ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ
Ավելի քան չորս տասնամյա անդամությունից հետո, Եվրոպայի երբեմնի ախոյան Անգլիան միակողմանի «քաղաքական ապահարզանի» հայտ ներկայացրեց նույն եվրաընտանիքին: Ընտանեկան տվյալ կաշկանդվածությունից ձերբազատվելու համարձակությունը վերագրելի է նույնինքն անգլիական ժողովրդին, որն Աշտոն-Քեմերոնային եվրոպետական իշխանապետական համակարգի տեւական դիպլոմատիային դեմ-հանդիման` հանրաքվեով արտահայտեց իր կամքը:
Գերտերությունների` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան եւ ինքը` Եվրամիության գլխավոր խաղացողների համարժեք թեր, դեմ, թե ձեռնպահ արձագանգները վկայեցին, որ քաղաքական երկրաշարժ Եւրոպայում բնութագիրը արդեն իսկ իրողական ապացույց է:
Պատճառահետեւանքային հետագա կարճատեւ ու երկարաժամկետ քաղաքա-տնտեսական իրադարձությունների մասին կանխագուշակումներից զերծ մնալով հանդերձ, սակայն, արձանագրելի են հետեւալները.
1- Անգլիացին դրսեւորեց անկախական ձգտումների իր կամքը` թեկուզեւ հարազատ, բայց Եվրաընտանեկան բյուրոկրատիկ կապանքներից ու կախվածությունից:
2- Անգլիան իր հանրաքվեով նաեւ ու մանավանդ ցուցաբերեց ազգային արժեհամակարգին վերակառչելու գիտակցված դիրքորոշում, հիասթափվելով այսպես ասած տնտեսա-քաղաքական գլոբալ-լիբերալ արհեստածին, անդեմ ու ապազգային արժեհամակարգի օրինաչափություններից:
3-Անգլիայի հանրաքվեն հենց առաջինը որպես դրական արձագանգեցին նույնինքն Եվրամիության առաջնակարգ ու դեռեւս անդամ երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Հունաստան, Իսպանիա...) ազգային կուսակցություններն ու առավել անկախ համակարգերի ձգտող ուժերը:
Ահավասիկ.
Եվրոպայի քաղաքական երկրաշարժը անխուսափելիորեն ճաքեր է տալու թե յուրային, եւ թե անդրեւրոպական ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական միջազգային փոխհարաբերությունների լայնարձակ աշխարհագրություններում..., որից էլ բխելու է ի վերջո, եթե ոչ Եվրամիության փլուզումը, բայց հաստատապես տրոհման ու փլուզման սկիզբը: