ՇՆՈՐՀԻՒ ԽԵԼԱՑԻ ԵՒ ԱՌԱՋԱԴԷՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ...
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ ![]() Հարաւկովկասի այս կամ այն հանրապետութեան տւեալ իրավիճակը վերոգրեալ շրջանակներից մէկի կամ միւսի կողմից մշտապէս, մեղմ ասած, շահարկման (դրական կամ բացասական) առարկայ է դարձել, ծառայեցնելու հէնց նոյն շրջանակների տարածաշրջանային, աշխարհա-քաղաքական թէ տնտեսական նպատակների: Վրաստանի դէպքում արեւմտամէտութիւնը թէպէտ մէկ կողմից ի չիք է դարձրել նոյն ճամբարի կողմից շահարկման ցուցանիշերը, բայց, միւս կողմից, ռուսական հակաքարոզչութիւնները ամենօրեայ ձեւաչափեր են ընդգրկում: Ադրբեջանի դէպքում սեւ PR-ից խուսափելու հզօր միջոց նաւթադոլարները կարծես թէ նախկինի ուժը կորցրել են, որով էլ արդէն ամիսներից ի վեր արեւմտեան ճամբարի մարդկային իրաւանց ու այլ կառոյցների կողմից հեղինակազրկման հոլովոյթ է ապրում, ինքչան էլ որ Բաքուն Եւրովիժենի ու Եւրոխաղերի իմիտացիաներ բեմականացնի: Եւ արդիւնքում Ադրբեջանը ինչպէս միշտ դիմում է լարախաղած քայլերի, այս անգամ արդէն ռուսամէտութեան իմիտացիաներով: ![]() Հայաստանի Հանրապետութեան դէպքում, աշխարհա-քաղաքական, թէ տնտեսական առանձնայատուկ իրավիճակից ելնելով, երկար տարիներ կոմպլիմենտար ուղղութեան որդեգրումը օգնում էր ցանկացած արտաքին հակաքարոզչութիւններն ու չարաշահումները խափանել: Ու թէեւ այժմ Եւրասիական ուղին տեղ-տեղ արեւմտաեւրոպական ճամբարի նախանձախնդրական կամ շահարկման քայլերի է մղում, սակայն, Հայաստանի նոյն առանձնայատկութիւնները օգնում են, որպէսզի զերծ մնալ տեւապէս հակաքայլերի թիրախ դառնալուց:
Ընդհանուր այս համատեքստում, ՀՀ-ի եթէ ոչ միակ, բայց գլխաւոր խոցելի կէտ-թիրախ է կարող հանդիսանալ ներքին հասարակա-քաղաքական թէ տնտեսական վատ կառավարումը, որի թարմագոյն օրինակն է այսօր էլեկտրահոսանքի սակագնի թանկացման օրինագիծը, որն էլ ռուսական մենաշնորհային մի ինչ-որ ընկերութեան ապիկար կառավարման արդիւնքում Հայաստանում յանգեցրել է քաղաքացիական անհնազանդութեան դրսեւորումների, միանգամայն բնական ու տրամաբանական: Երիտասարդական խաւերով համալրւած քաղաքացիական շարժման ու պահանջատիրութեան արգասիքն է լինելու անկասկած, նոյն վատ կառավարման արդիւնքում անարդար թանկացումների բեկանումը: ![]() Հայութիւնն ու առաւել եւս Հայաստանը իր ներքին սեփական մայդանները կարգի բերելու կամքը ինքնուրոյն դրսեւորելու ունակութիւնն ունի շնորհիւ իր խելացի ու առաջադէմ երիտասարդ սերունդների, որոնք էլ հաստատապէս գիտակցում են մեր 100-ամեայ թէ համազգային պահանջատիրութեան, եւ թէ Արցախեան պայքարի կենտրոնական մայդանները անվտանգ ու անխոցելի պահելու բարոյական պարտքն ու պարտաւորութիւնը: | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
1837 reads | 30.06.2015
| |