«ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ»-ԻՑ ԿԱԽՎԱԾ
![]() Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ քուրդ զինյալների գործողությունները, այդ թվում Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապ ունեցողները Անկարայի ղեկավարության մոտ ծայրահեղ անհանգստություն են առաջացնում։ Եվ այս անհանգստությունը աճել է ԱՄՆ-ի հակադաիշական կոալիցիայի կողմից արված հայտարարությունից հետո՝ առ այն, որ պատրաստվում են Սիրիայի հյուսիսում սահմանապահ գվարդիա ստեղծել։ Թուրքիայի պատասխանը չուշացավ։ Նախքան ռազմական գործողություններ սկսելը Անկարան բազմիցս նշել է սպասվող ներխուժման մասին՝ պատճառաբանելով ՆԱՏՕ-ի հարավային սահմանների պաշտպանությունը և Սիրիային սահմանակից Թուրքիայի անվտանգության ապահովումը ահաբեկչական խմբավորումներից։ ![]() Հիմնական ներգրավված կողմերն են Թուրքիան, Սիրիայի ապստամբները, քրդերի «ինքնապաշտպանական ջոկատները», իսկ անուղղակիորեն քաղաքական դերակատարներն են Բաշար Ասադի կառավարությունը, որը պահանջում է իշխանություն Սիրիայի այս տարածքի նկատմամբ, Ռուսաստանը՝ որպես Ասադի դաշնակից և ԱՄՆ-ն՝ Թուրքիայի և միաժամանակ քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» բարեկամը։ Չնայած հանգամանքին, որ Թուրքիան հանդիսանում է ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող Կոալիցիայի մաս, Թուրքիան միշտ դեմ է եղել քրդերի մասնակցությանը և փորձել է կանխել Սիրիայի հյուսիսային սահմաններում նրանց դիրքավորմանը։ Սակայն ի հեճուկս Թուրքիայի նման ցանկության՝ Պենտագոնը ժամանակակից զենք, զինամթերք է մատակարարում Սիրիայի հյուսիսում գտնվող ամերիկամետ ուժերին՝ նպաստելով տարածաշրջանում լարվածության կտրուկ աճին, որն էլ ամենայն հավանականությամբ Թուրքիայի հատուկ գործողությունների պատճառներից էր ։ Թուրքական կողմը հաստատել է, որ ստացել է Ռուսաստանի համաձայնությունը և ասվածի ապացույցն է այն, որ ԱՄՆ-ն նախապես տեղեկացված է եղել, ինչը չժխտեց Վաշինգտոնը։ Միջազգային հանրությունը արձագանքել է ռազմական գործողություններին։ Սիրիացիները արդեն դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով Անկարայի գործողություններին համապատասխան գնահատական տալ։ Գերմանիան զսպվածության կոչ է արել կողմերին, իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու պահանջ է ներկայացրել։ Իրանը նկատել է, որ «Ահաբեկիչների դեմ պայքարը» կարող է ակտիվացնել ահաբեկիչներին և կոչ է արել Թուրքիային անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։ ![]() Կարևոր և ուշագրավ է Մոսկվայի արձագանքը, որը բավական մեղմ էր, իսկ ռազմական գործողություններից մեկ օր առաջ ռուսական զորքի դուրսբերումը հավաստիացումն էր Թուրքիայի գործողություններում Ռուսաստանի համաձայնության։ «Ձիթենու ճյուղ»-ը կարող է որոշ հարաբերությունների բարդացման առիթ հանդիսանալ։ Մասնավորապես կարող են բարդանալ ԱՄՆ, ՆԱՏՕ Թուրքիա առանց այդ էլ բարդ հարաբերությունները, մեկ այլ դիտակետից բարդ իրադրություն է ստեղծվել ԱՄՆ-ի համար՝ պահպանել Սիրիայում իր ազդեցությունը միաժամանակ պահպանելով ռազմավարական դաշնակցին՝ Թուրքիային։ Իսկ ինչպիսի՞ հետևանքներ կունենան Թուրքիայի համար այս գործողությունները, և ինչքանո՞վ քրդերը կհամախմբվեն, գուցե և Սիրիայի հյուսիսում ստեղծեն միասնական Քրդստան, ժամանակը ցույց կտա։ Բայց հուսանք, որ աստվածաշնչյան «Ձիթենու ճյուղը» քիչ մարդկային կյանքեր կխլի։ ԱՐՄԻՆԵ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ | |
ԱՐՄԻՆԵ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ | |
1939 reads | 26.01.2018
| |