ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՉԿԱՏԱԿԵԼ ՉԻՆԱՑՈՒ ՀԵՏ, ՉԴԻՊՉԵԼ ՆՐԱՆ (ՄԱՍ ՏԱՍՆԵՐՈՐԴ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Բոլորովին այլ է պատկերը Չինաստանում կամ չինացիների հետ: Միանշանակ խորհուրդ է տրվում այստեղ խուսափել ամեն տեսակի կատակներից, անեկդոտներից, սուր արտահայտություններից: Ասել, որ չինական իրականությունում բացակայում է հումորը, կլիներ պարզունակ մոտեցում նման հարուստ և բազմադարյան մշակույթի նկատմամբ: Այստեղ անեկդոտը, խրատալի պատմությունը և սուր խոսքն ունեն պատմական բնույթ, վերաբերում են անցյալի անվանի գործիչներին: Այնպես որ հարկ է զգուշանալ դրանք «տեղափոխել» ներկա ժամանակներ և ոչ մի դեպքում չկատակել քաղաքական գործիչների հասցեին` լինի չինական, թե օտարերկրացի: Մեր կայքի այցելուները հավանաբար հիշում են «Մարդկային հաղորդակցության գաղտնիքներում» անհատի ինտիմ, անձնական, պաշտոնական և սոցիալական տարածքի կամ զոնայի մասին մեր հոդվածները: Այնտեղ ասվում էր, որ արևմտյան և ամերիկյան մշակույթներում այդ տարածքն անհամեմատ մեծ է, քան արևելյան ու ասիական ժողովուրդների մեջ: Չինացիների պաշտոնական զոնան անհամեմատ փոքր է` մինչև 15 սմ, որը եվրոպացու ինտիմ տարածքն է: Եվ երբ չինացին ընդհուպ մոտենում է նրան ու շնչում երեսին և հետն էլ համառորեն խոսում, ամենևին չպետք է կարծել, որ կատարվածն ագրեսիայի արտահայտություն է: Չինական մշակույթը ենթադրում է շատ մոտ շփում, և բնազդաբար հետ ընկրկելը նա կարող է մեկնաբանել որպես հաղորդակցությունից խուսափելու ցանկություն: Իսկ եթե դուք ձեր հերթին «մտնեք չինացու քիթը», միայն կօգնի նրա հետ արագ և հաջող «լեզու գտնելուն»: ![]() Չինացիների մոտիկից շփվելու սովորույթից ելնելով` կարելի է կարծել, որ հաղորդակցությանը կօգնի նաև նրանց դիպչելը կամ թեթևակի հպվելը (տակտիլ կոնտակտ), որը մեծապես նպաստում է այլազգերի անհատների շփմանը: Սակայն այստեղ գոյություն ունի միանգամայն հակառակ երևույթը: Այնպես որ չինացիների հետ հաղորդակցվելիս, չկատակելուն զուգընթաց, երբեք չի կարելի թփթփացել ուսին, բարևելիս ափը պահել ափի մեջ, բռնել ձեռքը, դիպչել արմուկին կամ ծնկին: Դա կարող է դիտվել որպես ծայրաստիճան անկրթություն, անգամ վիրավորանք: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2431 reads | 17.09.2013
| |