաև Կառլոս 6-րդը: Դոֆին Կառլոսը շտապեց իրեն հռչակել Ֆրանսիայի կայսր՝ Կառլոս 7-րդ անվամբ (1422-1461թթ.): Սակայն նորանշանակ թագավորի իշխանությունը տարածվում էր միայն երկրի կենտրոնում, հարավում և հարավ-արևելքում: Իսկ հյուսիսում և հարավում թագավոր էր հռչակվել 10 ամսական Հենրիխ 6-րդը, որի փոխարեն կառավարում էր երկիրը նրա հորեղբայրը՝ դուքս Բեդֆորդը: ![]() Կառլոս 7-րդին հաջողվում է մինչև այդ թշնամի համարվող Բուրգունդիայի դքսության հետ 1435թ. կնքել դաշինք և անգլիացիներին վռնդել նաև Փարիզից, Ռուանից, Նորմանդիայից, Բորդոյից: Անգլիացիների ձեռքում մնաց միայն Կալեն (մինչև 1558թ.): 1453թ. ավարտվեց Հարյուրամյա պատերազմը, որտեղ Ֆրանսիան պահպանեց իր անկախությունը հարյուր հազարավոր զոհերի գնով: Վերականգնվեց Ֆրանսիայի ինքնիշխանությունը: Այնուամենայնիվ, դեռ կային չլուծված հարցեր: Խոսքը վերաբերում է Բուրգունդիայի դքսությանը, որը Կառլոս 7-րդի համար համարվում էր վտանգավոր հարևան, քանզի կարող էր ցանկացած պահի սպառնալ Ֆրանսիայի անկախությանը: Սակայն Բուրգունդիայի դքսության հարցի լուծումը դրված էր Կառլոսի որդի Լյուդովիկոս XI-ի վրա: | |
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | |
1878 reads | 18.01.2020
| |