![]() Արտակարգ և լիազոր դեսպան
Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիայի համար վճռական դեր են խաղացել Ուինստոն Չերչիլի ռադիոելույթները: Լսելով պրեմիեր-մինիստրին` մարդիկ քաջալերվել են, հուսադրվել` առանց նրան տեսնելու: Արդյո՞ք տաղանդավոր քաղաքագետը կունենար նույն հաջողությունը, եթե հայտնվեր հեռուստաէկրաններին, այսինքն` մարդիկ նրա խոսքը և ժեստերը միաժամանակ լսեին, տեսնեին ու համադրեին:Կամ, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Նիքսոնի և Քենեդիի ընտրապայքարն ընթանում էր մամուլի և ռադիոյի միջոցով, հաղթելու հավանականությունը Նիքսոնի կողմն էր, իսկ երբ նրանք հանդես եկան հեռուստատեսությամբդրությունը 180 աստիճանով փոխվեց, և Քենեդին հաղթեց: Ինչու՞մն է գաղտնիքը: Գաղտնիքը նրանում է, որ Քենեդին բացի հմուտ հեռետոր լինելուց տիրապետում էր ժեստերի լեզվի նրբություններին ու հնարներին: Իսկ Նիքսոնը ելույթների ընթացքում պերճախոս և համոզիչ խոսելով հանդերձ, մնում էր պրկված և ամուր ‹‹կառչած››ամբիոնից: Իր իսկ խոստվանությամբ, ընտրական կամպանիայի ժամանակ ինքն ավելի շատ ուշադրություն էր դարձնում խնդրի բովանդակությանը, քան` ձևին: 1960-ական թվականներին, երբ հեռուստատեսությունը նոր-նոր էր դառնում ապրելակերպի բաղադրիչ, մարդկանց համար կատարյալ հայտնություն Նիքսոնի և Քենեդիի բանավեճի ժամանակ լսածի և տեսածի տարբերությունը: Ավելի քան կես դար առաջ տեղի ունեցած նախընտրական կամպանիան Արևմուտքում հետաքրքրության մեծ ալիք բարձրացրեց մարմնի լեզվի նկատմամբ: Մասնագետների կարծիքով, Քենեդիից հետո հռետորական արվեստի և մարմնի լեզվի համադրության նոր բարձունքների հասան Ռոլանդ Ռեյգանը և Մեծ Բրիտանիայի պրեմիեր-մինիստր Դէվիդ Քէմերոնը: Սակայն մարմնի լեզվի հնարավորություններն անսահման են: Այսօր էլ այդ ասպարեզում լինում են բացահայտումներ, որոնք զարմանք են պատճառում: Ոչ վերբալ հաղորդակցությունը կարևոր տեղ է գրավում առաջատար երկրների հասարակական-քաղաքական պրակտիկայում և մշակույթում: Պետական գործիչներին, հատկապես, կառավարության ղեկավարներին քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ոչ վերբալ շփումների այնպիսի ձևեր, որոնք օգնում են նրանց հասարակության աչքին երևալ մարդասեր, ազնիվ, համեստ, ճշմարտախոս: Թե ում և որքանով է դա հաջողվում` այլ հարց է: Մասնագետներըմարմնի լեզվի վրա աշխատում են նույն լրջությամբ, որքան` ‹‹շեֆերի›› ելույթների վրա: Ջորջ Բուշի 1988 թ. նախընտրական կամպանիայի ժամանակ ‹‹Նյուսուիկ›› տպագրեց մասսայական ինֆորմացիայի գծով նրա խորհրդական Ռոջեր Այլազի հետևյալ սկանդալային արտահայտությունը. ‹‹Դուք (դիմելով Բուշին Ա.Ն.) կրկին թափահարում եք Ձեր անճոռնի ձեռքերը, ասես ողորմելի հոմոսեքսուալիստ լինեք››: Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական մշակույթում շատ թույլ է կամ բացակայում է ոչ վերբալ հաղորդակցության միջոցների կիրառումը` ներառյալ երկրի ղեկավար գործիչների կողմից: Երեք նախագահների քաղտեխնոլոգները, ցավոք, անտեսել են մարմնի լեզվի հնարավորությունները պետության լիդերների համապատասխան իմիջ ստեղծելու գործում, որից վերջիններս, պարզապես , տուժել են: Ի սկզբանե մի կարևոր դիտողություն: Ուսումնասիրելով մարմնի լեզուն և այն կիրառելով պրակտիկայում ես խորհուրդ չէի տա գերագնահատել հաղորդակցության այս ձևը: Ոչ էլ թերագնահատել: Մարմնի լեզուն նշանակություն և բովանդակություն է ստանում, դուք այն կարող եք ճիշտ վերծանել, եթե գոնե թռուցիկ ծանոթ եք հաղորդակցության թեմային, մշակույթը, որի արեալում գտնվում եք կոնտակտի պահին: Ոչ-ոք այդպես էլ չի կազմել ժեստերի հավաստի