ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ
Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի այս օրերին, բազմաթիվ եղան միջազգային արձագանգները՝ պահանջատեր հայության դարակերտ վիշտն ու ցասումը, իրավունքն ու արդար հատուցումը հարգելու եւ այդ առթիվ բարձրաձայնելու իմաստով: Այս տարի մի քանի քաղաքների ու նահանգների իրավական հաստատությունների զուգահեռ, եղան բազմաթիվ անհատ-հեղինակություններ ու քաղաքական-հասարակական գործիչներ (ընդ որում՝ թուրքեր եւ քրդեր), որոնք իրենց դատապարտության ու նվազագույնը՝ ցավակցության խոսքերն ուղղեցին ողջ հայությանը:
Որպես պահանջատիրության նոր ձեռքբերում՝ ականատեսը եղանք ԱՄՆ-ի Սենատում հայամետ սենատորների կողմից նոր բանաձեւի ընդունման փաստին եւ կարեւորը՝ Չեխիայի Հանրապետության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը (այդ կապակցությամբ Անկարայում Չեխիայի դեսպանը Թուրքիայի ԱԳՆ կանչվեց):
Հարյուրավոր քուրդ ու թուրք մտավորականների ներկայությամբ, ինչպես վերջին տարիներին, այս տարի եւս պոլսահայությունը Ստամբուլի կենտրոնում ոգեկոչեց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը:
Ցեղասպանների իրավական ժառանգորդ, ցեղասպանությունը ժխտողական քաղաքականությամբ դիմակայող եւ այժմ մենատերի վաստակով օժտված Էրդողանը նույնիսկ՝ “Առաջին Աշխարհամարտի ընթացքում տուժած հայերի ժառանգներին ցավակցեց”...
....Մեզ մոտ՝ Իրանում, սակայն, հայությունը պետական մարմինների արտոնությամբ բողոք-ցույցի դուրս եկավ թուրքական դեսպանատան առջեւ, որն, ինչ խոսք, երախտիքի արժանի է ինչպես միշտ՝ իրանահայության կողմից:
Բայցեւայնպես, ինչպես նույն դեսպանատան առջեւ օրվա պատգամաբեր, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, նույնպես եւ համահավաքի առթիվ կազմված բանաձեւը, շեշտում ու պահանջում էին Իրանի Իսլ. Հանրապետությունից ու մասնավորապես Մեջլիսից, որպեսզի վերջիններս ճանաչեն ու դատապարտեն 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը...
Մինչ այդ, սակայն, մարդկային ամենատարրական ակնկալիքից ելնելով՝ իրանահայը չարժանացավ գեթ մի սփոփիչ-ցավակցական խոսքի կամ ուղերձի ու արտահայտության, որն ուղղված լիներ եթե ոչ գործադիր, դատական ու օրենսդիր իշխանության նախագահների, թեկուզ երկրորդ-երրորդական պատասխանատուի կողմից:
Իսկ դա այն դեպքում, երբ նույն իրանահայը, իր ազգային, համայնքային ու քաղաքական տարբեր ձեւաչափերով իսկ Իրան երկրին ու ժողովրդին առնչվող ու համընդհանուր նշանակություն ունեցող ազգային, պետական, մշակութային, պատմական ու մինչեւ իսկ կրոնական արժեքների վերաբերյալ իր հարգանքն է մատուցել ու իր կողմնորոշումն է ցուցաբերել եւ դեռ ավելին՝ բարձրաձայնել է այդ մասին...:



Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ
|