ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ






Հայաստանյան մի գիտական պատվիրակություն ժամանել էր Աթենք դասախոսություններ կարդալու տեղի հեղինակավոր համալսարաններից մեկում: Հայ գիտնականները շատ լավ ընդունվեցին, և դեսպանությունը հույն պաշտոնատարներից բավական շնորհակալական խոսքեր լսեց նրանց պրոֆեսիոնալիզմի և բարձր մակարդակի մասին: Շատ հաճելի էր, և արդեն պատրաստվում էինք ճանապարհել մեր գիտնականներին, երբ հեռախոսազանգը գուժեց վատ լուրը: Գիտնականներից մեկը վերջին դասախոսության ժամանակ գիտակցությունը կորցրել էր և շտապ օգնության մեքենայով համալսարանից  տեղափոխվել հիվանդանոց:
 
Ճշտելով հասցեն, շտապ մեկնեցի հիվանդանոց: Երբ տեղ հասա, ինձ իսկույն ընդունեց գլխավոր բժիշկը՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ անում են մարդուն ոտքի կանգնեցնելու համար, նշանակել էին բազմաթիվ անալիզներ, ուսումնասիրություններ, շրջապատել էին հոգատարությամբ և բազմաթիվ բժիշկներով: Ասացին, որ ծանր դեպք է, սակայն առնվազն մեկ շաբաթից  ոտքի կկանգնեցնեն, քանի որ գիտակցությունն արդեն վերականգնվել է: Այցելեցի հիվանդ պրոֆեսորին: Մարդը մի փոքր վախեցած էր, սակայն լսելով առնվազն մեկ շաբաթ հիվանդանոցում մնալու մասին, ավելի վատ զգաց, հայտնելով, որ ընդամենը ուշաթափություն էր ունեցել, քանի որ նախորդ օրվա հունական առատ հյուրասիրությունից հետո բեռնաթափման օր էր իրականացրել և մի ամբողջ օր ոչինչ չէր կերել:
 
Երբ զրուցում էինք, եկավ բուժող բժիշկը մի գիրուկ պարոնի հետ, որը ներկայացրեց բուժման ծախսերը: Մի աստղաբաշխական գումար: Հայ գիտնականն ավելի վատ զգաց, սակայն հիշելով, որ գործուղման մեկնելուց առաջ միջազգային պարտադիր ապահովագրության համար որոշակի գումար էր մուծել, հանգստացավ: Խնդրեցին բերել ապահովագրության հավաստագիրը: Իսկույն մեկնեցի հյուրանոց և բերեցի փաստաթուղթը: Պարզվեց այդ ապահովագրությամբ պետք է կանխիկ վճարվեր անհրաժեշտ գումարը, հետո արդեն Երևանում այն կարող էր հետ ստացվել ապահովագրական գրասենյակից: Բնականաբար պրոֆեսորն այդքան առձեռն գումար չուներ: Այսինքն՝ բավական թանկ արժեցած ապահովագրությունն ընդամենը թղթի կտոր էր:
 
Գիրուկը համակ քաղաքավարությամբ վստահություն հայտնեց, որ Հայաստանի դեսպանությունը կարող է վճարել պահանջվող գումարը, հետագայում ապահովագրական ընկերությունից այն հետ ստանալու պայմանով: Ուր էր թե դեսպանությունն այդքան գումար ունենար: Ամսվա վերջ էր, և անհամբեր սպասում էինք աշխատավարձին:
 
Ինչևէ, հույն պաշտոնյաների աշխատաոճն արդեն ծանոթ էր և շատ էր հիշեցնում մեր տեղական բյուրոկրատներին: Անցա հարձակման՝ նշելով, որ մեր քաղաքացին հիվանդանոց է հասցվել շտապ օգնության մեքենայով, ինչը նախատեսում է անվճար սպասարկում, նշանակվել են բազմաթիվ անալիզներ, որոնց պիտանելիությունը դեռ անհրաժեշտ է պարզել, դեսպանությունն իր նախընտրած հիվանդանոցն ունի, ուր կարող ենք տեղափոխել հիվանդին: Ինձ միացավ նաև մեր պրոֆեսորը, որը պահանջեց դուրս գրել իրեն հիվանդանոցից, քանի որ արդեն միանգամայն առողջ է, հաջորդ օրը Երևանի չվերթն էր, իսկ մի քանի օր անց նա պետք է ելույթ ունենար միջազգային չափազանց կարևոր գիտաժողովում:
 
Գիրուկը տխրեց և բուժող բժշկի, ապա նաև հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ կարճատև ու բուռն քննարկումներից հետո, որից ինձ հասավ “միևնույն է սրանք վճարող չեն” արտահայտությունը, համաձայնեց դեսպանության պատասխանատվությամբ դուրս գրել հիվանդին և թռիչքի թույլտվություն տալ: Այս անգամ մտատանջվելու հերթն իմն էր, փաստորեն ինձ վրա էի վերցնելու մարդու կյանքի անվտանգության պատասխանատվությունը: Պրոֆեսորը, լսելով մեր բանակցությունների համառոտ թարգմանությունը, ոգեշնչվեց և արդեն ինձ առաջարկեց պարտավորություն ստորագրել, որ ինքն իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Վիրավորվեցի, սակայն նա հավաստիացրեց, որ իսկապես առողջական խնդիր չունի և խնդրեց շուտափույթ իրեն ազատել հիվանդանոցային գերությունից:
 
Իմ անձնական պատասխանատվությամբ դուրս գրեցին, վերադարձանք հյուրանոց, ուր չափազանց անհանգստացած մեզ էր սպասում գիտնական դասախոսների խումբը: Լավ քեֆ արեցինք ու հաջորդ օրը ճանապարհեցինք մեր գիտնականներին:
 
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
3244 reads | 16.06.2016
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com