ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





Այդ մարմինը տարբեր երկրներում տարբեր անուններով է կոչվում: Աշխարհի երկրների մեծ մասում այն անվանում են արտաքին գործերի նախարարություն:Այդ գերատեսչությունն այդ անունն է կրում Գերմանիայում, Իտալիայում, Հունգարիայում, Շվեդիայում, Իրանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Սիրիայում, Սենեգալում, Տանզանիայում, Բրազիլիայում, Պերուում, Ավստրալիայում և բազմաթիվ այլ երկրներում:Նրանց ղեկավարը կոչվում է արտաքին գործերի նախարար:

Սակայն կա երկրների մի խումբ, որտեղ այդ գերատեսչությունը յուրովի է կոչվում: Մեծ Բրիտանիայում այն կոչվում է Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն, թեև առօրյա խոսակցության մեջ օգտագործում է նաև Foreign Office՝ Արտասահմանյան գրասենյակ անունը:

ԱՄՆ-ում արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող մարմինը կոչվում է պետական դեպարտամենտ, իսկ ղեկավարը՝ պետական քարտուղար: Մի փոքր այլ է այդ գերատեսչության անվանումը Շվեյցարիայում, այստեղ այն կոչվում է քաղաքական դեպարտամենտ, իսկ նրա ղեկավարը՝ քաղաքական դեպարտամենտի դիրեկտոր: Այս բնագավառում իր տարբերակիչ երանգն է մտցրել նաև Արգենտինան: Լատինամերիկյան այս երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու մարմինը կոչվում է Արտաքին հարաբերությունների և պաշտամունքի մինիստրություն: Իսկ Ֆրանսիայում, որտեղ երկար ժամանակ այդ գերատեսչությունը կոչվում էր արտաքին գործերի նախարարություն, վերանվանվեց Արտաքին հարաբերությունների նախարարություն:

Այդ գերատեսչությունը բազմիցս փոխել է իր անվանումը Ռուսաստանում: Այնտեղ արտաքին քաղաքականությամբ զբաղվող առանձին և մշտական մարմին ստեղծվել է 1549թ. Իվան Ահեղ ցարի հրամանով, և այն կոչվում էր Պոսոլոկի պրիկազ: Պյոտր I-ը 1720թ. այն վերակազմավորեց Պոսոլսկի կամ Արտաքին գործերի կոլեգիայի: 1832թ. ընդհուպ մինչև 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումը այն կոչվում էր արտաքին գործերի նախարարություն: Հեղաշրջումից և բոլշևիկների իշխանության գլուխ անցնելուց հետո բոլոր նախկին նախարարությունները լուծարքի ենթարկվեցին և նրանց փոխարեն ստեղծվեցին ժողովրդական կոմիսարիատներ: Այդ նույն սկզբունքով արտաքին գործերի նախարարությունը վերակազմավորվեց Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի: Սակայն 1946թ. կրկին ստացավ նախկին անվանումը՝ Արտաքին գործերի նախարարություն, որը 1991թ. նոյեմբերին վերանվանվեց Արտաքին հարաբերությունների նախարարություն:

Արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող հատուկ մարմին Հայաստանում ստեղծվեց 1918թ. պետականության վերականգնումից և Հայաստանի Հանրապետության կազմավորումից հետո, որը կոչվում էր Արտաքին գործերի նախարարություն:

Արտաքին գործերի հատուկ մարմինը կամ նախարարությունը ունի իր հստակ խնդիրները և գործունեության որոշակի շրջանակները: Նա մասնակցում է պետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և կուրսի մշակմանը և կառավարության քննարկմանն է ներկայացնում արտաքին քաղաքականության վերաբերյալ սկզբունքային բնույթի առաջարկություններ և որոշումներ: Նա միաժամանակ այդ քաղաքականության իրականացման գլխավոր մարմինն է: Կառավարության համապատասխան որոշումներից հետո, արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է արտաքին քաղաքականության և դիվանագիտության ամենօրյա հարցերով: Դրա մեջ մտնում են պետության ղեկավարին և կառավարությանը իրազեկ պահել աշխարհում տիրող ընդհանուր քաղաքական դրության և առանձին պետությունների հետ ծագող կարևոր պրոբլեմների ու հարաբերությունների վիճակի մասին: Նա ամենօրյա կապի մեջ է մտնում երկրում հավատարմագրված մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ընդունում է արտասահմանյան պաշտոնական պատվիրակություններ և բանակցություններ վարում նրանց հետ:

Արտաքին հարաբերությունների հատուկ մարմնի կարևորագույն խնդիրն է բոլոր պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի պատրաստումը և դրանք կառավարության քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելը՝ համապատասխան եզրակացություններով և հանձնարարականներով: Արտաքին գործերի նախարարության գործունեության մեջ մեծ տեղ են գրավում արտասահմանում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության ղեկավարումը և վերահսկումը, որն իրականացվում է պարբերաբար նրանց ուղարկվող շրջաբերականների, հանձնարարականների, կարգադրությունների, ինչպես նաև խորհրդակցությունների միջոցով:

Բացի արտաքին գործերի նախարարությունից, կան նաև պետական այլ մարմիններ, որոնց գործունեությունն առնչվում է արտաքին հարաբերությունների հետ: Դրանց շարքում առաջին հերթին պետք է նշել արտաքին առևտրի, արտաքին տնտեսական կապերի նախարարությունները, զանազան կոմիտեներ, որոնք իրականացնում են ֆինանսային, մշակութային և այլ կապեր: Սակայն այս մարմինները, ընդունված կարգի համաձայն, իրենց ֆունկցիաներն իրականացնելիս համագործակցում են արտաքին գործերի նախարարության հետ, որը բոլոր դեպքերում մնում է պետության արտաքին քաղաքականությունն օպերատիվ կերպով իրականացնող գլխավոր մարմինը:

Պատմության մեջ որպես փայլուն դիվանագետներ և առաջնակարգ արտաքին գործերի նախարարներ մտել են Շառլ-Մորիս Թալեյրանը, Կլեմենս Մետտերնիխը, Հենրի Ջոն Թեմպլ Պալմերստոնը, Կորդել Հելլը և ուրիշներ:

Թեև հայերը տևական ժամանակ պետականություն չեն ունեցել, սակայն նրանք նույնպես ունեցել են օտարի ծառայության մեջ գտնվող մի շարք փայլուն դիվանագետներ: Դրանց շարքում առաջինը պետք է նշել Նուբար Նուբարյանին, որ 19-րդ դարի 70-80-ական թթ. բազմիցս զբաղեցրել է Եգիպտոսի վարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները և խոր հետք թողել արաբական այդ երկրի քաղաքականության մեջ:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1794 reads | 08.01.2020
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com