բառարան: Այնպես որ մարմնի լեզվի վերաբերյալ մասսայական գրականությունը, հարկ է կարդալ անվստահության որոշակի չափով: Մեր հայրենակից Լոս Անջելեսի համալսարանի պրոֆեսոր Ալբեր Մեհրաբյանը նույն 60-ականներին արեց մի հայտնագործություն, որը նախ զարմացրեց ամենքին, հետո բոլոր տեսաբանների կողմից ընդունվեց որպես ոչ վերբալ հաղորդակցության տեսության աքսիոմա: Ինչպես տեսնում եք այս դիագրամի հաղորդակցության բաղադրիչներն ունեն հետևյալ հարաբերակցությունը. ոչ վերբալ հաղորդակցությունը կամ մարմնի լեզուն-55%, ձայնային հաղորդակցությունը` այսինքն ձայնի բարձրությունը, տեմբրը, արագությունն ու առոգանությունը -38%, վերբալ կամ խոսքային հաղորդակցությունը` ընդամենը-7%: Ըստ այս դիագրամի, ոչ վերբալ հաղորդակցությունը զուտ մարմնի կամ ժեստերի ‹‹համր››լեզու չէ: Դրան գումարվում է ձայնային հաղորդակցությունը, որը կազմում է ընդհանուր կոնտակտների 38%-ը: (Հաղորդակցության այդ տեսակն ուսումասիրող գիտությունը կոչվում է պարալինգվիստիկա): Մնում է հաղորդակցության մի չնչին մասը` 7 %, որը բաժին է ընկնում խոսքին: Իսկ գիտակցական կյանքի ընթացքում, որքա՞ն ժամանակ է մարդը ծախսում հաղորդակցության նշված երեք տեսակների յուրացման համար: Այսպես, խոսքը`այսինքն լեզուն, որը կազմում է հաղորդակցության 7%-ը, ուսուցման համար պահանջում է մեր ժամանակի 95%-ը, ձայնային հաղորդակցությունը (38%)` 4-5%-ը, իսկ մարմնի լեզուն, որը հանդիսանում է կոնտակտների հիմնական մասը` 55%-ը, խլում է մեր ժամանակի 0-1% , ինչ էլ ապացուցում է, որ ժեստերը հիմնականում ծնվում են մարդկանց հետ և ձեռքբերովի չեն:
Մարդաբան Ռեյ Բրեդվիստելը եկել է այն եզրակացության, որ մարդը միջին հաշվով օրվա ընթացքում խոսում է ընդամենը 10-11 րոպե, իսկ նախադասության տևողությունը միջին հաշվով կազմում է 2,5 վայրկյան:Եթե դուք չեք կարողանում վերծանել ոչ վերբալ հաղորդակցության լեզուն, ապա տասը խոսքից ընկալում եք ընդամենը երեքը: Այնպես որ հաղորդակցության վերջնական արդյունքը կախված է նրանից, թե ինչ ենք տեսնում, այլ ոչ թե ինչ եք լսում: Սակայն հասկանալ, թե ինչ է ասում մարդը ժեստերի և ազդանշանների ձևով դառնում է պրոբլեմատիկ, եթե հաշվի առնենք, որ որոշ մասնագետների կարծիքով, նրա մարմինն արձակում է մինչև տասը միլիոն (!) ազդանշան: Այն, ինչը մենք անվանում ենք վեցերորդ զգայարան կամ ինտուիցիա, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարմնի լեզուն կարդալու և այն խոսքային լեզվի հետ համեմատելու ու ճիշտ վերծանելու ունակություն: Ուժեղ ինտուիցիայով օժտված անձինք բոլորովին անծանոթ մարդկանց մասին ‹‹հոտառությամբ›› գուշակություն անելիս հասնում են մինչև 80 % ճշգրտության: Նրանք անսխալ մեկնաբանում են մարմնի լեզուն, հասկանում են մարդու էությունը, անշուշտ` ապավինելով նաև հավանականության տեսությանը: Շառլատանների և բախտախնդիրների կողքին, որոնք այս հարցում շահարկում են մարդկանց վստահությունը, իրոք կան տաղադավոր մարդիկ, ինչպես, օրինակ, հռչակավոր Վոլֆ Մեսինգն էր իր ապշեցուցիչ պայծառատեսությամբ և կանխագուշակությամբ: Նրա խորհուրդներից օգտվում էր Ստալինը: Անժխտելի է Վանգայի երևույթը: Շատ մեծ մտածողներ են կարևորել ոչ վերբալ հաղորդակցության կարևորությունը անձի ճանաչման գործում: ‹‹Մարդու խոսքից կարելի է տեսնել, թե ինչ անուն է նա ուզում վաստակել, իսկ թե ինչ է նա իրենից, իրոք, ներկայացնում կարելի է գուշակել միայն նրա դիմախաղի, ժեստերի և մարմնի շարժումների միջոցով››,- այսպես է ասել գերմանացի մեծանուն դրամատուրգ ֆրիդրիխ Շիլլերը: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
10396 reads | 05.07.2017
| |